Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ երեխան, որը հիվանդանում է Մեղրիի կամ Նոյեմբերյանի գյուղերում, կարող է ստանալ այն բուժումը, որը ստանում է Լոնդոնում կամ Ֆրանկֆուրտում հիվանդացած երեխան». Արյունաբանականի տնօրեն

Փետրվար 15,2021 17:50

Հայաստանը, լինելով միջին եւ ցածր եկամուտ ունեցող երկիր, մանկական քաղցկեղով երեխաների ապրելիությունը մոտ է զարգացած երկրների ցուցանիշներին: Այսօր Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը: Նա, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին, ասաց, որ քաղցկեղ ունեցող երեխաների 80 տոկոսն առողջանում են բարձր եկամուտ ունեցող երկրներում: Ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը 20 տոկոսի սահմաններում է:

«Մեր երեխաների ապրելիության ցուցանիշները մոտենում են 70-75 երբեմն՝ 80 տոկոսի: Եվ դա սուղ գումարների պարագայում»,-ասաց բժիշկ Թամամյանը՝ նշելով, որ մեր երկրում տարեկան արձանագրվում է մանկական քաղցկեղի 80-100 նոր դեպք:

Գեւորգ Թամամյանն ասաց, որ Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող բոլոր երեխաների դեպքերի վերաբերյալ քննարկումներ են լինում աշխարհի լավագույն մասնագետների հետ, ինչը, ոչ միայն պացիենտի համար է լավ, այլ բժիշկների, որոնք կրթական մեծ առաջընթաց են ունենում նման խորհրդատվություններից:

Նրա ներկայացմամբ, «Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում կստեղծվի պալիատիվ կենտրոն, որը շուտով կբացվի: Երեխաներն այստեղ կստանան ամոքիչ բուժում: Բժիշկը կարեւոր համարեց, որ մեր երկրում մանկական քաղցկեղի բուժումն անվճար է: Ասաց նաեւ, որ կենտրոնում բուժվող երեխաներն ու նրանց ընտանիքի անդամները ստանում են անվճար սնունդ ու հոգեբանական աջակցություն:

Գեւորգ Թամամյանը հույս հայտնեց, որ դեղորայքի բեռը պետությունը կվերցնի իր վրա. մինչ այժմ մեծ մասը հոգում է հիմնադրամը: Ասաց նաեւ, որ տասնամյակներ շարունակ դեղորայքի գրանցման խնդիր կա. «Մենք շատ փոքր երկիր ենք եւ դեղագործական շատ ընկերություններ չեն ցանկանում գալ եւ այստեղ ներկայացված լինել: Հույս ունեմ, որ դեղերի առումով պետական միջամտությունը կմեծանա»:

Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի խոսքով, եթե 90-ականների կեսերից ունենում էինք 3-5 տոկոս առողջացում, այսօր յուրաքանչյուր տասը երեխայից 7-ը, երբեմն՝ 8-ը լիարժեք առողջանալու հնարավորություն ունի. «Սա բժիշկների մի մեծ խմբի անքուն գիշերների ու տքնաջան աշխատանքի արդյունքով է ստեղծվել: Հայ երեխան, որը հիվանդանում է Մեղրիի կամ Նոյեմբերյանի գյուղերում, կարող է լիարժեք ստանալ այն բուժումը, որը ստանում է Լոնդոնում կամ Ֆրանկֆուրտում հիվանդացած երեխան»:
Բայց, ինչպես կենտրոնի տնօրենը նշեց, արդյունքների առումով դեռ զիջում ենք Արեւմուտքին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728