Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանություն ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին, ոչ թե սրանց». Սերժ Սարգսյան

Փետրվար 15,2021 22:00

«Կապիտուլյանտը իմ նախագիծը չէ: Նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ»,- «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով այն պնդումներին, թե ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի «պրոյեկտն է», այսպես պատասխանեց Սերժ Սարգսյանը:

Այնուհետև Սերժ Սարգսյանն այս հարցի առիթով շարունակեց. «Դա ուղղակի զավեշտ է. ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար նման անհեթեթություն պիտի խզբզեի՞»:

Սերժ Սարգսյանն ասաց, որ իր բնորոշմամբ՝ «ապագա կապիտուլյանտը» իր տեսադաշտում հայտնվել է 1990-ականների սկզբներին և ավելի ստուգ 1993-ի վերջերին, երբ ինքը մի քանի ամսվա ՊՆ նախարար էր, և բազում հաջողություններից հետո ռազմաճակատում ունեին որոշակի խնդիրներ, այդ խնդիրները մապիտուլացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով՝ ուղղակի ցավ էր պատճառում ոչ միայն իրեն, այլև իր մարտական ընկերներին: Սերժ Սարգսյանը իր և Նիկոլ Փաշինյանի կապի ու հանդիպումների մասին հարցի հետ կապված որոշ պարզաբանումներ ներկայացրեց. «Նրա անունը ես ֆիքսել եմ 2020-ի նոյեմբերի 9-ին, եթե անուն ասելով կապիտուլյանտը նկատի ունեք: Առաջին անգամ իմ տեսադաշտում նա հայտնվել է իննսունականներին, երկրորդ անգամ մենք հանդիպել ենք իննսունականների վերջին՝ դատարանում և երրորդ անգամ հանդիպել ենք 2018-ին՝ Մարիոթ հյուրանոցում: Որևէ այլ հանդիպում, միջնորդավորված կապ չի եղել, ոչ էլ հեռախոսային: Ֆիզիկապես այդ մարդուն ես տեսել եմ երեք անգամ: Նրա կողմից էլ հանդիպման առաջարկ չի եղել, ինչի համար ես ուրախ եմ, քանի որ նման ցանկություն չունեի»:

Հիշեցմանը՝ պատերազմի օրերին կարծես պատրաստակամ էր հանդիպել Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա մի ուրիշ հանգամանք է, որ նախկին նախագահներով ունեինք ցանկություն: Երբեք ես նրա հետ դեմ առ դեմ չէի հանդիպի»:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանն այն ուժերի նախագիծն է, որոնց հետ ինքը միայն ունեցել է հակասություններ. «Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից: Կապիտուլյանտին ընտրել է մեր ժողովուրդը, մեր խաբված ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ: Բոլոր նրանք, որոնք այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա»:

Խոսելով այն իրավիճակի մասին, երբ հրաժարական տվեց, Սերժ Սարգսյանը պատմեց. «Ինձ կանգնեցրել էին ցունգ-ցվանգի առաջ. կամ պետք է ուժ կիրառեի, իսկ ինչպես հիշում եք, փողոցում բազմաթիվ կանայք ու երեխաներ էին, պարզ էր, որ առանց կորուստների չէր կարող լինել, խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ մնացած բոլոր հարցերում, կամ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորել»:

Հարցին՝ թավշյա հեղափոխությունը, իր հրաժարականը որևէ կապ ունե՞ին արցախյան հիմնահարցի հետ, քանի որ 2018-ի գարնանը ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում էինք, ուստի ի՞նչ հաշվարկով այդ ծանր իրավիճակում իշխանությունը հեշտությամբ հանձնեցիք նրանց, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ ուղիղ կապ ունի: Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր: Եվ անկեղծորեն պիտի ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև ղարաբաղցիների դեմ: Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան փորձել բազմաթիվ լուծումներից մեկը առաջարկել հանրությանը: Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանություն: Ոչ: Իշխանություն ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Հասկանում եմ՝ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանություն հանձնել եմ սրանց: Ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային գործընթացում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար, հենց այդ պատճառով ես համաձայնվեցի ընտրվել վարչապետ: Եվ որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ ՀՀ-ում կարող է այդ շարժումը, այդ նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք»: Սերժ Սարգսյանն ասաց՝ հասկանում է  բոլոր այն մարդկանց, որոնք հետադարձ հայացք նետելով, վերլուծելով ասում են՝ բա ինչո՞ւ նախնական շրջանում  միջոցներ չձեռնարկվեցին, օրինակ՝ երբ նրանք Ռադիոտունը գրավեցին կոշտ միջոցներ չկիրառվեցին: Սերժ Սարգսյանն ասաց՝ մյուս կողմից էլ ուզում է՝ նրանք էլ հասկանան իրեն ու պարզաբանեց. «Որևէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնություն ստանալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728