Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, մեր խորհրդարանական մեծամասնությունը հիմա ուղի է բռնել ռեպրեսիվ օրինագծեր ընդունելու». Աշոտ Մելիքյան

Փետրվար 15,2021 15:47

«Ցավոք, մեր խորհրդարանական մեծամասնությունը հիմա ուղի է բռնել ռեպրեսիվ օրինագծեր ընդունելու, փոխանակ քննարկի և փորձի գտնել այլ ճանապարհներ, այդ թվում նաև քաղաքական»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը:

Ըստ իշխանական պատգամավորի առաջարկի՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է վիրավորանքի համար 1 միլիոնի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ փոխհատուցման չափ սահմանել, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն։

Աշոտ Մելիքյանը նշեց՝ իրականում դեռ 2010-ին, երբ այս փոփոխությունը քաղաքացիական օրենսգրքում մտցվում էր, ասում էին՝ մեկ-երկու միլիոնն էլ բավականին շատ է լրատվամիջոցների պարագայում, որովհետև մեծ հաշվով, այդ փոփոխության իմաստն այն է, որ եթե դա զրպարտություն է՝ տեղեկությունները ճշտվեն և ուղղվեն, եթե վիրավորանք է՝ ներողություն խնդրեն ու հավելեց. «Չի կարելի այնպիսի փոխհատուցում նշանակել, որը կարող է ԶԼՄ-ին կոլապսի ենթարկել. շատ հաճախ նույնիսկ իշխանավորները, այլ հայտնի մարդիկ, օբյեկտիվ քննադատությունը ընկալում են որպես վիրավորանք և զրպարտություն: Դա դառնում է դատական վեճ»:

Նա նշեց՝ այսօրվա դրությամբ դատական համակարգը ճգնաժամի մեջ է. կարող են վիճահարույց վճիռներ կայացնել, որը կարող է դիտարկվել որպես մահակ և իրականում դառնալ մահակ լրատվամիջոցների համար: Աշոտ Մելիքյանը հայտարարեց. «Անընդունելի եմ համարում փոխհատուցումները հնգապատկելը: Մեծ հաշվով նաև դատական պրակտիկա է ձևավորվում այն առումով, որ առավելագույն պահանջները չեն բավարարվում որպես կանոն»:

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ ցավոք, այն փոփոխությունը, որը փորձում են կատարել իշխանությունները, ստացվում է այնպես, որ եթե դատարանները իսկապես նույն մոտեցումն են կիրառում մեկ միլիոն պահանջի դեպքում՝ 200 հազարի չափով բավարարում, ապա ի՞նչ կարևոր է՝ դրա շեմը կլինի հինգ, հիսուն, թե՞ հարյուր հազար, այնուհետև շարունակեց. «Ո՞վ է  որոշել, որ ամենաողջամիտ մոտեցումը հինգ, տասը միլիոն է: Գիտեմ՝ հիմնականում այն է, որ լրատվական դաշտը հեղեղված է և՛ վիրավորանքով, և՛ զրպարտությամբ, և՛ մանիպուլյացիայով, և՛ ֆեյք լուրերով, բայց այս օրենքի փոփոխմամբ հավաստիացնում եմ՝ իրավիճակ չի փոխվի: Հաճախ սա կարող է ուղղակի ուղերձ դառնալ դատարանների համար, որ նրանք այս պրակտիկան վերանայեն և ավելի բարձր փոխհատուցման չափեր նշեն»:

Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝ հասկանում ու տեսնում ենք, որ վիրավորանքն ու զրպարտությունը մեդիա դաշտում տարածվել է քաղաքական պայքարի հետևանքով: Ըստ նրա՝ եթե քաղաքական ուժերը, իրենց համակիրները կարողանան իրենց հռետորաբանությունում բացառել վիրավորանք արտահայտելը, այդ ամբողջ մթնոլորտը բավականին շուտ կարող է հանդարտվել: Աշոտ Մելիքյանն ասաց. «Լավ հասկանում ենք, որ այստեղ լրատվամիջոցները երկրորդական դեր են կատարում, նրանք քաղաքական համակարգի մաս դառնալով, վերարտադրում են այն, ինչ նրանց քաղաքական պատվիրատուներն են ասում: Բավականին լայն հնարավորություններ կան, որոնք կարելի էր օգտագործել, այդ թվում նաև նորից ակտիվ մասնակցել, աջակցել ինքնակարգավորման գործընթացին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728