Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Հ. Մանուկյան) այսօր քննվեց ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ բողոքը:
2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության մասին:
ՀՔԾ ավագ քննիչը 04.02.2021թ. գրությամբ տեղեկացրել էր, որ դատախազությունը նշված հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի 2020 թվականի նոյեմբերի 19-ի հարցազրույցի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված թիվ 62227420 քրեական գործին կցելու և դրանում նշված հանգամանքների շուրջ քննություն կատարելու համար։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների համաձայն 10 օրվա ընթացքում հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
Կարդացեք նաև
1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:
Ըստ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ «Առ այսօր դատախազությունից կամ հատուկ քննչական ծառայությունից չենք ստացել այս երեք որոշումներից ոչ մեկը:
Դատախազությունը կամ քննչական մարմինը այս երեք ճանապարհներից մեկը պետք է ընտրեր, այսինքն՝ (1) քրեական գործ հարուցեր, եթե «տեսներ» հանցագործության առիթը և հիմքը, (2) քրեական գործ հարուցելը մերժեր, եթե «չտեսներ» հանցագործության առիթը և հիմքը, կամ (3) հաղորդումը որոշումով ուղարկեր իրավասու մարմնին:
Օրենքով չորրորդ ճանապարհ նախատեսված չէ հանցագործության մասին հաղորդումը քննարկելու ժամանակ:
Մինչդեռ, դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ընտրել են չորրորդ ճանապարհը, դիմող փաստաբաններիս զրկելով նշված երեք տեսակի որոշումներից մեկը ստանալու իրավունքից»:
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Արա Զոհրաբյանն ասաց. «Հաղորդման մեջ նկարագրված են բոլոր այն իրադարձությունները, որոնք եղել են մինչ պատերազմը, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Արցախը Հայաստան է և վերջ, պատերազմի ընթացքում որոշ գործողություններ, օրինակ՝ մեր պահեստազորում գտնվող որոշակի տարիքի զինծառայողների մասին տվյալների հրապարակում: Մեր կողմից մատնանշված որոշ իրադարձություններ նաև հետպատերազմյան շրջանին են վերաբերում, մասնավորապես՝ Սյունիքի մարզի հարակից տարածքները զիջելը: Մենք այս բոլոր փաստարկներն առաջարկել ենք դիտարկել այն անկյան տակ, որ միգուցե այստեղ եղել է պետական դավաճանություն: Հաղորդման մեջ մենք հստակ նշում ենք՝ կա հիմնավոր կասկած, և խնդրում ենք հարուցել քրեական գործ և ստուգել»:
Դատարանի առաջ ցույց էր ընթանում՝ ի պաշտպանություն փաստաբանների:
Ըստ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի՝ «Դատախազությունն ակնհայտ չարաշահել է իր լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների՝ անզգուշությամբ առայժմ: Եթե ապացուցվի, որ դա տեղի է ունեցել քաղաքական փոխհամաձայնության արդյունքում, մասնավորապես, եղել է համաձայնեցված երկրի բարձրագույն քաղաքական իշխանության հետ, որ դատախազությունը զեկուցել է այս բոլոր հաղորդումները պետության ղեկավարին և ստացել անմիջական քաղաքական հրահանգ՝ մերժել քրեական գործի հարուցումը, ապա այստեղ գործ կունենանք պետական դավաճանության հանցակցության հետ»:
Ի դեպ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները նույնպես մտադրված են դիմել դատական կարգով և բողոքարկել գլխավոր դատախազի անգործությունը: «Ըստ նրանց պատասխանի, մեր հարուցած դիմումի շրջանակում սա պատասխանատվությունից խուսափելու հերթական գործընթաց է»,- լրագրողներին ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:
Իսկ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե վերցնենք ու քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի հիմունքները պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածները նայենք, գրեթե բոլոր հոդվածներով Նիկոլ Փաշինյանը և դավաճանական կազմը պետք է անցնեն: Վնասարարության էությունը հետևյալն է, երբ որ անձը հատուկ նպատակով կազմաքանդում է պետական կառույցները՝ թուլացնելով պետությանը, նրան մղելով մի իրավիճակ, երբ մարտահրավերների դեպքում, ինչպիսին օրինակ՝ ռազմական գործողություններն են, կամ պատերազմական իրավիճակներն են, պետությունը ի վիճակի չլինի պաշտպանվել»:
Դատարանը, լսելով կողմերին, նիստը հետաձգեց՝ գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 26-ին:
Լուսանկարը՝ «Հրապարակի»