Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ հետ չգայինք, ո՞վ էր մեր ծնողներին, հարազատներին տեղեկություն տալու». ԳՇ պետին հարցնում են մարտական գործողություններին մասնակցած, բայց ոչ մի տեղ չհաշվառված երիտասարդները

Փետրվար 15,2021 16:18

«Մենք հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 12-ը ձեր զորամասում մարտական հերթապահություն ենք իրականացրել, ուզում ենք ճշտել՝ մեր անունները կա՞ն ձեր զորամասում»,-Արցախի «Մարտունի 3» զորամասի ֆինանսական բաժնի պատասխանատուին հեռախոսով հարցրեց Հովհաննես Շահբազյանը, որն իր 9 ծառայակից ընկերների հետ պատերազմի օրերին մարտական հերթապահություն է իրականացրել այդ զորամասում, սակայն նրանցից ոչ մեկի անունը որեւէ ցուցակում նշված չէ: Տղաներն ասում են, որ որեւէ փաստաթղթում չկա, որ տղաները մասնակցել են մարտական գործողություններին:

Այսօր նրանք Գլխավոր շտաբի մոտ բողոքի ցույց արեցին՝ պահանջելով իրենց հաշվառել:

«Մարտունի 3»-ից տղաներին հայտնեցին, որ նրանց անուններն իրենց զորամասում չկան: Մինչ այստեղ գալը երիտասարդները, որոնց հոկտեմբերի 2-ին Արցախ տարել են Չարենցավանի զինկոմիսարիատից, եղել են պաշտպանության նախարարությունում, որտեղից էլ ուղղորդել են ԳՇ:

«Որ հետ չգայինք, ո՞վ էր մեր ծնողներին, հարազատներին տեղեկություն տալու: Հոկտեմբերի 2-ից զինգրքույկները հանձնել ենք Չարենցավանի զինկոմիսարիատ եւ այդ օրվանից զինգրքույկի երես չենք տեսել: Տարել են Հայկազով, այնտեղից գնացել ենք Խոջալու, Խոջալուից՝ Ասկերան, հետո նորից Հայկազով, այնտեղից կրկին Ասկերան, հետո՝ Խոջալու, այնտեղ ի վերջո մեզ «ֆորմա» տվեցին, ուղարկեցին Բալուջա, այնտեղ զենք-զինամթերք ստացանք ու մեզ տարան Աստղաձոր, ապա՝ «Մարտունի 3»: Բայց որեւէ տեղ մեր անունները չկան»,-ասաց Հովհաննեսը:

Նրա խոսքով՝ «Ասացին՝ գնում եք Արցախ: Մեզ հետ Եղվարդից մի «օֆիցեր» են դրել, որը կեսից անհետացավ, էլ ո՛չ «օֆիցեր» ենք տեսել, ո՛չ՝ զինգրքույկ: Օր ու մեջ գալիս՝ մեր անունները գրում էին, ասում էին՝ նրա համար է, որ ձեր ընտանիքներին ֆինանսական օգնություն տրամադրվի կամ, աստված չանի, առողջական խնդիրներ ունենանք՝ լուծվեն այդ հարցերը»:

Տղաների խոսքով՝ իրենք չեն կամավորագրվել, զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցում են ստացել:

Ուշագրավ է, որ Չարենցավանից մեկնած տղաների ջոկատում եղել են նաեւ 3 արցախցի տղաներ, որոնք պատշաճ հաշվառված են, գումար էլ ստացել են:

Տղաներն ասում են՝ մարտական գործողություններից ունեն տեսանյութեր ու ձայնագրություններ, սակայն առայժմ չեն հրապարակի, սպասում են նախարարության պատասխանին, եթե արձագանք չեղավ՝ այդ փաստերը կհրապարակեն. «Դրանք փաստեր են, որ մենք այնտեղ ենք եղել, մեզ ասում են՝ եթե ձեր անունները չկան, դուք այստեղ չեք եղել: Մեր զինգրքույկները մնացել են Բալուջայում, այդ ժամանակ ռմբակոծվում էր Բալուջան, ահավոր վիճակ էր, բոլորին տարհանում էին: Զանգում՝ ասում ենք այսինչ օրից այնինչ օրը մասնակցել ենք պատերազմին, ասում են՝ ձեր անունները չկան: Իրենց ունեցած ապացույցներն այն են, որ հոկտեմբերի 2-ին ներկայացել ենք Չարենցավանի զինկոմիսարիատ եւ մեկնել ենք Արցախ եւ մեկ էլ՝ նոյեմբերի 13-ին ներկայացել ենք Չարենցավանի զինկոմիսարիատ, որ մենք արդեն հետ ենք վերադարձել»,-պատմեց պատերազմին մասնակցած եւ չհաշվառված տղաներից մեկը:

Նրանք ցույց տվեցին զինկոմիսարիատի կնիքով տեղեկանքը, որը վկայում էր գնալու եւ վերադառնալու մասին. «Գնացել՝ եկել ենք, բայց՝ որտե՞ղ ենք եղել, ի՞նչ մարտական ուղի ենք անցել, ո՞ր մասում ենք կռիվ տվել ոչ մի փաստ չկա: Զինկոմիսարիատն ասել է դիմում գրեք, գրել ենք, ասում են չգիտենք, դիմումը ուղարկել ենք: Ինչո՞ւ էին ամեն օր գալիս, մեզնից մեր անուն ազգանունը ճշտում ու գրանցում, եթե ոչ մի տեղ չէին հաշվառելու: Դա անում էր նախկին շտաբի պետը, որը զոհվել է»:

Նրանց խոսքով, իրենց կատարած գործողություների մասին կարող է փաստել նաեւ «Մարտունի 3»-ի երրորդ գումարտակի հրամանատարը. «Մենք եղել ենք այդ գումարտակի 7-րդ վաշտում: Մարտական հերթապահությունն իրականացրել ենք 142-143 հենակետերում հակառակորդից հեռավորությունը եղել է 25 մետր: Նորմալ զենք էլ չենք ունեցել»:
Գլխավոր շտաբից ցույցի երեք մասնակցի ներս հրավիրեցին:

«Փոխգնդապետ Զարգարյանն ասաց, որ վաղը ներկայացնենք, բոլոր տղաների փաստաթղթերը, ապացուցողական փաստերը եւ դիմում գրենք: Այդ դիմումները կուղղվեն ՀՀ ՊՆ-ին, Գլխավոր շտաբի պետին եւ Արցախի Պաշտպանության բանակին եւ կարճ ժամանակում այդ հարցին լուծում կտան»,-ասաց փոխգնդապետ Զարգարյանի հետ հանդիպմանը մասնակցած երիտասարդներից մեկը: Նրա խոսքով, ԳՇ-ում ակնարկեցին, որ անփությունը եկել է Արցախի ՊԲ-ից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728