Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ուզում ենք շարժել լռությունը». Եթերազրկված Հ2-ի անձնակազմը նամակներ հանձնեց դեսպանատներին եւ ԵՄ գրասենյակին

Փետրվար 15,2021 13:59

«Բոլորդ տեղյակ եք Հ2 հեռուստաալիքի եթերազրկման պատմությունից, մենք նամակներ ենք պատրաստել, որոնք պետք է հանձնենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, ՌԴ դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, ինչպես նաեւ ԵՄ պատվիրակության գրասենյակ»,-լրագրողների հետ զրույցում ասաց եթերազրկված Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանը: Առաջին նամակը հանձնվեց ԵՄ պատվիրակության գրասենյակ, որ փոխանցվի դեսպան Անդրեա Վիկտորինին:

Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավարն ընթերցեց նամակի բովանդակությունը: «ՀՌՀ-ը` նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ 2021թ հունվարի 15-ին կայացրել է որոշում, ըստ որի Հ2-ը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից: Հատկանշական է, որ գործող հեռուստաալիքներից միայն Հ2-ն է, որ այդ որոշման արդյունքում կորցրել է հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու իր իրավունքը: Վերջին տարիներին մեր հեռուստաընկերության սեփականատիրոջ` Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, որը զուգորդվել է մեզ լռեցնելուն ուղղված բազմաթիվ եւ հետեւողական քայլերով, մեզ մոտ կասկածի տեղ չի թողնում, որ վերոնշյալ որոշումն ամբողջապես տեղավորվում է նույն տրամաբանության մեջ»,-մասնավորապես ասված է հեռուստաընկերության նամակում:

Հ2-ի եթերազրկումը հեռուստաընկերության աշխատակազմն աննախադեպ է համարում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, լրջագույն հարված` խոսքի եւ մամուլի ազատությանը, ժողովրդավարությանը, ուստի օրենքով սահմանված բոլոր միջոցներով պայքարելու է, որպեսզի վերականգնվի ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը:

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ գործող հեռուստաընկերության նման ձեւով եթերազրկումն աննախադեպ չէ՝ 2002-ին նույն ձեւով եթերազրկվեց «Ա1+»-ը, եւ այդ ժամանակ մի շարք ԶԼՄ-ներ՝ այդ թվում նաեւ «Հ2»-ը, որն այն ժամանակ «Պրոմեթեւս» էր կոչվում՝ հայտարարություն տարածեցին, թե Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ:

Շավարշ Գեւորգյանը դժվարացավ պատասխանել, թե ի տարբերություն նախկին ժամանակների, այժմ ինչու նման խնդրի դեպքում որեւէ աղմուկ չի բարձրանում համապատասխան կառույցների կողմից: «Լավ կլինի հարցը ուղղել լրագրողական, իրավապաշտպան կազմակերպություններին: Ի դեպ, նրանց էլ ենք ուղղելու նմանաբովանդակ նամակներ` ԵՄԱ-ին, ԽԱՊԿ-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին, «Մեդիա պաշտպան» հասարակական նախաձեռնությանը եւ մյուսներին, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Թերեւս լավ կլինի իրենք պատասխանեն այդ հարցին, թե ինչու այս իրադարձության հետ կապված որոշակի գնահատականներ եւ վերաբերմունք չեն արտահայտում, չնայած նշած կազմակերպությունների ներկայացուցիչները օնլայն ռեժիմով «Հոդված-3» ակումբի ասուլիսում կարծեմ անդրադարձել են թեմային եւ իրենց գնահատականը հայտնել են, բայց միջազգային կազմակերպություններից առայժմ ոչ մի արձագանք չկա: Մենք ուզում ենք շարժել այդ լռությունը»,-ասաց նա:

Շավարշ Գեւորգյանը նշեց, որ դիմել են դատարան. «Դատարանը գործն ընդունել է վարույթ, այլ մանրամասն այս պահին չեմ կարող հաղորդել` իրավական մանրամասների մեջ չխորանալու համար: Առաջիկայում կունենանք ասուլիս եւ հեռուստաընկերության ղեկավար անձնակազմը բոլոր մանրամասներով բոլոր հարցերին կանդրադառնա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728