Լրահոս
Օրվա լրահոսը

Դհոլների նոր համույթը

Փետրվար 16,2021 10:00
dhol

Եթե դուք ուզում եք «ջերմաչափել», թե որ ուղղությամբ է գնում այս կամ այն պետությունն ու հասարակությունը, ուշադրություն դարձրեք քծնանքի մակարդակի վրա: Դա լճացման եւ ավտորիտարիզմի ուղղակի եւ աներկբա ցուցիչն է: Կյանքիս առաջին կեսի ընթացքում ես լսում էի «անձամբ Լեոնիդ Իլյիչի» փառաբանումը, երկրորդ կեսին՝ ականատեսն եմ անկախ Հայաստանի 4 ղեկավարների հասցեին նույնատիպ քծնանքի:

Անցած 30 տարիների ընթացքում իշխանությունները չէին դիմանում շողոքորթություններ լսելու գայթակղությանը: Տարիներ առաջ «Հայկական ժամանակը» շատ դիպուկ վերնագիր էր դրել նախագահի նախկին թեկնածուի հերթական ասուլիսին՝ «Չխկըլը-դմբըլ-չխկըլը-դմբըլ»: Այդ վերնագիրն այսօր միանգամայն կիրառելի է ոչ միայն «իմքայլականների», այլեւ բազմաթիվ այլ քաղաքական եւ հասարակական գործիչների ելույթների համար: Անցյալում նույնպես քծնանքը «բացասական երանգներ» ուներ, այսինքն՝ խոսվում էր ոչ թե «թագավորի» բարեմասնությունների, այլ նրա ընդդիմախոսների թերությունների մասին: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին դուր գալու համար պարտադիր էր ինչ-որ վատ բան ասել Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի, «ցրտի-մթի» եւ նման այլ բաների մասին: Այնուամենայնիվ, քծնողները «տեղ ունեին» (գոնե իրենց այդպես էր թվում) փառաբանելու այն պահի իրականությունը եւ «իմաստուն առաջնորդներին»:

Այսօրվա իշխանությունն ընդհանրապես պարծենալու ոչ մի առիթ չունի: Եթե այսօր ասուլիս անցկացվի «100 փաստ Նոր Հայաստանի մասին» թեմայով, ապա դա հասարակության սթափ հատվածի կողմից կընկալվի որպես «սեւ հումոր»: Այդքանով հանդերձ՝ շողոքորթների թիվը ոչ թե քչանում է, այլ՝ ավելանում: Եվ բնական է, որ ներկա իշխանությունների քծնելու միակ ձեւն է մնացել նախորդ իշխանությունների մեղքերի մասին խոսելը: (Մեղքերը մեծ մասամբ իրական են, բայց դրանք, իմ կարծիքով, ներկայիս ողբալի վիճակի արդարացումը չեն):

«Դհոլների նոր համույթի» հիմնական երկացանկը հետեւյալն է. «Այսօրվանները վատն են, բայց նրանք, ովքեր հավակնում են իշխանական աթոռներին, ավելի վատն են»: Դա գուցեեւ ճիշտ է, բայց առանձնապես սփոփիչ չէ, որովհետեւ խորացնում է հասարակական ապատիան եւ նույն լճացումը: Հասարակական միտքն ընկղմվում է «վատերի» ու «ավելի վատերի» համեմատության ճահճի մեջ, ու այլեւս չի փորձում ելքեր փնտրել: Մինչդեռ ելքերի այդ փնտրտուքը պետք է տեղի ունենա ոչ թե «ավելի լավ մարդկանց», այլ ավելի լավ գաղափարների մեջ: «Մենք չենք գտնի խնդիրների լուծումը, եթե մտածենք այնպես, ինչպես այն մարդիկ, որոնք այդ խնդիրները ստեղծել են», – ասում էր Ալբերտ Էյնշտեյնը: Բայց թե՛ գիտության, թե՛ քաղաքականության մեջ մտածողության նոր մակարդակի վրա բարձրանալը որոշակի խիզախություն է պահանջում: Իսկ քծնողների եւ «քլնգողների» հակադրությունը նոր մակարդակ չի ապահովում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Այնտեղ, որտեղ ավարտվում են օրենքները կամ էլ օրենք կա, բայց այն չգործող օրենք է, այդտեղից սկսվում են գողական հարաբերություններն ու հասկացությունները, վերջերս մենք եւ աշխարհը ականատես եղանք, որ միջազգային հարաբերությունների օրենքները չգործող են, սկզբունքները՝ լոկ խոսքեր են եւ միջազգային հարաբերությունների մակարդակն իջել է նույնիսկ գողականի մակարդակից էլ ցածր, գողականը ունի չգրված օրենքներ, որոնց խստորեն հետեւում է, կարճ ասած, մեզ մնում է կամ ս վոլկամի ժիծ պո վոլչի վըծ կամ էլ պետք է միավորվենք քաղաքակիրթ ազգերի քաղաքակիրթ մարդկանց հետ եւ բոլորին պարտադրենք մեր քաղաքակիրթ օրենքներն ու սկզբունքները, որոնց թիկունքին մեր ազգերն են կանգնած:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    «Լավ ժամանակները» դեռ առջևում են, երբ իշխանության բոլոր ճյուղերում ներկայիս անկար միջակություններին՝ վարչապետը ներառյալ, համալրելու կգան (ու արդեն գալիս են) կամակատար ոչնչությունները: Այն ժամանակ կտեսնենք, թե ինչ ասել է կոռուպցիա ու պայքար դրա դեմ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728