Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անկախացումից ի վեր պետության գիտական քաղաքականությունը բերել է գիտության գրեթե վերացմանը

Փետրվար 15,2021 12:51

Առաջատար տեխնոլոգիական արդյունաբերության մի շարք գործարարների կողմից ստեղծված «Գիտուժ» նախաձեռնության անդամները, գիտակցելով հզոր գիտական ներուժի առաջնահերթությունը երկրի անվտանգության և թռիչքային զարգացման համար, կոչ են անում Կառավարությանը և Ազգային ժողովին գիտատար տնտեսության և դրա համար անհրաժեշտ հզոր գիտության մասին բազմիցս կրկնվող խոսքերից անհապաղ անցնել կոնկրետ գործողությունների։

Մասնավորապես՝ պահանջում ենք.

  • 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները՝ ուղղելով այն թիրախային գիտական թեմաների ֆինանսավորման ծրագրերի մեջ։
  • ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնել հետեւյալ ժամանակացույցով՝ 2022թ. – բյուջեի առնվազն 2%, 2023թ. – բյուջեի առնվազն 3%, 2024 թվականից սկսած – բյուջեի առնվազն 4% (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):
  • Միայն առաջին և երկրորդ գործողությունները կատարելուց հետո լիազոր պետական մարմնին հանձնարարել 2021թ. իրականացնել գույքագրում, վերլուծություն, ռազմավարության մշակում և իրականացման մեկնարկ:

Հայաստանի անկախացումից ի վեր պետության գիտական քաղաքականությունը փաստացիորեն բերել է գիտության գրեթե վերացմանը:

Մասնավորապես՝

  • Վերջին 30 տարիների ընթացքում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների համար հատկացվում է տարեկան ՀՆԱ-ի շուրջ 0,25 տոկոսը։ Այս ցուցանիշով մենք համեմատվում ենք Ուգանդային և Բուրունդիին։ Իսկ օրինակ Բուրկինա Ֆասոն ծախսում է իր ՀՆԱ-ի 0.7%-ը, Իրանը՝ 0.8%, Սինգապուրը՝ 1,9%, Թուրքիան՝ 1%:
  • Համապատասխան միջավայրի, պայմանների և պետության կողմից իջեցված խնդիրների բացակայության պատճառով գրանցվել է գիտնականների քանակի մոտավորապես 7-ապատիկ նվազում՝ հատկապես ուղեղների արտահոսքի արդյունքում։ Եթե նախկինում մեկ միլիոն բնակչի հաշվին ընկնող գիտնականների թվով Հայաստանն առաջնային դիրքեր էր գրավում աշխարհի երկրների շարքում, ապա այսօր մեր այդ ցուցանիշը 2 անգամ պակաս է Եվրոպայի միջինից:
  • Հայաստանում գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների 40%-ը, իսկ ղեկավարների 50%-ը կենսաթոշակային տարիքի է։
  • Գրեթե իսպառ վերացել են կիրառական հետազոտություններով ու փորձարարական մշակումներով զբաղվող, այսպես կոչված, ճյուղային ինստիտուտները, որոնց գերակշիռ մասը եղել է պետական գերատեսչությունների անմիջական ենթակայության տակ, Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգից դուրս:
  • Գիտաշխատողների միջին բազային աշխատավարձը մոտավորապես 100.000 դրամ է՝ Հայաստանի միջին աշխատավարձից գրեթե երկու անգամ քիչ։ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցների 2/3-ը ստանում է նվազագույն աշխատավարձ:
  • Հասարակության մեջ տեղի է ունեցել գիտնականի վարկանիշի ահռելի անկում, որը, ցավոք, հաճախ դրսեւորվում է անհարգալից վերաբերմունքով, կարևորության նսեմացմամբ և քամահրանքով։

Ու թեև նշված պայմաններում Հայաստանում դեռ կան փոքր թվով նվիրյալներ, որ շարունակում են զբաղվել գիտական գործունեությամբ և տպավորիչ արդյունքներ գրանցել [1], սակայն նպատակը ոլորտի բարեփոխումն ու դրա զարգացման և շարունակականության ապահովումն է. ներկա ցածր աշխատավարձով և անբարենպաստ միջավայրում անհնար է գիտական կարիերայով հետաքրքրել մեր տաղանդավոր և ստեղծարար միտք ունեցող երիտասարդությանը:

Մեր կողմից առաջարկված առաջին գործողությամբ հնարավոր կլինի՝

  • մասնակիորեն կանխել դեռ առկա գիտական ներուժի իսպառ վերացումը,
  • սկսել գիտության երիտասարդացման գործընթացը,
  • մեկնարկել գերակա, միեւնույն ժամանակ Հայաստանում բացակայող կամ թերզարգացած ուղղություններում գիտնականների ներգաղթ, մասնավորապես՝ հայրենադարձություն,
  • բուհերում մշակել և սկսել իրականացնել արդիական կրթական ծրագրեր՝ մրցունակ և պահանջված ճարտարագետներ կրթելու համար,
  • սկսել գիտական ենթակառուցվածքների արդիականացման և համակարգի առողջացման գործընթացը:

Մեր առաջարկած երկրորդ գործողությամբ Հայաստանը կամրագրի անվտանգ, գիտելիք ու հավելյալ արժեք ստեղծող երկիր դառնալու իր հանձնառությունը՝ գոյատևման և զարգացման միակ ճանապարհը 21-րդ դարում: Այդ հանձնառությունը և դրա իրականացումը հնարավորություն կտա ունենալ ուժեղ մարդկային կապիտալ, որակյալ բարձրագույն կրթություն, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ապահովել մտավոր սեփականության մշտական հոսք դեպի տնտեսություն, տեխնոլոգիական և նորարարական միջազգային բարձր վարկանիշ և գրավչություն, և որպես հետեւանք՝ հզոր տնտեսություն և հզոր բանակ։

Վերոհիշյալ երեք գործողությունների հաջորդականությունը պայմանավորված է այն փաստերով, որ առաջին հերթին մենք այլեւս ժամանակ չունենք և երկրորդ՝ միայն պետության կոնկրետ քայլերից և հանձնառությունը վերցնելուց հետո հնարավոր կլինի գոնե մասնակիորեն վերացնել պետական մարմինների ու գիտական համայնքի արդեն երեսուն տարվա հակադրությունը, ստեղծել փոխըմբռնման և համագործակցային առողջ միջավայր, ձեռք բերել դաշնակիցներ, համատեղ աշխատել ռազմավարության մշակման ու կյանքի կոչման համար:

Հայաստանն ապագայում ուժեղ և մրցունակ տեսնելու համար պետք է ընդունել մինչ օրս կատարված սխալներն ու բացթողումները: Մի՞թե արցախյան 44-օրյա պատերազմի անդառնալի կորուստները և հետևանքները բավականաչափ սթափեցնող չեն, որպեսզի մենք մեկընդմիշտ գիտակցենք՝ հզոր տնտեսություն և ռազմարդյունաբերություն ունենալու համար մեզ պետք է գիտուժ, մեզ պետք են բարձրակարգ գիտնականներ և ճարտարագետներ՝ նորագույն գիտելիքներով զինված։ Իսկ գիտության առաջխաղացմանը նպաստող պայմանների և միջավայրի ստեղծողը պետությունն է, որն ընդամենը մեր կողմից վճարվող հարկերի ճիշտ վերաբաշխմամբ կարող է վերածնել հզոր գիտությունը Հայաստանում։ Եթե մենք այսօր չգիտակցենք այս պարզ ճշմարտությունը, վաղն արդեն իսկապես ուշ կլինի:

«Գիտուժ» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728