«Լավրովյան փաստաթուղթ` որպես այդպիսին գոյություն չի ունեցել»,- «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հավաստիացրեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց՝ կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018 թվականը, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ, և այդ փաստաթուղթը գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում: Սերժ Սարգսյանը շեշտեց՝ որպես աշխատանքային տարբերակ գոյություն չունի լավրովյան փաստաթուղթը:
Իսկ թե ինչ էր աշխատանքային այդ փաստաթուղթը, նա նշեց. «Դա իմ ասած երկրորդ տարբերակն է՝ կազանյան փաստաթուղթ, մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը: Լավրովն առաջարկել է համանախագահների անունից: Եվ երբեք չի եղել մի բանակցային գործընթաց, որ համանախագահներից որևէ մեկն առանձին իր գաղափարներն է առաջարկել: Այն փաստաթուղթը, որ 2019-ին տրվել էր կողմերին, հայկական կողմի պատասխանը ամենայն հավանականությամբ եղել է, որ այո, այս փաստաթղթի շուրջ կարելի է քննարկումներ իրականացնել: Եթե մերժվեր, ապա այլ առաջարկություններ կներկայացվեր: Դրա մասին հայտարարեց Լավրովը 2020-ին՝ համանախագահները ուզում էին դրանով ասել, որ ստացել են հավաստիացում, որ կարելի է քննարկել, գալ համաձայնության, բայց կողմերից մեկն, ինչպես հասկացանք, հայկական կողմը հրաժարվել է բանակցություններից: Իմ խորին համոզմամբ՝ դա եղել է փուլային տարբերակ, քանի որ ինչո՞ւ պիտի հայկական կողմը փաթեթային տարբերակից հրաժարվեր, իսկ թե ինչու եղավ փուլային տարբերակ, դա արդեն ևս խոսակցության թեմա է: Ես պատկերացնում եմ, թե ինչու այդպես եղավ»: Սերժ Սարգսյանը նշեց՝ ոչ միայն պատրաստ էր ստորագրել այդ աշխատանքային փաստաթուղթը, այլև բացառապես համաձայնել է մնալ ՀՀ վարչապետ, որպեսզի իրականացնի այդ տարբերակը:
Կարդացեք նաև
Հիշեցմանը՝ եթե հողերի վերադարձի հարց քննարկվել է իրենց իշխանության օրոք, այդ դեպքում ինչո՞ւ են այս իշխանությանը մեղադրում հողերը վերադարձնելու մեջ, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Մեզ համար ստանալու մասն էր կարևոր: Ես չեմ կարող համաձայնել, որ այս իշխանությունները հող են վերադարձրել: Նրանք հող են տանուլ տվել, հող են հանձնել: Դրանք տարբեր են: Կապիտուլյացիայի են ենթարկել ՀՀ-ն, նրանք ջախջախել են մեր բանակը: Տարբերություն չե՞ք տեսնում: Ես երբեք ոչ մի թիզական չեմ եղել: Եվ իննսունականների սկզբին՝ մեր հաջողությունների պահին, և 2000-ականների ամբողջ ընթացքում: Նախագահական նստավայր գալու առաջին օրվանից ասել եմ, որ այս խնդրի լուծումը ես տեսնում եմ միայն փոխզիջումների մեջ»: Նա հիշեցրեց իր՝ «Աղդամը իմ հայրենիքը չէ» արտահայտությունը և ասաց. «Հիշում եք՝ երբ ես խորհրդարանում ասացի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ: Հիշում եք, որ դա ոչ միայն այն ժամանակ, այլ վերջերս էլ շահարկվեց, երբ անմեղսունակ մարդիկ իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին ու ասում, որ Աղդամն իրենց հայրենիքն է: Տեսանք, թե այդ հայրենիքը իրենք ինչպես պահեցին: Աղդամը՝ գոնե քաղաքը, մեր վերահսկողության տակ էր»:
Սերժ Սարգսյանը նշեց՝ իր նշած փաստաթղթի ստորագրման դեպքում ԼՂ-ն իր կարգավիճակով ստանում էր անվտանգության յոթ երաշխիք ու մանրամասնեց. «Առաջին կետն էր, որ ԼՂ անվտանգությունը ապահովում են ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ-ի անվտանգության երաշխավորը, որ ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն: Եվ ԼՂ-ն իրավունք էր ստանում անդամակցել միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէ: Եվ մինչև ԼՂ-ի անկախության օրը ՝ հանրաքվեի օրը, մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչին և Քարվաճառ շրջանները: Այնպես որ, այդտեղ ցամաքային սահմանի կամ միջանցքի մասին խոսք չկար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ