Լրահոս
Օրվա լրահոսը

«Անում են այն, ինչ Ալիեւը՝ քանդում են երկիրը ներսից»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ ընդդիմության մասին

Փետրվար 15,2021 14:22

«Մարտահրավերներն այնքան շատ են, որ թվարկես՝ գլուխդ կցավա։ Ցավալի է, որ փոխանակ դրանք հերթով լուծենք, միավորվենք, փորձենք երկիրը հանել այս վիճակից, չգիտեմ կամ գիտեմ ինչու՝ ընկել ենք աթոռակռվի հետեւից»,-«Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Նա նշեց․ «Երկու օր է, ինչ շատ բարկացած եմ։ Հետեւում եմ սրիկա ղեկավար Ալիեւի ելույթներին։ Եթե տեսնեք, թե ինչ ատելությամբ եւ ինչպիսի դաժանությամբ է նա խոսում հայերի հանդեպ նոր բռնությունների մասին, ինչ ցանկություններ ունի․․․երբ լսում եմ այդ մարդ կոչեցյալին, տեղս չեմ գտնում, որ այսպիսի պայմաններում, երբ թշնամին ամեն ինչ անում է իր երկրում բոլորին ուղղորդելու համար հայերի եւ ՀՀ-ի դեմ, այստեղ մարդիկ փոխանակ մոռանան ամեն ինչ եւ միավորվեն թշնամու դեմ, ընկել են թշնամու․․․կարծես գործակալները լինեն։ Անում են այն, ինչ Ալիեւը՝ քանդում են երկիրը ներսից՝ թուլացնում են երկիրը ներսից, թույլ չեն տալիս, որ այս ծանր պայմաններում իշխանությունն ու ժողովուրդն իրեն մի հատ թափ տան, հավաքվեն»։

Պատգամավորի խոսքով․ «Մեր տունն են մտել, տարել մեր տունը, ու այսքանից հետո փոխանակ օրակարգով մտածենք վիճակից դուրս գալու մասին․․․լավ, դուք բացարձակապես չունե՞ք ազգային մտածելակերպ, թե ձեր հայրենասիրությունն ավարտվում է իշխանությունը վերցնելով կամ չվերցնելով։ Բավ է, հերիք է։ Այսօր թուրքն ուրախանում է, որ դուք աթոռակռվի հետևից ընկած՝ ոչնչացնում եք մեր պետականությունը»։

Հակոբ Ասլանյանը համոզված է, որ արտահերթ ընտրությունների մասին խոսողները չունեն վերլուծական կարողություններ․ «Թող չվիրավորվեն։ Չեն վերլուծում իրավիճակը։ Նախ, իրենք ասում են, թե իրենք պետք է ընտրություններ կազմակերպեն, բայց մոռանում են, որ ՀՀ քաղաքացին 90թ․-ից հետո առաջին անգամ կատարել է ընտրություն եւ ուզում է իմանալ՝ ինքը որքանո՞վ է ճիշտ։ Հինգ տարի ժամանակ է տրվել նոր իշխանությանը, որպեսզի ապագայում իմանա, թե ինչ ընտրություն է անելու։ Ժողովուրդն է այս երկրի տերը, ոչ թե դուք կամ մենք։ «17+», դուք ձեզ հարց տվե՞լ եք։ Օրենքով կուսակցությունները երկու հազար մարդ պետք է ունենան։ 14 000 մարդ միայն պետք է ձեր անդամը լիներ։ Ձեր հանրահավաքներին առնվազն 15 000 մարդ պետք է լիներ։ Ստացվում է, որ ձեր կուսակցականներն էլ համաձայն չեն ձեր հետ, չեն ուզում ընտրություններ»։

Ասլանյանի գնահատմամբ՝ «Հայրենիքի փրկության շարժումն» արդեն հասկացրել է հանրությանը, որ ինքն իշխանություն է ուզում, մինչդեռ ժողովուրդը նրանց իշխանություն չի տա․ «Ժողովրդի մի հսկա մաս հասկացել է, որ քվեն շատ կարեւոր է, որ այլեւս այդ գործիքի տերն ինքն է։ Անցել են վախեցնելու, կաշառքի, խաբելու ժամանակները։ Իշխանությանը հիմա խանգարում են՝ օգնելու փոխարեն, որովհետեւ գիտեն՝ անգամ եթե ուղղակի չխանգարեն, մենք կարճ ժամանակ հետո ոտքի ենք կանգնելու, իսկ նրանց անհրաժեշտությունն այլեւս չի լինելու։ Բավական է աղ լցնել մեր վիրավոր մարմնի վրա։ Ինչո՞ւ է ձեզ թվում, թե գերիների մասին ավելի շատ եք ցավում, քան մենք։ Եթե չեք ուզում օգնել, գոնե մի խանգարեք»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728