Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Մարգարյան․ «4.7 մագնիտուտով երկրաշարժերի հետցնցումները կարող են տեւել 10-20 օր․ արդեն գրանցվել է 110 հետցնցում»

Փետրվար 16,2021 13:38

«Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք ապրում ենք սեյսմոակտիվ գոտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր։ Տվյալ դեպքում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որը միջին ուժգնության է, այն հարում է երեւանյան խզվածքին, որը որեւէ առնչություն չունի գեոլոգիական կամ այլ զենքի կիրառման հետ, քանի որ դա հայտնի մեր օջախներից է, որն արտացոլվում է ե՛ւ նախորդ, ե՛ւ այս նոր սպասվող սեյսմակայունության նորմերի քարտեզում, որպես վտանգի գոտի։ Փարաքարի 1937 թվականի երկրաշարժը նույնպես հարում էր այդ խզվածքին»,-այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում ասաց սեյսմոլոգ, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանը։

Նա հավաստիացրեց, որ այն, ինչ տեղի է ունեցել՝ բնական երեւույթ է, ունենք հետցնցումային սեյսմիկ ակտիվություն, ընդ որում, նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր է լինի այնպիսի ուժգնության հետցնցում, որը բնակչությունը կզգա․«Ենթադրում ենք, որ դրա մագնիտուտը կլինի մայր ցնցումից ավելի թույլ, այդպես եղավ նաեւ երեկ։ Շորժայում եւս եղավ հետցնցում։ Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժի հետցնցումային ակտիվությունը տեւել է երեք տարուց մի քիչ շատ, մոտ հազար օր։ Նման ուժեղ երկրաշարժերի համար դա բնական է։ Իսկ 4.7 մագնիտուտի համար, կախված մի քանի գործոններից, դա կարող է տեւել մինչեւ 10-20 օր, բայց գնալով մարում է։ Այս պահին ունենք 110 հետցնցում, որից որոշները զգացել են Երեւանում, ունեցել ենք նաեւ 0.1 մագնիտուտով հետցնցումներ, շատերը չեն զգացվել»։

Պարոն Մարգարյանն ասաց, որ շենք-շինությունների սեյսմիկ անվտանգության ստուգումները իրենց ՊՈԱԿ-ի դաշտում չեն, բայց օրինակ բերեց դպրոցները, որտեղ թեեւ կան տարհանման քարտեզներ, սակայն շատ դպրոցների երկրորդ դուռը մշտապես փակված է լինում, իսկ այդ երկրորդ դուռը տարհանման ժամանակ կարեւոր ելքն է դպրոցից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728