Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրավիրել եմ Կարեն Կարապետյանին՝ ասելով՝ Կարե′ն ջան՝ հանգուցալուծումը կարող է լինել՝ իմ հեռանալով, պատրա՞ստ ես այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա, ասաց՝ այո». Սերժ Սարգսյան

Փետրվար 15,2021 22:22

«Իմ՝ հանրության կողմից հետաքրքրություն ստացած հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ»,- «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով իր՝ հայտնի հայտարարության մասին՝ պարզաբանեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ասաց, որ այդ հայտարարությունը խմբագրել է երեք անգամ ու պատմեց. «Առաջին անգամ խմբագրել եմ ապրիլի 23-ի առավոտյան, ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեքստը դրել եմ կողքի, երեսուն-քառասուն րոպե հանգիստ մտածել եմ, այնուհետև այդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով՝ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակը էլ ավելի թեժացնել: Եվ երբ էլի որոշ ժամանակ մտածելուց հետո իմ պատկերացմամբ այդ տեքստը արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետի տեղակալ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել՝ ասելով՝ Կարե′ն ջան, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել՝ իմ հեռանալով: Պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա: Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ: Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ: Մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական. էնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ հայրապետի մասնակցությամբ, և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն: Չմոռանանք, որ հաջորդ օրը ապրիլի 24-ն էր: Պայմանավորվեցինք: Խոսքը գնացել է իմ հրաժարականի մասին»:

Լրագրողի դիտարկմանը՝ ապրիլի 23-ին ներկայիս իշխանության ներկայացուցիչները հաղթանակ էին տոնում, հնարավո՞ր է Կարեն Կարապետյանն այլ բան էր ասել մեկուսարանում, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Կարապետյանն այլ բան է ասել: Կարապետյանը նրանց հետ չէր խոսել իշխանության փոխանցման մասին, Կարապետյանը նրանց ասել էր, որ ես հրաժարական եմ տալիս: Դրանից հետո ես Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մեկ պարբերություն հանել: Դա արդեն երրորդ խմբագրումն էր»:

Հարցին՝ կասե՞ք՝ որը, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ՝ այսպիսի հարցադրումներով սահուն անցնում ենք 2018-ի իրադարձությունների հարթություն»:

Ճշտող հարցին՝ Դուք հասկացրե՞լ եք Կարեն Կարապետյանին, որ ոչ թե նրանց, այլ Կարապետյանին եք իշխանությունը փոխանցում, որ Կարապետյանին իշխանություն է փոխանցում ոչ թե գործող իշխանություններին փոխանցելու հաշվարկով, այլ որ իրենք եք վստահում պետության կառավարումը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Խոսակցությունն ուղիղ այդպես եղել է: Բացի դրանից ես ապրիլի 23-ին վարչապետ էի, Կարեն Կարապետյանը՝ առաջին տեղակալ: Վարչապետի հրաժարականից հետո երկրի կառավարումն անցնում է առաջին տեղակալին: Դա միանշանակ է. այդտեղ որևէ կասկած չկա: Իմ ասածի մեջ որևէ միտում չկա, որ սրանց՝ իշխանության գալուն ես որևէ մեղք կամ հանգամանք չունեմ: Ուղղակի ես ասում եմ իրականությունը: Ես ուղղակի եմ ասում՝ չմեղադրելով Կարեն Կարապետյանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728