Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Քաղաքականության ու աշխարհաքաղաքականության իմացության այս մակարդակո՞վ է Էդմոն Մարուքյանը հավակնում ՀՀ վարչապետի թեկնածու լինել». 168.am

Փետրվար 16,2021 12:59

Երեկ ծավալուն հարցազրույցով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցազրույցի առաջին հատվածի հիմնական թեման Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային պրոցեսներն էին: ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ինքը երբեք «ոչմիթիզական» չի եղել, կողմ է եղել փոխզիջումային տարբերակին, ասաց, որ քննարկվել է շրջանների վերադարձի 5+2 բանաձևը, ըստ որի՝ 5 շրջանները վերադարձվում էին Ադրբեջանին, Քարվաճառն ու Քաշաթաղը մնում էին մեր վերահսկողության ներքո, իսկ Արցախը ստանում էր անկախ պետության կարգավիճակ:

Այս առնչությամբ Էդմոն Մարուքյանի գրառման (ի դեպ, նույն հարցադրումները Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո բարձրացրել էին մերձիշխանական որոշ քաղաքական վերլուծաբաններ) հարցադրումների պարզաբանման խնդրանքով 168.am-ը դիմեց 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին:

Վերջինս նախ ասաց, որ Էդմոն Մարուքյանի գրառումը իրեն մի հին խորհրդային անեկդոտ հիշեցրեց մի վրացու մասին, ով հայտնի «Հրաշքների դաշտ» հեռուստախաղն էր խաղում և վերջում ասում է՝ խաղացի, բայց հարցը չհասկացա: «Իրականության մեջ տպավորություն ունեմ, որ Էդմոն Մարուքյանը 1.5 ժամ դիտել է նախագահի հարցազրույցը, բայց չի հասկացել այն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը կարմիր թելով անց էր կացնում այն գաղափարը, որ բանակցությունների տրամաբանությունն իր օրոք կառուցվել է մեկ գերակա նպատակի ու կարմիր գծի վրա, որ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և ինքը բանակցել է՝ գերակայություն տալով ոչ թե նրան, թե ինչ ենք վերադարձնելու, այլ, թե ինչ ենք ստանալու դրա դիմաց:

«Արդյո՞ք միտումնավոր է Էդմոն Մարուքյանը խեղաթյուրում նախագահի հարցազրույցը: Արդյո՞ք նա իրոք չի հասկացել, որ բանակցությունների տրամաբանությունը եղել է Արցախի կարգավիճակի երաշխավորման և միջազգային երաշխիքներ ստանալու հարցը: Կարծում եմ՝ մեծ ջանք պետք չէր գործադրել՝ հասկանալու համար, որ այս տեսակ բանակցություններով մենք ստանալու էինք Արցախի Հանրապետության կարգավիճակ կամ միջանկյալ կարգավիճակ, որը նրա «Դե ֆակտո +» կարգավիճակն էր լինելու՝ իր բազմաթիվ առավելություններով, և փաստացի, ինչպես նաև երեկ Ալիևն էր ասել, հայկական հավերժական տիրապետմամբ Քաշաթաղի և Քարվաճառի վրա, կամ ստանալու էինք Արցախի վերջնական կարգավիճակ՝ որպես անկախ պետություն: Իրոք, զարմանալի է, որ պարոն Մարուքյանի համար մի քանի ՀԷԿ-երը, որոնք մնալու էին այդ տարածքներում, ավելի կարևոր են, քան Արցախի Հանրապետության անվտանգության և վերջնական կարգավիճակի հարցերը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց նաև, որ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյան կապիտուլյանտի համեմատ՝ ցանկացած վարչապետի թեկնածու կարող է ընդունելի լինել, բայց հարցը, այդուհանդերձ, իրեն մտահոգում է:

«Քաղաքականության ու աշխարհաքաղաքականության իմացության այս մակարդակո՞վ է Էդմոն Մարուքյանը հավակնում ՀՀ վարչապետի թեկնածու լինել: Չէի կարծում, որ երբևէ կարիք կլինի բացատրել ԱԺ ոչ իշխանական պատգամավորի, որ մինչև Արցախի հարցի վերջնական կարգավորումն Արցախի տարածքների զարգացման, տնտեսական առաջընթացի, աշխատատեղերի ապահովման, բյուջեի համալրման խնդիր պետք է լուծվեր։ Եվ տնտեսական խնդիրների լուծումը, այդ թվում՝ ազատագրված շրջաններում, հենց այդ նպատակն ունեին»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728