Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե ինչ ենք տալու, մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու». Սերժ Սարգսյան

Փետրվար 15,2021 23:20

«Երբ այս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին այսպես ասած՝ Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հստակ հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, դեպի պատերազմ»,- «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով գործող իշխանությունների՝ տարբեր առիթներով արված հայտարարություններին, իբր իրենցից ժառանգություն են ստացել բանակցային մի փաթեթ, որում բովանդակային բանակցություններ տանել կամ շարունակել արդեն հնարավոր չէր, այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը սկսել էր իր կետից, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Նրա ասածները խոսում են միայն ու միայն այն մասին, որ ինքը, գրեթե երեք տարի աշխատելով որպես վարչապետ, լինելով գլխավոր բանակցող, այդպես էլ չի հասկացել բանակցությունների իմաստը, թե ինչ ենք բանակցում: Այդ միտքը նա շարադրել է կապիտուլյացիայից հետո: Եվ առանց հապաղման համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչը միանգամից այդ փուչիկը պայթեցրեց: Ինձ կարող են չհավատալ, բայց արդյոք որևէ հիմք կա՞ չհավատալու Պոպովին: Եթե Պոպովի ասածն իրականությանը մեկ միլիմետր անգամ չհամապատասխաներ, ապա մյուս համանախագահները կփորձեին նրան ուղղել: Ինչքան էլ հակասություններ ունենան ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան, գոնե սա այն հարցն էր, որտեղ նրանք համագործակցում էին և իրարից ոչինչ չէին թաքցնում»:

Սերժ Սարգսյանը վստահեցրեց՝ իրենք երբեք չեն բանակցել այն մասին, թե ինչ են տալու. «Մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու: Բայց բանակցություններն այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էր, ինչը անհեթեթություն է, միգուցե ինչ-որ չափով բնորոշ այդ կարգի մարդկանց: Մեր ցանկությունը և կարմիր գիծն այն էր, որ ԼՂ-ն երբեք չլիներ Ադրբեջանի կազմում: Մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018-ի ապրիլի 23-ը»:

Հիշեցմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր՝ «44-օրյա պատերազմի ծագումը» թեմայով հոդվածում հիշատակել է Սերժ Սարգսյանի կառավարման շրջանը ու հարցադրում է արել, եթե պատերազմ կանխող էիք, ապա ինչո՞ւ չկանխեցիք ապրիլյանը, կամ ապրիլյանին հաջորդած տարում մեզ համար հաղթական ելք չապահովեցիք, ավելին` եղել է նաև բանավոր պայմանավորվածություն յոթ շրջանները զիջել, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Երբեք նման տեսակետները իրականության հետ որևէ առնչություն չունեն: Իսկ այդ տվյալները, կներեք, որտեղի՞ք եք ստացել: Իրականության մեջ նման բան չի եղել: Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է ՌԴ միջնորդությամբ, ում դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված, և տեսնելով մեր կորուստները, ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ: Մեզից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ինչին մենք բացարձակ չհամաձայնեցինք: Ասացինք՝ ոչ: Գիտեք, եթե մենք այնտեղ այլ պայմանավորվածություն ունենայինք, և քանի որ հանդիպումը եղել է եռակողմ, ապա երրորդ կողմը՝ համանախագահ Ռուսաստանը, այդ մասին կհայտարարեր: Չէր կարող ռուսական կողմը նման պայմանավորվածության վկան լինել ու դրա մասին չհայտնել իր գործընկեր ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային»:

Դիտարկմանը՝ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին, որ չեն իրագործել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, մինչդեռ իրենք երկու տարի ժամանակ ունեին մինչ իշխանափոխությունը այդ դրույթներն իրականացնելու համար, նա պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ երկու տարի ժամկետում մենք պիտի հասնեինք այդ բաղձալի հանգրվանին: Նույնիսկ, երբ 2007-ին մեզ առաջարկեցին մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթուղթը, դրա համար գրեթե մեկ տարի պահանջվեց, որ Ադրբեջանը նախնական համաձայնություն տա այդ սկզբունքների շուրջ: Ադրբեջանի համար դա շատ մեծ կորուստ կլիներ: Այդ մասին բազմաթիվ անգամ խոսել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Նա էլ էր գիտակցում, որ միջազգային հետաքննության այդ մեխանիզմով մենք ուղղակի միջազգայնեցնում էինք շփման գիծը»:

Իսկ թե ինչ կարող էին անել գործող իշխանությունները, Սերժ Սարգսյանն ասաց, թե համանախագահներին կարող էին ասել, որ այս իշխանությունները թալանչի են, բայց դուք ինքներդ եք ընդունել նման հայտարարություն, խնդրում եմ՝ եկեք իրականացնենք այս հայտարարությունը, այնուհետև անցնենք առարկայական բանակցությունների, փոխարենը իր բնորոշմամբ՝ անհասկանալի պայման դրեցին համանախագահների առաջ, որ Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին. «Կարծում եմ՝ իրենք մտածում էին, որ դրանով իսկ ժամանակ կարող են շահել, քանի որ դա անհնար բան է, և երկրորդ, որ այդ պայմանը դնում են Ադրբեջանի առաջ: Դա պայման էր, ցանկություն չէր: Ցանկությունը մերն էր, որ ասում էին՝ ճիշտ կլիներ, որ ԼՂ-ն լիարժեքորեն մասնակցի բանակցային գործընթացին: Իսկ Դուք պատկերացնու՞մ եք՝ ՀՀ-ի կողմից պայմաններ դնել եռանախագահներին: Դա նշանակում էր ոչ միայն տապալում, այլև անհարգալից վերաբերմունք այդ երկրների նկատմամբ, որոնք մեծ ջանքեր էին գործադրում խնդիրը լուծելու համար: Համանախագահ երկրների նախագահները հինգ անգամ հայտարարել էին բանակցային ձևաչափի, այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք էր այս խնդիրը լուծել: Հանկարծ ի հայտ է գալիս մեկը, որն այդ ամենը արհամարհում է և ասում՝ իմ կետից պիտի սկսեմ բանակցությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728