Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները մեզ արհեստական օրակարգերով են սնում, փորձում են մեզ մանր-մունր տեխնիկական հարցերով առաջ տանել, որտեղ մոռացվում են ամենակարևոր խնդիրները. Թևան Պողոսյան. «Փաստ»

Փետրվար 16,2021 11:24

Այսօր մեր առջև առկա ամենաառաջին խնդիրն անվտանգությունն է և դրանից բխող բոլոր մարտահրավերները: «Փաստի» հետ զրույցում ընդգծեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակին, քաղաքական ու բարոյահոգեբանական ճգնաժամերին, խոսել նաև անհրաժեշտ օրակարգերի մասին:

«Անվտանգության մեջ մտնում են ինչպես ռազմական, տնտեսական, սոցիալական, կրթական, ֆինանսական, առողջապահական բաղադրիչները, այնպես էլ բարոյահոգեբանական կոմպոնենտը: Այս բոլոր մարտահրավերները մերն են, ոչ ոք դրանք չի չեզոքացրել, և ոչ ոք չի գալու ու մեր փոխարեն չի լուծելու դրանք: Մենք ազգային օրակարգ չունենք, մենք մեր ազգային երազանքն ենք կորցրել: Դրա հիման վրա էլ այսօրվա գործող իշխանությունները փորձում են մեզ ինչ-որ մանր-մունր տեխնիկական հարցերով առաջ տանել, որտեղ մոռացվում են ամենակարևոր խնդիրները, որոնք այսօր պետք է ձևակերպենք և իրագործենք: Սա ամենացավալի կողմն է, որն ունենք»,-ասաց Թ. Պողոսյանը՝ հուսալով, որ, այնուամենայնիվ, ապագայում հասարակությունն իր ուշադրությունը կսևեռի ամենակարևոր խնդիրների վրա:

«Պարտված իշխանությունները մեզ որևէ բանով չեն կարող ոգեշնչել, որ ըստ այդմ էլ փորձեն առաջ տանել: Դրա համար էլ պետք է հեռանան, որ կարողանանք հակաճգնաժամային ինչ-որ մի ինստիտուտ ձևավորել, որը կզբաղվի վերոնշյալ մարտահրավերների և ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ: Իսկ քաղաքական դաշտում քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն ազգային օրակարգի և ազգային երազանքի ձևակերպմամբ, որ կարողանանք նորից ուշքի գալ ու ոտքի կանգնել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հանրային դաշտին ու վերոնշյալ մարտահրավերին համարժեք վարքագիծ դրսևորելու խնդրին՝ Թ. Պողոսյանը նկատեց. «Իրականության մեջ, իմ պատկերացմամբ, մենք այլ բաներով ենք զբաղված: Առաջնայինը թողած՝ գների բարձրացում, որևէ մեկին ինչ-որ պաշտոնի նշանակել-չնշանակելն ենք քննարկում, դեսպան ուղարկել-չուղարկելն ու նման շատ երկրորդական, երրորդական հարցեր ենք քննարկում, ինչը մեծագույն խնդիրներից մեկն է: Իրական խնդիրները թողած՝ արհեստական օրակարգերով ենք զբաղված: Ցավոք, գործող իշխանությունները մեզ ոչ թե իրական, այլ արհեստական օրակարգերով են սնում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728