Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կմեկնարկի շախմատի Հայաստանի կանանց 76-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը, որին մասնակցող 10 շախմատիստուհիները վիճակահանությամբ կազմեցին մեկնարկային տուրի հետեւյալ զույգերը: Սիրանուշ Ղուկասյան-Մարիամ Ավետիսյան, Աստղիկ Հակոբյան-Մարիա Գեւորգյան, Նարե Առաքելյան-Արփինե Գրիգորյան, Վերոնիկա Խաչատրյան-Աննա Խաչատրյան, Մարիամ Մկրտչյան-Սուսաննա Գաբոյան:
Կանանց առաջնության գլխավոր Մրցավար Նունե Վարդանյանը Aravot.am-ին ասաց, որ անցած տարվա չեմպիոնուհի, կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը նույնպես, ինչպես տղամարդկանց մեջ Սամվել Տեր-Սահակյանը այդպես էլ հավաքականի կազմում միջազգային մրցաշարերում իրեն դրսեւորելու հնարավորություն չի ունեցել: Նաեւ տեղեկացրեց, թե ինչու վիճակահանության ժամանակ արվեց այնպես, որպեսզի Վերոնիկա Խաչատրյանը եւ Աննա Խաչատրյանը միմյանց հետ հանդիպեն առաջին տուրում: «Նրանք մի ընտանիքի անդամ հարազատ քույրեր են: Այդպես վարվեցինք, որպեսզի առաջնության ընթացքում հարկ առաջանալու դեպքում միմյանց միավոր տալու խնդիր չառաջանա: Չնայած, այդպիսի բան բացառվում է»,-մեկնաբանեց գլխավոր մրցավարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ