Բաց նամակ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին 2
Ձեր լռությունն անհասկանալի է
Եվրոպական արժեքների «վթարը» Հայաստանում
Հայաստանի անկախացումից ի վեր մենք Ձեզ դիտարկել ենք որպես վստահելի գործընկեր։ Մենք կարծում էինք, որ Ձեզ համար միջազգային մարդասիրական սկզբունքներն ու մարդու իրավունքները գերակա արժեքներ են։ Որ դրանք զուտ դեկլարատիվ բանաձևեր չեն, և որ դրանց կոպտագույն խախտումները կարժանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին։ Բայց 44 օրյա պատերազմը և հետպատերազմյան զարգացումները վկայեցին, որ քաղաքական շահերն ու նախապատվությունները երբեմն մոռանալ են տալիս համամարդկային արժեքները, որոնց Դուք պարբերաբար հղում եք անում Ձեր զեկույցներում, ելույթներում և որոշումներում։
44 օր, առանձին բացառություններով, մենք լսում էինք վերացական կոչեր, դատապարտումներ և մտահոգություններ՝ ուղղված երկու կողմերին, լսում էինք կոչեր՝ առանց ագրեսորի հստակ մատնանշման։ Մենք համոզվեցինք, որ արժեքները, որ քարոզել եք, իրավունքները, որոնց պաշտպանության մասին խոսել եք, զրո արժեք ունեն հենց Ձեր համար։
Խաղաղ բնակչության տեղահանում
Կարդացեք նաև
Դուք լուռ էիք, երբ մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվեցին ավելի քան 100000 խաղաղ բնակիչ, անօթևան դարձան շուրջ 40000 մարդ՝ զրկվելով իրենց տներից, անձնական իրերից, կենսական տարրական պայմաններում ապրելու հնարավորությունից և այլ իրավունքներից: Խախտվեցին հազարավոր մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Ադրբեջանական զինված ուժերի հարձակումների հետևանքով պատերազմի ընթացքում կրթությունից զրկվեց դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30000 երեխա: Վնասվեց և ավերվեց 12 մանկապարտեզ և 71 դպրոց: Դուք լուռ էիք, երբ ռմբակոծվեցին հիվանդանոցներն ու բնակելի շենքերը, եկեղեցիներն ու մշակութային արժեքները։ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվեց 72 քաղաքացիական անձ, այդ թվում` դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում: Վիրավորում ստացավ 163 խաղաղ բնակիչ։ Նրանցից շատերը ձեռք բերեցին հաշմանդամություն, խեղվեց առողջությունը ողջ կյանքի համար: Ձեր անտարբերությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին՝ լինել ավելի դաժան, ավելի սանձարձակ, ավելի անկառավարելի։ Հետևանքները տեսնում ենք մինչ օրս։
Հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականություն
Ադրբեջանում միջազգային հանրության անտարբերության պայմաններում երկար տարիներ է, ինչ շարունակվում է հայատյացության կազմակերպված քաղաքականությունը։ Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները հայ ժողովրդի մասին բացահայտորեն խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության, ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով, հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի բացահայտ կոչեր, այդ թվում՝ դա անում են երկրում հանրային ճանաչում ունեցող ու նույնիսկ իրավապաշտպան ներկայացող անձինք։ Կա՞ արձագանք միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների կողմից՝ ոչ։
Պատերազմական հանցագործություններ
Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կատարել են պատերազմական հանցագործություններ։ Նրանք կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Արգելված զինատեսակներով ավերվել են խաղաղ գյուղեր ու քաղաքներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, հիվանդանոցներ ու մշակութային կենտրոններ:
Խաղաղ բնակիչները ենթարկվել են խոշտանգումների ու դաժանությունների, ինչը դրսևորվել է բացառիկ ցինիզմով ու տեռորիստական մեթոդներով՝ կյանքի, առողջության, արժանապատիվ վերաբերմունքի, սեփականության ու շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումներով:
Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ օգտագործվել է հրկիզող զինատեսակներ։ Զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում (օրինակ՝ Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում) անտառները գտնվել են բնակավայրերին անմիջականորեն մոտ և քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնասեն հասցրել։ Այդ զինատեսակները ունեցել են զանգվածային ոչնչացման բնույթ, պարունակել են քիմիական տարրեր,առաջացրել են զանգվածային հրդեհներ։ Այդ զինատեսակի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով։ Սակայն 21-րդ դարում այդպիսի զինատեսակի կիրառման մասին լռեց ողջ միջազգային հանրությունը։ Դուք աչք փակեցիք նաև Ադրբեջանի կողմից ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործման փաստի դեմ։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ ևս ազատ է լինելու իր գործողություններում, քանի որ որևէ համարժեք արձագանք նրա գործողություններին չհետևեց։
Անմարդկային վերաբերմունք զինվորականների և խաղաղ բնակչության նկատմամբ
44 օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցան ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու վիրավորների կանխամտածված սպանություններ, ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք։ Պատերազմի ավարտից անցել է երեք ամիս, բայց մենք դեռ սպասում ենք գերիների փոխանակմանը կամ վերադարձին: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանություններին ներվում է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը։ Արդյունքում արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այս ընթացքում շարունակվում է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։ Դուք նույնիսկ անարձագանք թողեցիք Human Rights Watch-ի զեկույցը, որտեղ արձանագրվել էր, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների, և որ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են նաև տեսանյութերը, որոնք հոկտեմբերից լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Վստահ եմ Դուք էլ եք տեսել, Դուք էլ եք սարսռել դաժանությունից։ Բայց լռել եք։
Այս ամենը չարժե մեկ Նավալնի
Եվրոպական արժեքներն ու համամարդկային իրավունքի գաղափարները վթարի ենթարկվեցին Հայաստանում։ Բայց դուք չլռեցիք, սակայն, երբ Ռուսաստանում ձերբակալվեց ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Ձերբակալմանն անմիջապես արձագանքեց ԱՄՆ պետդեպարտամենտը՝ կոչ է անելով ազատ արձակել Նավալնիին, արձագանքեցին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, եվրոպական մի քանի երկրների ԱԳ նախարարներ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ԵՄ-ից պահանջեց արձագանքել Նավալնիի ձերբակալությանը։ Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին հայտարարեց Նավալնիին ԵԽ հրավիրելու պատրաստակամության մասին, իսկ Չեխիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ մտադիր է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդում բարձրացնել ռուս ընդդիմադիր գործչի ձերբակալությունից հետո պատժամիջոցների հարցը:
Դրան զուգահեռ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը: Փոխարենը վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին։ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության հիմքով՝ ԵՄ-ից պահանջելով «անհապաղ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի ավարտմանը, ինչպես նաև խստացնել Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումները:
Եթե քաղաքական շահը համընկնում է, ապա մեկ Նավալնին ավելի արժեքավոր է, քան ԵԽԽՎ անդամ պետության՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատունը, օրերի ընթացքում հարյուր հազարավոր խաղաղ բնակչության տեղահանությունը, խաղաղ մարդկանց գլխատումը, արգելված զենքերի համատարած կիրառումը և այլն ։
Այս ամենի ֆոնին Ձեր լռությունը չի հասկացվում։ Ձեր լռությունը տարօրինակ է։ Այս նույն տրամաբանությամբ Դուք այսօր պետք է ոչ միայն լուռ հետևեիք ընթացող գործընթացներին, այլև պետք է աջակցեիք մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդասիրական նորմերի պահպանմանը։ Իսկ թե ինչ միջոցներով և եղանակներով, Դուք շատ լավ գիտեք։
Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ
2012-2017թթ. ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ