Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում գրանցված պայմանագրային զինծառայողների ընտանիքները կորցրել են գույքն ու անձնական իրերը

Փետրվար 15,2021 12:00

Նրանց ունեցվածքը եւս մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում

Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող պայմանագրային զինծառայողների մի շարք ընտանիքներ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքով այսօր նույնպես կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնք մինչ պատերազմը բնակվել են ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Նրանք կորցրել են իրենց պատկանող անշարժ եւ շարժական գույքը:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մի շարք համայնքներում գտնվող բնակարաններում, բնակելի տներում պայմանագրային զինծառայողների ընտանիքները թողել են իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, իսկ որոշ դեպքերում նաեւ`անձնական օգտագործման ավտոմեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որեւէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից:

Այս ընտանիքներին օգնելու նպատակով կառավարությունը օրեր առաջ նախագիծ է հրապարակել: Ներկայումս այդ նախագծի հանրային քննարկումներ են: Նախագծում ասվում է. «Նշված հանգամանքը վերջիններիս շրջանում ոչ միայն հանգեցնում է բողոքների, այլ նաեւ բացասաբար է անդրադառնում զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետության վրա` ստեղծելով նաեւ սոցիալական լարվածության օջախներ:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների կողմից կրած նյութական վնասի փոխհատուցման գործընթացը»։

Նախագծի ընդունման դեպքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված` ռազմական գործողությունների հետեւանքով իրենց գույքը կորցրած պայմանագրային զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն։

Կառավարության պատասխանատուները նշում են, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կավելանան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը։ Թե որքանով՝ չի հստակեցվում:

Այսպես՝ հանրային քննարկման դրված նախագծից տեղեկանում ենք, որ այս միջոցառման շրջանակներում միանվագ դրամական օգնության ձեւով սոցիալական աջակցություն է տրամադրվում պայմանագրային զինծառայողին եւ նրա հետ բնակված ընտանիքի հետեւյալ անդամներին՝ ամուսնուն եւ 18 տարին չլրացած երեխաներին, համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչեւ 26 տարեկան ուսանող զավակներին, ինչպես նաեւ համատեղ բնակվող`18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակներին, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը: Զինծառայողին եւ նրա ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին միանվագ դրամական օգնության ձեւով տրամադրվող սոցիալական աջակցության չափը կազմում է 300 000 դրամ:

Սույն միջոցառման շրջանակներում նշանակված միանվագ դրամական օգնությունը կտրամադրվի «Հայփոստի» միջոցով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728