«Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզ պատասխանեց, այդ հարցին՝ նշելով, որ իր հրաժարականով նա իշխանությունը փոխանցել է վարչապետի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանին։ Դա նաև սահմանադրության պահանջ է։ Նիկոլին իշխանություն չի փոխանցվել»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Երկար լռությունից հետո պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց եւ ասաց, որ 2018-ին, իշխանությունից հեռանալիս ինքը իշխանությունը «ոչ թե սրանց» է հանձնել, այլ Կարեն Կարապետյանին։ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք`ի՞նչ էր այդպիսով ուզում ասել Սերժ Սարգսյանը: Հետաքրքրվեցինք նաեւ`Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չընտրելուց հետո, ՀՀԿ խմբակցության եւ Սերժ Սարգսյանի`խորհրդարանում կայացած փակ հանդիպման ժամանակ ինչ՞ խոսակցություն էր գնացել։ Դա կապ ունե՞ր Կարեն Կարապետյանին իշխանություն փոխանցել- չփոխանցելու հետ:
Արտակ Զաքարյանն ասաց. «Այնուհետև փողոցում հավաքված ժողովրդի ճնշման տակ, ՀՀԿ խորհրդարանական մեծամասնությունը 2018 թվականի մայիսի 1-ին, մերժեց Նիկոլին վարչապետ ընտրելու ԱԺ խմբակցության առաջարկը։ Դրանից հետո, հայհոյանքների, անհնազանդությունների, խորհրդարանի նկատմամբ ժողովրդի տարատեսակ ճնշումների ներքո, «համաժողովրդական» պահանջով՝ Ազգային ժողովը 2018 թվականի մայիսի 8-ի,ն ստիպված եղավ Նիկոլին ընտրել վարչապետ։ Ավելի ուշ, 2018 թվականի դեկտեմբերյան արտահերթ ընտրություններում, ՀՀԿ-ն նիկոլականների միակ արմատական ընդդիմությունն էր, բայց ժողովրդական էյֆորիան, առանց երկար-բարակ մտածելու, իշխանությունն ամբողջովին հանձնեց արկածախնդիրների ու կապիտուլյանտների խունտային»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ