Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքի ժամանակ միջադեպ էր գրանցվել։
Անհայտ մի անձ, մոտենալով Վարդանանց արձանախմբին, ձու էր նետել հանրահավաքի կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, որն էլ դարձել էր ծեծկռտուքի պատճառ։ Հանրահավաքի մասնակիցները, վազելով նրա հետևից, Աբովյան ճեմափողոցում բռնել էին, գետին գցել ու մի լավ «դաս տվել»։ Եվ մինչ ոստիկանները պատ էին կազմել՝ ծեծվողին պաշտպանելու համար ու կանխել էին միջադեպի զարգացումը, ցուցարարները հասցրել էին ձու շպրտողի շորերը պատռել։ Ըստ ականատեսների, նրա քթից արյուն էր հոսել։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն Aravot.am-ին տեղեկացրեց՝ մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ փետրվարի 15-ին ժամը 19․10-ի սահմաններում Վարդանանց հրապարակում «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ձու է շպրտել անծանոթ մի քաղաքացու ուղղությամբ։ Դրանից հետո անծանոթ քաղաքացին ծեծի է ենթարկել իրեն։
Նյութեր են նախապատրաստվում, քաղաքացուն տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով, ծեծի ենթարկվածը 1989 թվականին ծնված երիտասարդ է, որը ծնունդով Ազատան համայնքից է, սակայն բնակվում է Գյումրիում։
Հանրահավաքի կազմակերպիչ՝ «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանը միջադեպի հետ կապված Aravot.am-ի հետ զրույցում ասաց․
«Բոլորիս էլ պարզ է, թե ում ձեռագիրն է։ Սա նախապատրաստված սադրանք էր, հանրահավաքի որոշ մասնակիցներից տեղեկացանք, որ դեռևս նախօրեին էին նախապատրաստել։ Երբ հարցրել են՝ ինչո՞ւ խաղաղ հանրահավաքի ժամանակ նման միջադեպ հրահրեցիր, ասել է՝ դուրս չէր գալիս՝ ինչ էին խոսում։ Դուրդ չէր գալիս, դու էլ խոսեիր, արտահայտվեիր, քեզ հուզող հարցերին պարզաբանում ստանայիր։ Հանրահավաքում տասնյակից ավելի քաղաքացիներ արտահայտեցին իրենց կարծիքը։ Ու բոլորը հասարակ քաղաքացիներ էին, ոչ թե քաղաքական ուժեր։
Դուրդ չեկավ, ձվերով պատրաստված տնից եկե՞լ էիր, հա՞։ Էլի եմ կրկնում՝ դուրդ չէր գալիս, խոսեիր, ասեիր, որ ձեր պես չեմ մտածում, ոչ թե սադրեիր»։
Ծեծկռտուքի մանրամասները՝ «Ցայգ» հեռուստաընկերության տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ