Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դա կլինի խայտառակություն, դա կնշանակի լեգիտիմացնել ամբողջ այդ դավաճանությունը, որ մինչեւ հիմա եղել է». Վազգեն Մանուկյանը՝ Ծառուկյանի հայտարարության մասին

Փետրվար 15,2021 20:20

«Շարժման ուժերը բոլորն էլ շատ միասնական են: Բայց ես մարդկանց հավաքեցի, որովհետեւ սարսափելի դեպք էր տեղի ունեցել: Պարզվել էր, որ կա գաղտնի մի պայմանագիր, ըստ որի տալիս ենք մեր ճանապարհները, մեր հողերը: Պետք էր արագ արձագանք տալ: Շարժումը հսկայական մեքենա է, մինչեւ մեքենան խոդի գցես՝ ժամանակն անցնում էր»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա Ազատության հրապարակում հանդիպում էր իր աջակիցների հետ:

Լրագրողների հարցին՝ շարժման գլխավոր նպատակը, օրակարգը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր, բայց հիմա շարժման առանձին ուժեր խոսում են ընտրություններին իրենց առանձին մասնակցության մասին՝ Վազգեն Մանուկյանը արձագանքեց. «Բայց ընտրություն չկա, ի՞նչ ընտրությունների են մասնակցում: Ձեր հարցն իմաստալից կլիներ մինչեւ այն օրը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրություն չի լինելու: Հիմա դրա մասին խոսելը անհեթեթություն է»:

Մի սփյուռքահայ հարցրեց՝ մարդկանց 80 տոկոսը չի գալիս հրապարակ, այս ժողովուրդը արժանի՞ է իշխանություն ունենալու՝ Վազգեն Մանուկյանն էլ ի պատասխան հիշեցրեց. «Ղարաբաղյան շարժման ժամանակ մարդկանց ո՞ր մասն էր գալիս հրապարակ, գալիս էր 30, 40, 50 հազար մարդ, ավել մարդ չէր գալիս: Նիկոլ Փաշինյանը, որ 2018-ին հեղափոխության նման մի բան էր անում, ինչքա՞ն մարդ էր գալիս՝ մի քանի տասնյակ հազար: Եղավ ընտրություն էյֆորիայի պայմաններում, քանի՞ տոկոսը քվեարկեց իր համար՝ ընտրելու իրավունք ունեցողների 35 տոկոսը»: Ըստ Վազգեն Մանուկյանի, ժողովուրդը կարող է տանը նստած լինի, բայց համաձայն լինի պայքարողների հետ:

Հարցին՝ եթե իշխանությունը գնա արտահերթ ընտրությունների ճանապարհով, դուք մասնակցելո՞ւ եք՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Բացառվում է: Առաջինը՝ այս իշխանությունը լեգիտիմ չի, իրավունք չունի ընտրություններ անցկացնելու: Երկրորդը՝ տեսնելով ինչ է կատարվում Հայաստանում՝ ես 100 տոկոսով համոզված եմ, որ ընտրությունները կեղծվելու են մինչեւ վերջ: Նիկոլ Փաշինյանը ընտրությունների կգնա այն դեպքում, երբ որ հարյուր տոկոսով համոզված լինի, որ ինքը վերարտադրվելու է: Իսկ, եթե վերարտադրվի, այն ժամանակ ես այս սփյուռքահայի հետ համաձայն կլինեի՝ այս ժողովուրդը արժանի չի որեւէ մի բանի:

Լրագրողները եւս մեկ անգամ ճշտեցին՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն միայնակ մասնակցելու է ընտրություններին, սա նշանակում է, որ պլան A-ն արդեն տապալված է, պլան B-ին եք անցե՞լ՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Երբ հայտարարվեց Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրություններ, կային կուսակցություններ, որ մտածում էին՝ գնա՞լ, թե՞ չգնալ այդ ընտրություններին: Նրանք, ովքեր մտածում էին, որ ծայրահեղ դեպքում կարող է գնան, նրանք կարող է մտածեին՝ միայնակ գնան, ուրիշի հետ գնան…Ես այդ հարցերի մասին չեմ մտածել, որովհետեւ 100 տոկոս գիտեի, որ ընտրություններին չէի մասնակցելու: Դա կլինի խայտառակություն, դա կնշանակի լեգիտիմացնել ամբողջ այդ դավաճանությունը, որ մինչեւ հիմա եղել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728