Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Լպուտյան. «Լեւոն Արոնյանի պես շախմատիստները աշխարհում ծնվում են հազվադեպ եւ նրանք գանձ են»

Փետրվար 15,2021 21:35

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման թեմա էր հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, ամենայն հավանականությամբ ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունի:

Այսօր լրագրողները ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանից Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության բացման եւ վիճակահանության արարողության ավարտին փորձեցին պարզել, թե արդյո՞ք Արոնյանն իսկապես այդպիսի մտադրություն ունի եւ եթե այո, ապա ի՞նչն է իրական պատճառը: «Ես ամբողջական ճիշտ պատասխան տալ չեմ կարող, դրա համար չէի ուզենա որեւէ կարծիք հայտնել: Վստահ եմ, որ Լեւոնն ինքը կարտահայտվի իր որոշման հետ կապված: Ես նրա հետ խոսել եմ, ու նա ասել է, որ ինքը կպատասխանի»,-ասաց Լպուտյանը:

Հարցին, թե Հայաստանի շախմատի ֆեդերացիան խնդիրը հասկանալու եւ լուծում գտնելու քայլ արե՞լ է, պարոն Լպուտյանը պատասխանեց, թե վստահ է, որ քննարկում եղել է, ինչին ինքը ներկա չի եղել: «Ես կարող եմ մի բան ասել. Լեւոնի պես շախմատիստները աշխարհում ծնվում են հազվադեպ եւ նրանք գանձեր են շախմատային աշխարհի, առանձնապես՝ մեր երկրի համար: Եվ ես շատ կուզենայի, որ հասարակությունը եւ մենք բոլորս գնահատենք արժեքները: Շատ հեշտ է արժեքազրկել, բայց արժեքներ ձեռք բերելը բոլորին չի տրվում: Այնպես որ, ես Լեւոնին համարում եմ պատմության մեջ մեր, հայկական շախմատի  լավագույն ներկայացուցիչներից մեկը: Եվ մենք միշտ փայփայել ենք այդ արժեքները, միշտ եղել ենք շատ հոգատար ոչ միայն շախմատի, այլեւ բոլոր ոլորտների այդպիսի մարդկանց նկատմամբ: Եթե մարդիկ իրենցով ճանաչում են բերում հայ ժողովրդին, համարում եմ՝ բոլորս պետք է լինենք շատ հոգատար եւ շատ ուշադիր»:

Aravot.am-ը փորձեց, այնուամենայնիվ, որոշակի հստակություն մտցնել՝ հարցնելով, թե  լրագրողները կարո՞ղ են արձանագրել, որ Լեւոն Արոնյանը այս պահին մնում է Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը, Սմբատ Լպուտյանը պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի: Ես ասացի արժեքների մասին եւ կուզենամ, որպեսզի մեր հասարակությունը, մենք փորձենք բոլոր ոլորտներում, եթե կան արժեքներ, այդ արժեքները չոտնահարենք: Ոտնահարելն ամենահեշտ բանն է: Եվ հիմնականում ոտնահարում են մարդիկ, որոնք իրենք առանձնապես շատ բան չեն կարող անել այս աշխարհի համար, նաեւ՝ Հայաստանի»:

Սմբատ Լպուտյանն այս ամբողջ զրույցի ընթացքում մի տեսակ անտրամադիր էր: Նա նաեւ ասաց, որ եթե անձը ցանկանա  տեղափոխվել, ֆեդերացիան ոչինչ անել չի կարող:

Aravot.am-ը զրույցը տեղափոխեց ազգային-հավաքական՝ հետաքրքրվելով մյուս անդամներով՝ Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան… «Ես դժվարանում եմ հավաքական թիմի բարձր ցուցանիշներ պատկերացնել առանց Լեւոն Արոնյանի: Բայց անխոս, մենք ունենք լավ պատանիներ, որոնք մոտենում են: Եթե նայում եք պատմությունը, տաղանդները երկար տարիներ խաղում են հավաքականում, մինչեւ գալիս է այն անձը, ով իրեն կարող է փոխարինել: Այնպես որ, մենք դեռ անելիքներ ունենք եւ այդքան հեշտ չէ փոխարինել հենց Լեւոն Արոնյանի պես շախմատիստին: Ինչ վերաբերում է Գաբրիել Սարգսյանին եւ Հրանտ Մելքումյանին, նրանք մնում են հավաքականում»,-ասաց ՀՇՖ նախագահի առաջին տեղակալը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728