«Մերկապարանոց հայտարարություններ են»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ 2018-ին ղարաբաղցիների դեմ շարժում էր ծավալվել:
Հակոբյանի խոսքով՝ երբ ասում է, որ դա հակաղարաբաղյան շարժում էր, պետք է ինչ-որ ապացույցներ լինեն. «Ես էլ կարող եմ օրինակ ասել, որ իր կառավարման տարիները հակաղարաբաղյան կառավարում էր, որովհետեւ այդ տարիների ընթացքում որեւէ լուրջ խոշոր ներդրում Արցախում տեղի չունեցավ»: Լրագրողների դիտարկումներին՝ ներդրում չի՞ եղել Ղարաբաղում, Վարդենիս-Քաշաթաղ ճանապարհը հիշեք՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Կարող էր շատ ավելին լիներ»:
Երեկվա հարցազրույցում Սերժ Սարգսյանը կասկածի տակ դրեց, որ հնարավոր է 5 մլրդ դոլար Նիկոլ Փաշինյանին էլ են առաջարկել ու եղել է դավադրություն: Հրաչյա Հակոբյանը արձագանքեց. «Ե՞վ: Որեւէ տեղեկություն չունեմ 5 մլրդ-ի մասին»:
Կարդացեք նաև
Հարցին՝ իսկ դուք գիտե՞ք, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է հանձնել, այլ Կարեն Կարապետյանին, Հրաչյա Հակոբյանը արձագանքեց. «Ներողություն, այդտեղ էլ պետք է հարցնեմ: Ե՞վ: Ուզում եմ հասկանալ, թե ինչ էր ուզում ասել»: Բացատրեցինք, որ դա նշանակում է՝ ինքը չէր կարող այդ աստիճան սխալվել եւ արկածախնդիրների հանձնել իշխանությունը՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Հա՜: Հա, շատ լավ: Չէր կարող այդքան սխալվել, հա»:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին՝ Հրաչյա Հակոբյանն ասաց. «Իսկ ի՞նչ պետք է անեինք, գնայինք այն բանակցությունների ճանապարհով, որով գնացել է Սերժ Սարգսյա՞նը: Իհարկե, վատ ժառանգություն ենք ստացել»: Հակոբյանի համար հարց է առաջանում՝ եթե բանակցում էին, որ 7 շրջանները պետք է վերադարձվեին, ինչո՞ւ էին գալիս այստեղ ու ասում՝ «ոչ մի թիզ հող»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ