«Այո, համենայն դեպս հայտնի է դարձել, որ Ալիևը և կապիտուլյանտը գաղտնի բանակցություն են ունեցել, հայտնի է, թե ովքեր էին վարում այդ բանակցությունը»,-հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ իր հետնորդին՝ Նիկոլ Փաշինյանին, Ալիևը գործարքի գնալու առաջարկ արած լիներ, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսպես պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց՝ հայտնի է, որ հայկական կողմից այդ օպերատիվ կապը ապահովողը նամակ է հանձնել իր բնորոշմամբ կապիտուլյանտին, և նա այդ նամակը չի պատռել, չի ասել՝ այստեղ անընդունելի բաներ կան, այլ ասել է՝ շատ լավ: Չեմ կարող պնդել, որ առաջարկություն է եղել, չեմ էլ կարող ժխտել, բայց իրադարձությունների զարգացումն ամբողջական իրավունք է տալիս յուրաքանչյուրին ողջամիտ կասկած ունենալու: Ըստ Սերժ Սարգսյանի՝ մենք պարտավոր ենք անցկացնել օբյեկտիվ քննություն, ինչն այս իշխանության պարագայում անհնար է:
Նա ասաց. «Ողջամիտ կասկած բոլորն էլ իրավունք ունեն ունենալ: Ի՞նչ եք կարծում՝ որն է ավելի հավանական. այն, ինչի մասին հիմա հազարներն են խոսում, թե՞ Մանվելի՝ տուշոնկա գողանալը: Հանրությունում չկա մեկը, որ համոզված լինի, որ Մանվելը տուշոնկա է գողացել, բայց տասնյակ հազարներ արդեն խոսում են դրա մասին: Չեմ պնդում, որ այդպես է եղել, չեմ էլ կարող հերքել: Եթե Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է, եթե Շուշին հայկական չէ, և եթե մարդն ունի այն ցինիկ համարձակությունը խորհրդարանի ամբիոնից պնդելու այդպիսի հիմարություններ, ես կամ ուրիշները ի՞նչ իրավունքով պիտի բացառենք դավադրությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ