Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները ցանկանում են քաղաքական ազդեցություն ունենալ բարձրագույն կրթության և գիտության ողջ համակարգի վրա. Ատոմ Մխիթարյան. «Փաստ»

Փետրվար 16,2021 10:38

Օրերս Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկելիս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց՝ առաջարկում են ԵՊՀ-ին տալ հատուկ կարգավիճակ։

ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու հարցին «Փաստի» հետ զրույցում անդրադարձավ նաև կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը: Նա նշում է՝ որևէ մեկն այս պահին չի կարող պատասխանել հարցին, թե ինչ է սա նշանակում։ «Այս պահին դա ուղղակի դեկլարատիվ բնույթ ունի։ Թե հետո դրա տակ օրենսդրական ինչպիսի ակտեր կընդունվեն, և այդ հատուկ կարգավիճակն ինչպես կդրսևորվի, ապագան ցույց կտա։ Կարևոր է, որ հետագայում չխախտվեն հավասար մրցակցային պայմաններն ուրիշ բուհերի հետ։ ԿԳՄՍ նախարարի այն պնդումը, թե մայր բուհը ստեղծել է պետությունը և այն պետք է էական մասնակցություն ունենա դրա կառավարման մեջ, ծիծաղելի է, քանի որ պետությունը հիմնադրել է նաև մյուս բուհերը։ Պետության կողմից հիմնադրված լինելու առումով որևէ բուհ որևէ առավելություն չունի։

Ասեմ ավելին՝ ամենակարևոր արժեքներից մեկը, որն այսօր ունենք, Գիտությունների ազգային ակադեմիան ոչ միայն հատուկ կարգավիճակ չի ստանում օրենքում, այլ դրա վերաբերյալ շուրջ 10 տարի գործող օրենքն այս նախագծում փոխարինվում է ընդամենը մեկ հոդվածով, իսկ ԳԱԱ-ի կարգավիճակը հետագայում որոշելու է կառավարությունը։ Մինչդեռ այդ նախագծում ակադեմիային ևս կարելի էր տալ հատուկ կարգավիճակ և նրա կազմակերպաիրավական ձևն ապահովել հենց օրենքում։

Այս հատուկ կարգավիճակն իրենից կարող է ամեն ինչ էլ ենթադրել, այդ հարցը մնալու է իշխանությունների քմահաճույքին։ Հիմա երևի չեն մտածել, թե ինչ գրեն, թողնում են ապագային, կամ գուցե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կարելի է ինչ-որ բաներ ընդունել կամ փոփոխել։ Դա օրենքի մակարդակում հետո շատ դժվար կլինի անել, որովհետև կարող են լինել ընտրություններ, ԱԺ-ում կարող է ձևավորվել նոր մեծամասնություն, և օրենքի փոփոխությունը հեշտ չի լինի։

Բայց ենթաօրենսդրական ակտերում հնարավոր կլինի քմահաճույքներն օրեցօր փոխել և համապատասխանեցնել օրվա իշխանություններին։ Սա ևս խոսում է այն պարզ ճշմարտության մասին, որ իշխանությունները ցանկանում են քաղաքական ազդեցություն ունենալ բարձրագույն կրթության և գիտության ողջ համակարգի վրա, այդ թվում՝ ԵՊՀ-ի, որն առաջատարն է քաղաքական մտքի ձևավորման հարցում, իսկ մտավորականության մեծ և ակտիվ մասն էլ կենտրոնացած է հիմնականում այս բուհում»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728