Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա այսպիսի պահանջ՝ վարչապետին ասեք, որ հանկարծ հրաժարական չտա»․ «Իմ քայլի» պատգամավոր

Փետրվար 15,2021 16:40

«Հասարակությունը պետք է որոշի՝ արտահերթ ընտրություններ պե՞տք են, թե ոչ։ Հանրությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք չի տեսնում։ Նման պահանջ չկա»,-«Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանն այն մասին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

«Մենք, ըստ էության, միայնակ մնացինք մեր առաջարկի հետ։ Մենք առաջարկում էինք արտահերթ ընտրություններ, բայց, բացի արտախորհրդարանական մի քանի ուժերից, մնացածը հայտարարեցին, որ կամ չեն մասնակցելու, կամ էլ դրեցին պահանջներ։ Կարծում եմ՝ սա գալիս է նրանից, որ խորհրդարանական ընդդիմությունը վստահ չէր՝ կունենա՞ այնքան մանդատ, որը հիմա ունի, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը վստահ չէ, որ կհայտնվի խորհրդարանում։ Ուստի, մենք եզրակացրինք, որ պետք չէ անել այնպիսի ընտրություններ, որոնց միայն մենք կմասնակցենք։ Ուստի շարունակում ենք 2018թ․-ից հաստատված քաղաքական ստատուս քվոն»,-նշեց պատգամավորը։

Գեւորգ Պապոյանի կարծիքով՝ ժամանակ է պետք մինչեւ հաջորդ հերթական ընտրությունները, որպեսզի նոր կուսակցություններ եւ նոր գաղափարներ ի հայտ գան․ «Այնպես որ, ժամանակը քաղաքական դաշտի օգտին է։ Գուցե քաղաքական դաշտի «դինոզավրերի» օգտին չէ, որոնք վերանում են կամ կվերանան, կամ՝ մարդ-կուսակցությունները, բայց քաղաքական դաշտի առողջացման օգտին պետք է շարժվել։ Հանրության մեջ կան հնարավորություններ, որոնք կարելի է համարել քաղաքական կապիտալ, բայց դրա ձեւավորման համար ժամանակ է պետք»։

Պապոյանը շեշտեց՝ իրենք համաձայն չեն «Հայրենիքի փրկության շարժման» այն առաջարկին, որ իշխանությունը պետք է տալ ժամանակավոր կառավարությանը, որը պետք է հետագայում կազմակերպի ընտրություններ․ «Ժողովրդի ձեռքից չենք վերցնի ընտրության իրավունքը եւ չենք տա որեւէ խմբակի, ինչպես եղել է տեւական ժամանակ։ Ընտրություններով իշխանության գալու եւ իշխանությունից գնալու ինստիտուտը մենք ներդնելու ենք։ Ժողովուրդն է մեզ իշխանությունից հեռացնողը»։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե իշխանությունն արտահերթ ընտրությունների կգնա Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի ժամկետի ավարտին, Գեւորգ Պապոյանը նշեց, որ ճանապարհային քարտեզը չի ենթադրում եւ չի բացառում արտահերթ ընտրությունները․ «Ի սկզբանե դրանք կապված էին իրար հետ, բայց իրավիճակը փոխվել է։ Մենք ենթադրում էինք, որ այդ առաջարկը պետք է անենք ճանապարհային քարտեզից հետո, բայց ավելի շուտ արեցինք, ու պարզվեց, որ հանրության մոտ նման պահանջ չկա։ Կա այսպիսի պահանջ՝ վարչապետին ասեք, որ հանկարծ հրաժարական չտա կամ վարչապետին ասեք՝ մեզ մենակ չթողնի, մեզ արտահերթ ընտրություններ պետք չեն․․․ հիմնական պահանջն այն է, որ մենք աշխատենք։ Նման բաներ շատ ենք լսում։ Ասում են՝ գնացեք-աշխատեք։ Ուստի ճանապարհային քարտեզը խնդիրների լուծման համար է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728