Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հանդիպում էր իր աջակիցների հետ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Վազգեն Մանուկյանն ասաց, որ փետրվարի 20-ի հանրահավաքն այնքան մեծ է լինելու, որ ոստիկանական ուժերը չեն բավականացնի՝ բռնի ուժ կիրառել ակտիվիստների նկատմամբ ու ցույցը ցրել:
Հարցին՝ ի՞նչ նախադրյալներ կան՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ո՞ր նախադրյալն է փոխվել: Կրել ենք սարսափելի խայտառակ պարտություն պատերազմում: Ծանոթներ կան, որ ասում են՝ խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, մեկ է՝ պատերազմը լինելու էր ու մեկ է՝ պատերազմում մենք պարտվելու էինք: Ասում եմ՝ բազմաթիվ ապացույցներ կան, թե պատերազմում ինչեր են տեղի ունեցել ու ոնց կարելի էր անել, որ պատերազմը չսկսվեր: Հանենք դուրս: Պատերազմը վերջացավ, զինադադարի պայմանագիրը կնքվեց, դրանից հետո ինչո՞ւ մի հատ էլ թուղթ ստորագրվեց, որ մեր զորքը Կուբաթլուն, Զանգելանը թողեց, 10-12 կմ առաջ էինք, որից հետո մենք ունեցանք պրոբլեմներ Սյունիքում, դա՞ ոնց բացատրենք: Լավ, ենթադրենք, առաջինի հետ համաձայնվեցինք, երկրորդն ինչի՞ համար էր, հեչ հարց տվե՞լ եք ձեզ: Պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, մոռացեք, որ ինքը դավաճանություն է արել, ապագայի համար նայեք, ի՞նչ կլինի Հայաստանում: Հայաստանում մի ղեկավար, որը ման է գալիս զրահաբաճկոնով, տասնյակ մեքենաներով ու անընդհատ հավաքում է ոստիկանների: Երկրի ղեկավար, որը արտաքին աշխարհի հետ խոսելիս խեղճացած վիճակում է, ինչ ասեն՝ կանի»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք ասել էիք, որ խմբեր պետք է ձեւավորվեն ու գնան պատգամավորների հետեւից, խմբերը ձեւավորվեցի՞ն՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ ամսի 20-ին դա կառաջարկի իր գործընկերներին, Ազատության հրապարակը շտաբ կդարձնեն, բայց միայնակ նման որոշում չի ընդունի: Հարցին՝ իսկ կարո՞ղ է այդ խմբերի մեջ «ռոմանտիկներ» լինեն ու Հոկտեմբերի 27-եր տեղի ունենան՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ռոմանտիկ շատ կան, բայց տարբեր իմաստներով»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է բռնություններին՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդպիսի դեպքեր պատահում են այն ժամանակ, երբ քաղաքական պայքարը կանգնում է: Այդ դեպքում մարդիկ են հայտնվում տարբեր ցնդաբանությամբ, ինչ-որ բանով տարված, իրականացնում են քայլեր, որոնք պետության համար վտանգավոր են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ