Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության գալուց հետո ՀՀ-ում գործող բոլոր կուսակցություններին տանելու եմ ինքնալուծարման»

Փետրվար 15,2021 16:47

Հարցազրույց աստվածաբան, հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանի հետ

Ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ, մեր շուրջ այժմ:

– Տեղի է ունենում այն, ինչ հստակ նկարագրված է հայկական ժողովրդական հեքիաթներում, մեր էպոսում` հերիք չի ընկել ենք ջրհորը, այնտեղից էլ գլորվել ենք մութ աշխարհ: Դրան զուգահեռ հակահամակարգի ծառաները փորձում են կոտրել Հայաստանի ողնաշարը և  աշխարհի բոլոր հայերի կամքը: Մեզ փորձում են հուսահատեցնել՝ համոզել թե իբր մութ աշխարհից ելք չկա:

Եվ ո՞րն է ելքը:

– Ելքը, նախևառաջ, հայ մարդու ոգեղենությունը բարձրացնելն է: Դա, իհարկե, քաղաքականության և առավել ևս կուսակցությունների անելիքը չի: Նրանց ճնշող մեծամասնությունը ազգայինի հետ որևէ կապ չունի և, հետևաբար, չի էլ կարող որևէ ազգային խնդիր լուծել: Իսկ խնդիրներն ազգային են: Քաղաքականությամբ, ռազմաարդյունաբերական խոստումներով, տնտեսությամբ, դիվանագիտություն խաղալով հնարավոր չէ ամրացնել հայկականությունը: Թե իշխանությունները և թե ընդդիմադիրները շարունակում են գրեթե այնպես կարծես մեզ հետ ոչինչ չի պատահել: Պատերազմի հասցրած «արթնության ապտակը» հասել է միայն ազգին, մյուսները նորից շարունակում են զբաղվել իրենց ամբիցիաներով իշխանության հասնելու կամ իշխանությունը պահելու մոլուցքով` էլ չասեմ քաղաքական քինախնդրության մասին: Բայց չի աշխատելու: Ինձ համար կարևոր է, որ ազգի մի մասն արդեն արթնացել է, մյուս մասն էլ արթնանում է: Մարդիկ հասկանում են, որ կեղծ ռացիոնալ լուծումներն անզոր են: Մեզ ամենաիսակական հրաշքն է պետք, որը բերելը համարում եմ իմ առաքելությունը: Նրանք չունեն այն առանցքը, որի շուրջ կմիավորվեն բոլորը: Միավորումը և միասնականությունը օրհասկան են այսօր մեր հետագա գոյության և փառավոր վաղվա օր կերտելու համար: Այդ առանցքը հեքիաթն է` մեծ հայկական հեքիաթը, որ հազարամյակներով փոխանցվել է մեզ: Օրինակ բերեմ մեր շատ տաղանդավոր Սերինեի մշակմամբ «Հազարան բլբուլ»-ը հեքիաթից, որտեղ նկարագրվում է, որ թագավորը երկիրը շենացնելու համար տաճարներ, կամուրջներ է կառուցում, գանձարանը բացում և ոսկին բաժանում է ժողովրդին, սակայն, չորացած երկիրն այդպես էլ չի կանաչում: Մի պառավ ասում է. «Առանց հազարան բլբուլի երգ ու խոսքի մարդկանց սրտերում բարի խոհը մուտք չի գործի»: Հետևաբար, չորացած երկիրը կամրջով, բանակով, տնտեսությամբ չես կարող ծաղկեցնել: Հազարան բլբուլն այն հավատն է, ոգեղենությունն է, որի շուրջ հավաքվելիս՝ այդ բարի խոհը մուտք է գործում մարդկանց սրտում, մարդիկ ցանկանում են ապրել, արարել և ամենակարևորը` չխաբել:

 Այսինքն՝  հեքիաթի շո՞ւրջ մարդիկ հավաքվեն:

– Որ ասում եմ հեքիաթ` ես էլ հետն եմ: Իմ և Հեքիաթի: Դա չի նշանակում կտրվել ժամանակակից աշխարհից, գիտության և տեխնիկայի նվաճումներից: Ի վերջո, գյուտերի զգալի մասն իրականացվել են պատահականությամբ կամ երազներով: Իսկ երազներն ու հեքիաթները փոխկապակցված են: Մեզ համար առանցքային կարևոր գյուտը Մաշտոցին տրվել է հենց երազի միջոցով: Հենց մեր հեքիաթներն ու Արարչագիրն են հուշում Տուն-երկիրը կառավարելու լավագույն մեխանիզմները:

Ասում եք ոգեղենության բարձրացման մասին, սակայն Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ այն ոգևորությունը, որը Դյուցազնավեպի առանցքային դրվագներով տեղափոխվել էր մեր իրականություն, նույնքան անկում ապրեց, որքան բարձրացել էր:

– Պատերազմական դրության ժամանակ անկախ ելքից ազգը պիտի մեկ լինի և ունենա ոգեղենության անսպառ աղբյուր: «Սասնա ծռեր» Դյուցազնավեպը հիմա էլ, նախկինում էլ եղել և մնում է այդ ոգեղենության կարևորագույն աղբյուրը: Ինչ խոսք, էպոսում նույնպես պարտություններ եղել են, բայց դա կապված է եղել Ջոջաց տան այլ ներկայացուցիչների հետ, ոչ թե՝ Դավթի և Քուռկիկ Ջալալու: Վերգոյի սկզբունքներով չի կարելի պատերազմ հաղթել:

Այժմյան իրավիճակի ելքն ինչպե՞ս եք տեսնում:

– Մութ աշխարհից ելքը գտնում է միայն հեքիաթի հերոսը` Հալիվորի անմիջական ուղղորդմամբ: Այս բոլոր տարիներին ես պատրաստվել եմ Արարատը տուն բերելուն, իսկ դա ենթադրում է խորությամբ ուսումնասիրել եմ և պատմություն, և պետական կառավարում և թաքնագիտություն: Ելքը մեկն է` ՀՀ-ն պետք է դառնա Հեքիաթային Հայաստան, իսկ դա կարող եմ անել միայն ես: Դեպի հեքիաթը շրջված բազմահազար զորաբանակ ունեմ, որի թիվը ժամ առ ժամ աճում է: Մեզ, նախևառաջ, միջուկային զենք է պետք, որով զբաղվելու եմ որպես առաջնահերթ խնդիր: Իշխանության գալուց հետո ՀՀ-ում գործող բոլոր կուսակցություններին տանելու եմ ինքնալուծարման, հիմնելու եմ Պարիս Հերունու անվան գիտատեխնիկական կենտրոն, ՈՄԱ-ն ստանալու է պետության մեծածավալ աջակցություն, ուսուցիչները շարունակելու են աշխատել բացառապես մրցակցային հիմունքներով և շատ ու շատ այլ` վճռական բարեփոխումներ:

Ինձ համար խորթ է այն միտքը, որ աշխարհի գերտերությունները Հայաստանի հետ կապված շահեր չունեն: Դա քաղաքագիտական տկարամտության հետևանք է: Ունեն և այն էլ ոնց ունեն: Պատերազմի ելքով այդ շահերը ոչ միայն չեն անհետացել, այլ շատ ավելի են կարևորվել:

Ցավոք, առավոտից իրիկուն աղմկող գործիչներն ու բազմագետները չեն տեսնում Հայաստանի հետ կապված Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, արևմուտքի, Իրանի իրական շահերը: Փառք Աստծո, որ այդ երկրների քաղաքագիտական միտքը նույնքան տկար չէ և նրանք հրաշալի տեսնում են ուժեղ Հայաստանի օրակարգային անհրաժեշտությունը: Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, այն միանշանակ բազմաբևեռ պետք է լինի: Դա չի նշանակում տուն-տունիկ խաղալ բոլորի հետ: Դա նշանակում է, որ Հայաստանի անկախությունը նախևառաջ, արտաքին քաղաքական անկախությունն է: Այո´, կարելի է այստեղ ունենալ ռուսական զորքեր և կարելի է նաև մի օր չունենալ: Ռուսական զորք ունենալ չի նշանակում, որ մյուս երկրների «ոտքը» պետք է կտրվի Հայաստանից: Ի վերջո, կապերը սկսում են առողջանալ մշակույթով, կրթությամբ, տնտեսությամբ: Մենք այսօր գոնե այս երեք ոլորտներում հատուկ հարաբերություններ ունենե՞նք, ասենք, Չինաստանի հետ:  Չունենք:

 Ինչու՞ եք այդքան հաճախ խոսում Չինաստանի մասին:

– Որպես հայ մարդու՝ ինձ հետաքրքրում է, թե որն է օդանավակայանից մեր երկիր ժամանող մարդու համար առաջինը վեր հառնող կարևորագույն կառույցը: Այսօր արդեն դա Չինաստանի դեսպանատունն է: Եթե հիշում եք, նախկինում՝ 90-ականներին, օդանավակայանից գալիս՝ ճանապարհին առաջինը ԱՄՆ դեսպանատունն էր, այդ ժամանակ, եթե կհիշեք, Ամերիկայի գերակայության ժամանակաշրջանն էր: Դրան հաջորդեց ռուսական եկեղեցին: Այժմ առաջինը Չինաստանի դեսպանատունն է, որի արագ և այդ մասշտաբների կառուցումը հաստատում է Չինաստանի խիստ շահագրգռված լինելը մեր երկրի հետ փայլուն  հարաբերություններ կառուցելու փաստում: Այդպիսի հարցերում նման գերտերությունները պատահական վայրեր չեն ընտրում: Սակայն ես չեմ ասում, որ հիմա էլ պետք է կախված լինենք Չինաստանից: Ես ընդգծում եմ այս երեք գերտերությունների շահագրգռվածությունը և նրանց կողմից հստակ  գիտակցվող Հայաստանի կարևորությունը: Ուզում եք նշաններ տեսեք այս ամեն ինչում, ուզում եք զուգադիպություն, բայց կրկում եմ` այսպիսի բաները պատահականությամբ չեն լինում: Այդ ամենը մեր երկրի համար ստրատեգիական փոփոխությունների ուղերձ է և մենք պետք է տեսնենք դրանք: Սակայն սա չի նշանակում, որ հարաբերությունները պետք է խզել այլ երկրների հետ. Իրանը 30 տարի է փորձում է աշխատել Հայաստանի հետ և դա ստացվում է նվազագույն չափով:

 Վերջերս հանդես եք եկել նաև միասնության և միավորման կոչով: Դուք հավատու՞մ եք դրա հնարավորությանը:

 – Ոչ միայն հավատում եմ, այլև գիտեմ, որ առանց դրա մենք ճանապարհ չունենք անցնելու: Պարտադիր խնդիր ունենք միաբանվելու, մեկտեղվելու, միասնական լինելու՝ մի կողմ թողնելով քաղաքական, կուսակցական բոլոր ամբիցիաները: Թմբիրից արթնացած ցանկացած հայ մարդ տեսնում է, որ տարբեր ուժեր այսօր հանդես են գալիս իներցիոն տրամաբանությամբ՝ առանց սթափ մտածելու, թե որ կետում ենք գտնվում և ինչ իրական սպառնալիքներ կան: Ահա թե ինչու եմ միավորվելու կոչ անում:  Այդ միավորումը պետք է լինի ազգային առանցքի շուրջ, քանի որ վաղուց արդեն անհնար է քաղաքական, կուսակցական գաղափարներով ոգևորել հայ մարդուն և բարձրացնել նրա ոգեղենությունը: Ինչու՞ միավորվել իմ շուրջ, որովհետև որքան էլ անհամեստ հնչի հենց ես եմ նման հայտ ներկայացնում և չունեմ ոչ կրիմինալ, ոչ օլիգարխիկ, ոչ էլ կուսակցական անցյալ: Իրականում չեմ սպասելու դրան, բայց դա կարևոր է հենց այդ ուժերի համար: Ես հստակ ասել եմ, որ ինձ համար ընդունելի չեն ոչ թղթե շերեփը, ոչ էլ թավիշը, ինձ հոգեհարազատ է Թուր Կեծակին և հենց այդ տրամաբանությամբ էլ գործելու եմ:

Նույնիսկ ՄԱԿ-ի լավատեսական կանխատեսումների համաձայն՝  2050 թ. Հայաստանի բնակչության շուրջ 40%-ը լինելու են տարեցներ: Լուծումը ո՞րն է  Ձեր տեսանկյունից:

– Լուծումներից մեկը հայրենադարձության մեծ ալիքն է, որ կունենանք, երբ ստանձնեմ երկրի կառավարման պատասխանատվությունը: Բնական է նաև ապահովելու եմ բոլոր հայրենադարձվողների համար անհրաժեշտ արժանապատիվ ապրելու պայմանները: Մյուս եղանակը միայնակ մայրերի հանդեպ հասարակական պախարանքի մթնոլորտի վերացումն է և նրանց ամեն անհրաժեշտով ապահովումը: Ընտանիքի դերը Հայաստանում պետք է լինի ամենաբարձր մակարդակում: Մնացածը կունենանք: Հայերը սիրում են երեխաներ: Մենք կստիպենք ՄԱԿ-ին վերանայել իր կանխատեսումները:

Եվ վերջին հարցը: Ինչպե՞ս եք գալու իշխանության:

– Հրաշքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728