Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական մեծամասնությունը վերջնական տեսքի է բերել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը. այն ընդունվելու է մինչեւ Սահմանադրության փոփոխությունները. «ՀԺ»

Փետրվար 16,2021 09:00

Խորհրդարանական մեծամասնությունը վերջնական տեսքի է բերել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը եւ եթե այլ զարգացումներ չլինեն՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում այն կուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:

«ՀԺ»-ի տեղեկություններով, շաբաթ օրը «Իմ քայլը» այս փոփոխությունների հարցը քննարկել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Առաջիկա 3 օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացվի՝ ինչպես են առաջ շարժվում:

Քննարկված եւ վերջնական տեսքի բերած տարբերակում իշխող խմբակցությունը հիմնվում է այն ենթադրության վրա, որ այն ընդունվելու է մինչեւ Սահմանադրության փոփոխությունները:

Բայց չի բացառվում, որ դրանց զուգահեռ ԱԺ-ում նաեւ Սահմանադրության փոփոխություններ իրականացվեն: Ըստ «ՀԺ»-ի ունեցած տեղեկությունների՝ այդ փոփոխությունները վերաբերելու են ԿԸՀ ձեւավորման կարգին, խորհրդարանի ինքնալուծարման հնարավորությանը եւ կայուն մեծամասնության ձեւավորմանը:

Իսկ թե ինչ է փոխվելու գործող Ընտրական օրենսգրքում՝ այդ ամենի վերաբերյալ վերջնական տվյալները ներկայացրել է օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

– Քանի որ նախագծի նախապատրաստման վերջնական փուլին ենք հասել, կարո՞ղ եք ասել այն հիմնական փոփոխությունները, որոնք կլինեն այդ փոփոխությունների արդյունքում:

– Ձեւավորվում է ընտրողների ցուցակների կազմման որոշակի նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ձերբազատվել ցուցակներում եղած այն անձանցից, որոնք Հայաստանում չեն բնակվում եւ ընտրելու իրավունք չունեն:

Կան քարոզարշավի հետ կապված փոփոխություններ, այդ թվում քարոզարշավի ընթացքում ֆինանսական ծախսերի կարգավորումների հետ կապված:

Ամենաշատը երեւի ուշադրության արժանի է ԱԺ ընտրակարգի հետ կապված փոփոխությունը:

Որոշակի կարգավորումներ կան անցողիկ արգելապատնեշի հետ կապված. մենք առաջարկում ենք կուսակցությունների համար արգելապատնեշը մեկ տոկոսով նվազեցնել՝ 5-ից դարձնելով 4, իսկ դաշինքների համար մեկ տոկոսով բարձրացնել՝ այդպիսով դարձնելով 8:

Որոշակի փոփոխություններ իրականացվել են ԱԺ-ում մանդատների բաշխման հետ կապված. բոնուսների ազդեցությունը փորձում ենք հնարավորինս չեզոքացնել:

Կոալիցիայի ձեւավորման հետ կապված սահմանափակումներն են վերանայվելու՝ ազատականացնելով եւ հնարավորություն տալով, որ մեծամասնություն չունենալու դեպքում քաղաքական ուժերը ավելի երկար ժամանակահատվածում բանակցեն իրար հետ եւ արդյունքում կարողանան ձեւավորել կոալիցիա:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728