«Տնտեսության զարգացման համար շատ կուզենայի, որ մեր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, շատ ավելի լուրջ վերաբերմունք ցուցաբերեին կադրային քաղաքականության հանդեպ»,-«Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով իշխանության կադրային քաղաքականությանը՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Նրա խոսքով՝ հետաքրքրական է, որ անգամ խորհրդարանական ընդդիմությունը երբեք չի թմբկահարում «Իմ քայլի» կադրային ոչ ճիշտ քաղաքականությունը, որովհետեւ դա իրենց ձեռք է տալիս․ «Կարող է մեկ-մեկ մակերեսային ասում են, բայց իրենց պետք է, որ «Իմ քայլը» սխալվի։ Մարդուն փչացնելու լավագույն միջոցը նրա սխալները չուղղելն է»։
Իշխանական պատգամավորը հավելեց․ «Դրա մասին չեն խոսում, բայց ես խոսում եմ։ Նոր եմ եկել «Իմ քայլ», բայց ասում եմ, որ մեր կադրային քաղաքականությունը հատկապես վերանայելու կարիք կա։ Պետք է ընտրվեն կուսակցության ներսից կամ երկրից միայն այն մարդիկ, որոնք համապատասխանում են որոշակի չափորոշիչների, որոնք հայրենասեր են, ազնիվ, պրոֆեսիոնալ։ ԽԾԲ-ի որեւէ դրսեւորում չպետք է լինի։ Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով նշանակումները շատ վտանգավոր են երկրի եւ պետականության համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ