Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանա… 1827 հատ տղա կա, որ ոտ ու ձեռ չունի, նրանք պատրաստ են փրթելու». Հրանտ Բագրատյան

Փետրվար 15,2021 21:12

Որ արտահերթ ընտրություններ եղան, դուք մասնակցելո՞ւ եք: Այսօր Ազատության հրապարակում լրագրողները հարցրեցին «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին: Նա անվարան պատասխանեց. «Անպայման»: Նրա խոսքով՝ 16 կուսակցությունները շատ տարբեր են ու միասնական մասնակցելու հարց չի դիտարկվում:

Հարցին՝ այսինքն, 16 ուժերը միասնական չե՞ն՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ո՞նց միասնական չեն: Տարբեր ուժեր են՝ սոցիալիստական, ոչ սոցիալիստական: Դա նորմալ է, քաղաքացիները պիտի հասկանան, որ կակռազ պիտի միասնական չլինենք: 5-6 ուժ պետք է ամեն մեկը 10 տոկոսով անցնի, սա՛ է դեմոկրատիան, ոչ թե 85 տոկոսանոց պառլամենտը, ինչ ուզում՝ անում է»:

Ըստ Բագրատյանի, եթե Փաշինյանի իշխանության օրոք ընտրություններ լինեն, նա կեղծելու է ընտրությունները, որ մնա. «Մենք որ եկանք իշխանության՝ Նիկոլն անպայման ձերբակալվելու է: Հեն է, արդեն իր դատարաններն է ստեղծել՝ ապօրինի ձեւով,ապօրինի ձեւով ՍԴ ստեղծեց, ինքը Լինչի դատաստանին պատրաստվում  է»:

Հարցրեցինք՝ լավ, հիմա փողոցային տարբերակով իշխանափոխությունը տապալվում է, ի՞նչ է լինելու՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Չի տապալվում: Կանենք: Ես որ Սյունիք, մարզեր գնում եմ՝ բոլորը Նիկոլի դեմ են: Առաջ 15-20 տոկոսն էր դեմ, հիմա՝ բոլորը: Մի 15-20 տոկոս կա, որ աղքատ է ապրում, կամ չի ուզում, կա՛մ այնպես է ստացվել՝ կյանքը չի դասավորվել, վատ է ապրում, ինքը դրանց դարձրեց իրեն հենարան: Հիմա այդ հենարանը իր տակից գնում է: Այսօր ամսի քանի՞սն է՝ ամսի 15-ը, հիմա կլինի ժամը 17:30, հենց այս պահին  շանս ունի կենդանի մնալով հեռանա»: Հարցրեցին՝ այլապե՞ս՝ Բագրատյանը պատասխանեց. «Այլապես գնալու է սրացում ու պարտվող կողմը Նիկոլ Փաշինյանն է»: Մեր հարցին՝ այսինքն, բռնի ուժով եկած իշխանության վրա՞ պիտի հենվի այս ժողովուրդը՝ Բագրատյանը պատասխանեց. «Բռնի ուժով չեն գալիս: Որ դու գնացիր իր վրա կրակեցիր, ես ո՞նց եմ իրեն պաշտպանելու: Ես դրանից հետո իրեն չեմ կարող պաշտպանել: Երբ 100-200 հազար դառավ, մենք ո՞նց ենք կազմակերպելու: Մենք ասում ենք՝ հեռացի՛ր, ընկեր: Մարդկանց մեջ ատելություն կա, 1827 հատ տղա կա, որ ոտ ու ձեռ չունի, նրանք պատրաստ են փրթելու, նրանք տեսել են, թե ոնց են այնտեղ իրենց ասում՝ հետ քաշվի ծախած է եղել ամեն ինչ: Ես ո՞նց եմ այդ ամեն ինչը կանգնացնելու: Մարդավարի Նիկոլին քանի անգամ բացատրել եմ՝ գնա: Լավ, չե՞ս հասկանում, որ պարտվել ես, քո պատճառով ենք պարտվել»:

Մեր դիտարկմանը՝Փաշինյանն ասում է՝ «հետ քաշվելու» հրահանգները լրիվ ուրիշ տեղերից ու ուրիշ խողովակներով են եկել զինվորներին՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Պուտինին լսե՞լ ես: Շուշիում ամսի 19-ին մեր տղերքը առյուծի պես կռվում են, Ալիեւը զանգում է Էրդողանին, ասում՝ էլ չեմ կարում: Պուտինը հոկտեմբերի 19-ին զանգում ասում է՝ լսի, Նիկոլ, Քելբաջարը ձեզ, Լաչինը ձեզ, Շուշին ձեզ, Հադրութից մի քիչ վեկալենք, Ֆիզուլի, Ջաբրայիլի հետ, ջհանդամ գյոռ: Պուտինը չի՞ ասել»:

Երբ փոխանցեցինք՝ իշխանականներն էլ հակադարձում են, ասում են՝ հոկտեմբերի 20-ին նույն իրավիճակն էինք ունենալու, ինչ նոյեմբերի 9-ին, օրինակ, Ալեն Սիմոնյանն է ասում՝ Բագրատյանը պատասխանեց. «Արա, Ալեն Սիմոնյանն ո՞վ է: Գոնե հասկանո՞ւմ են ինչ են ասում: Պուտինն է ասել՝ հայ ժողովրդի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել