ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի հետ կապված, բառացիորեն ասում է հետեւյալը․ «Դուք գիտեք, որ, օրինակ, Գորիս-Կապան հատվածի 21 կմ-ն անցնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով, միջազգայնորեն ճանաչված սահմաններում, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվելու»։
Հարցումներ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ, պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։ Մասնավորապես, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հարցրել ենք, թե որն է հիմնավորումը, որ Գորիս-Կապան հատվածի 21 կմ-ն անցնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով, երբվանի՞ց է այդ ճանապարհահատվածը համարվում Ադրբեջանի տարածք եւ ի՞նչ փաստաթղթի հիման վրա, արդյոք GPS-ի տվյալների հիման վրա՞ է նման պնդում կատարվում։
Հնարավո՞ր է, արդյոք, որ այդ՝ Գորիս-Դավիթ Բեկ հատվածը ժամանակավորապես շահագործվի երկու երկրների կողմից՝ ռուսների հսկողության ներքո, եւ կա՞ արդյոք պայմանավորվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ որոշ ժամանակ անց, ասենք՝ 3 տարուց, այն ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանի տիրապետությանը։ Իսկ այդ ընթացքում շրջանցող այլընտրանքային ճանապարհ կառուցվի՝ Հայաստանի տարածքում։ Եթե այո, որտեղո՞վ է անցնելու այդ ճանապարհը, ի՞նչ ծախսերի հետ է կապված, եւ ո՞վ է հոգալու ծախսերը։
Հիմա էլ կա շրջանցող՝ Տաթեւով ճանապարհը, որը շատ վատ վիճակում է եւ պետք է ամբողջովին հիմնանորոգվի։ Զրուցել ենք որոշ նախկին պաշտոնյաների հետ։ 2014-17 թթ․ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանին հարցրինք՝ Գորիս-Կապան ճանապարհը ե՞րբ է կառուցվել, եւ երբեւէ ՀՀ կառավարության կողմից եղե՞լ է նման մտայնություն, որ դա հնարավոր է մի օր հանձնվի Ադրբեջանին, քանզի իրենց տարածքով է անցնում։ «Այդ ճանապարհը սովետի ժամանակ է կառուցվել, բայց մինչեւ պատերազմը դա երկրորդային ճանապարհ է եղել, հիմնականում Նախիջեւանով են գնացել, դրա համար նման խնդիր երբեւիցե չի քննարկվել։ Ամեն դեպքում տրանսպորտի, այսինքն՝ մեր գերատեսչության տեսանկյունից նման հարց չի քննարկվել»,- ասաց նա։ «Էնտեղ պահպանության խնդիրներ են հիմնականում եղել՝ ամառային, ձմեռային, ներդրումներ չեն կատարվել, որովհետեւ պլանավորվում էր, որ «Հյուսիս-հարավը» պիտի էնտեղով անցներ, ու արդեն էդ խնդիրը կլուծվեր, ամեն դեպքում՝ էդտեղ խոշոր ներդրում չի եղել»,- ասաց Առաքելյանը։
Կարդացեք նաև
Դա է նաեւ պատճառը, որ կառավարությունն ուշադրություն չի դարձրել Տաթեւով անցնող այլընտրանքային ճանապարհին, քանի որ, ըստ Առաքելյանի, «Հյուսիս-հարավի» շրջանակներում քննարկվում էր Սիսիանից դեպի Քաջարան թունելներով, կամուրջներով ճանապարհի կառուցման հարցը, որն այդպես էլ մնաց կիսատ, քանզի նախկին իշխանությունները որոշեցին հեշտ տեղից սկսել՝ հյուսիսից, իսկ նոր իշխանությունը լրիվ դադարեցրեց շինարարությունը։
Խոսեցինք նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Նա ասաց, որ իշխանությունները թող մատնանշեն, թե իրենց ասած այդ «միջազգայնորեն ճանաչված» սահմանը որ մասով է անցնում։ Նրա խոսքով՝ ԽՍՀՄ տարիներին գործող սահմաններով ընդամենը 5-6 կմ է եղել այդ վիճելի տարածքը՝ Գորիս-Չայզամի հատվածը, որը հիմա GPS կոորդինատներով ուզում են դարձնել 21 կմ։ «Հիմա, ոնց որ անտաղանդ ձեւով ինչ կատարվեց, նույն տրամաբանությամբ շարունակվում է, որպեսզի Ադրբեջանը մետր-մետր գա առաջ։ Իսկ էս իշխանություններն էշի ականջին քնած են կամ դիտավորյալ են անում։ Էստեղ միանշանակ դիտավորություն կա»,- ասաց նա։
«Եթե նույն՝ ԽՍՀՄ սահմանների տրամաբանությամբ շարժվենք, էնտեղ կան բետոնե խորանարդներ, որոնց վրա ԽՍՀՄ զինանշանն է խփած, ու ես նույն ռուսներին էլ եմ մատնանշել, որ սա է իրական սահմանը, ինչո՞ւ է Ադրբեջանը կիլոմետրերով առաջ եկել։ Ձեր նշած այդ հատվածում մի 6 կմ, եթե ճիշտ եմ հիշում, ինքը մտնում է Շուռնուխ եւ Որոտանի հատված, շարունակում է դեպի Չայզամի, հետո դուրս է գալիս դեպի Դավիթ Բեկ, հետո՝ Կարմրաքար եւ Կապան։ Իրենց ասած այդ 21 կմ-ն, հավանաբար, այդ հատվածի մասին է»,- ասաց նա։ Հակոբյանը նկատեց, որ Սյունիքում մեր կողմից, մանավանդ Կապանի հատվածում, ՊՆ-ից հատուկենտ մարդիկ են հսկում պետական սահմանը։ Դրա համար էլ ադրբեջանցիներն օգտվում են առիթից, կրակում են, թեկուզ՝ օդ, ու հոգեբանորեն ազդում են մեզ վրա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում