Այսօր Գյումրիում տեղի ունեցավ միասնության երթ՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների։ Այն կազմակերպվել էր Շիրակի պետական համալսարանի նոր ուսանողական խորհրդի, «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Հայորդյաց տան» նախաձեռնությամբ։
Երթը մեկնարկեց Շիրակի պետական համալսարանից՝ Հայոց Եռագույնի ծածանմամբ։
ՇՊՀ նոր ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Ղուկասյանն ասաց․ «Ներկա պահին Հայաստանում հասարակությունը հասկանալի պատճառներով պառակտված է, և մեր պատգամը, ուղերձը հայ ժողովրդին, երիտասարդներին, ուսանողներին, տատիկներին, պապիկներին, բոլորին միասնության կոչն է։
Կարդացեք նաև
Միասնության կոչ ենք անում՝ ի հիշատակ մեր բոլոր զոհերի։ Կարծում ենք, որ նմանատիպ միջոցառումները բավականին անհրաժեշտ են․ մարդիկ պատերազմից հետո չեն արտահայտել իրենց ողբը, ցավը, իրենց մեջ կուտակված ողբերգությունը։
Այս միջոցառումն առաջինն է Հայաստանով մեկ, պատերազմից հետո պատշաճ հիշատակի միջոցառում երբեք չի եղել։ Մենք իրականացնում ենք, որպեսզի հավուր պատշաճի հարգենք մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակը»։
Գևորգ Ղուկասյանը տեղեկացրեց, որ Շիրակի մայր բուհը պատերազմում 33 զոհ է ունեցել, նրանք ուսանողներ ու շրջանավարտներ են։ Զոհվածներից մոտ 25-ը ուսանողներն են։
Գյումրու «Հայորդյաց տանը» հնչել է հոգևոր և հայրենասիրական երաժշտություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ