Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տղամարդկանց առաջնությունն ունի ՖԻԴԵ-ի դասակարգման աննախադեպ բարձր վարկանիշային կարգ

Փետրվար 15,2021 18:40

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կմեկնարկեն շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ եւ կանանց 76-րդ առաջնությունների բարձրագույն խմբի մրցաշարերը:

Բացման եւ վիճակահանության արարողությունից առաջ տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը լրատվամիջոցներին ասաց. «Ինչպես միշտ, տղամարդկանց առաջնությունը շատ մեծ հետաքրքրություն ունի, բայց այս անգամ մի քանի երեւույթներ լրացուցիչ հետաքրքրություն են ավելացնում: Նախ, շախմատիստները բավականին երկար ժամանակ սեղանի շուրջ չեն նստել եւ շախմատ չեն խաղացել: Բավարարվել են միայն արագ շախմատի առաջնությունով: Այս առումով, դասական շախմատի այս առաջնությունը ցույց կտա, թե ով ինչ մարզավիճակում է եւ յուրաքանչյուրից ինչ սպասելիքներ կարելի է ունենալ 2021 թվականին: Մենք բոլորս հույս ունենք, որ սառույցը, վերջապես, կկոտրվի եւ շախմատը վերջապես իր տեղը կվերագտնի ռեալ շախմատային մրցաշարերում: Չնայած անձամբ մի քանի օնլայն մրցաշարերում եղել եմ մրցավար, սակայն իմ խորին համոզմամբ շախմատի իրական ապագան ռեալ մրցաշարերն են:

Մենք սովոր ենք, որ շախմատի Հայաստանի առաջնությունները տարեցտարի ավելի ուժեղ կազմ են հավաքում, բայց այս տարի, թեեւ մասնակիցները 12-ն են, հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ ունի ՖԻԴԵ-ի դասակարգման 14-րդ կարգի դասակարգման մրցաշար, ինչը ընդհանուր առմամբ ազգային առաջնությունների համար շատ բարձր կարգ է: Աշխարհում շատ քիչ երկրներ կարող են հպարտանալ այդպիսի կազմով:

Առաջնության հիմնական նպատակը Հայաստանի չեմպիոնին որոշելն ու ի դեմս չեմպիոնի, ազգային հավաքականի թափուր տեղը լրացնելն է: Հիշեցնեմ, որ անցած տարի երկրի չեմպիոն եւ հավաքականի անդամ դարձավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, սակայն հավաքականը հայտնի պատճառներով ոչ մի խաղ չխաղաց: Հույս ունեմ, որ այս տարվա չեմպիոնին նույն ճակատագիրը բաժին չի հասնի»:

Aravot.am-ի հարցին, թե ինչ նկատի ունի ասելով առաջնության մասնակիցների շատ ուժեղ կազմ եւ արդյո՞ք որեւէ նորմ սահմանված է, Աշոտ Վարդապետյանը պատասխանեց. «Առաջնության 12 մասնակիցներից 11-ը գրոսմայստեր է: Միայն մեր պատանի տաղանդավոր շախմատիստներից Մամիկոն Ղարիբյանն է, որ միջազգային վարպետ է, եւ նա կարող է գրոսմայստերական նորմ լրացնել, եթե 11 հնարավորից վաստակի վեց միավոր»:

Անցկացված վիճակահանությամբ վաղն առաջին տուրում միմյանց հետ կխաղան հետեւյալ զույգերը. Հովհաննես Գաբուզյան-Մանուել Պետրոսյան, Շանթ Սարգսյան-Տիգրան Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Լեւոն Բաբուջյան, Հայկ Մարտիրոսյան-Տիգրան Հարությունյան, Մամիկոն Ղարիբյան-Արման Փաշիկյան, Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728