Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրություն, թե՞ պարտադրանք…

Փետրվար 15,2021 11:30

Թե հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո իրավիճակն այսօր Հայաստանում ինչպիսին է, բոլորին է հայտնի: Չնայած նրան, որ իշխանության մեջ «Իմ քայլը» դաշինքը դեռեւս պահպանում է բացարձակ մեծամասնության իր դիրքերը, այնուամենայնիվ, եւ քաղաքական, եւ մնացած բոլոր դաշտերն իրականում համարյա լրիվ ամայացած են: Իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերություններ ընդհանրապես գոյություն չունեն:

Իշխանությունն առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, իր քաղաքականությունը կառուցում է միմիայն ուժային մեթոդների վրա եւ հեշտորեն հասնում իր ցանկացած նպատակին: Ընդդիմության բոլոր փորձերը՝ սկսած «Հայրենիքի փրկության կոմիտեի» նախաձեռնություններից, վերջացրած ընդդիմության այլ ուժերի եւ տարաբնույթ քաղաքացիական դժգոհությունների նախաձեռնություններով, ամբողջովին դատապարտված են անհաջողության:

Փաստացի, իշխանություններին մինչ այս պահը հաջողվում է հեշտորեն ճնշել բոլոր տիպի դիմակայությունները եւ այսպես ասած՝ ընդհանրապես շնչելու տեղ չի թողնում հակառակորդներին: Թվում էր, թե հատկապես պատերազմի նման ավարտից հետո, որոշակի բաներ, այնուամենայնիվ, կփոխվեին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ ոչ միայն փոփոխություններ չկան, այլեւ իշխանությունների կողմից ուժային մեթոդների կիրառման քաղաքականությունը շատ ավելի է կոշտացվում, լիովին անտեսելով ցանկացած այլընտրանքային դիրքորոշում: Ընդդիմադիր ուժերի նմանատիպ պահելաձեւի շարունակության պարագայում, մոտ ապագայում իշխանություններն էլ ավելի են ոգեւորվելու եւ շատ ավելի կոշտ մոտեցումներ են կիրառելու: Այլ խոսքով, իշխանություններն անում եւ անելու են միայն այն, ինչը միմիայն իրենց է հարմար ու փորձելու են հասնել այն նպատակներին, ինչը իրենք են ծրագրում:

Մասնավորապես, եթե «Հայրենիքի փրկության կոմիտեն» կտրուկ փոփոխություններ չմտցնի իր ռազմավարության եւ մարտավարության մեջ, ապա շատ կարճ ժամանակում իշխանությունները կջլատեն նրանց եւ դուրս կշպրտեն քաղաքական դաշտից, նույն կերպ շարունակելով իրենց անարգել ընթացքը՝ լիովին ամայացնելով առանց այն էլ չեղած քաղաքական դաշտը: Հիմնվելով նախկին ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի համախմբման եւ դրանց արագ քայքայման փորձի վրա, կարծում եմ՝ «Իմ քայլ»-ում լավ հաշվել են դա, որ բավական է որոշ ժամանակ պինդ մնալ եւ ժամանակ ձգել, նրանց քայքայումը ինքնին տեղի կունենա, քանզի հայերի ամբիցիաները այնքան մեծ են, որ դրանք հաղթում են անգամ ցանկացած հույժ կարեւոր նպատակի ու այդ ուժերին բերում պառակտման:

Պատերազմից հետո «Հայրենիքի փրկության կոմիտեն» բազում հանրահավաքներ արեց եւ ժողովրդին հավաստիացնում էր, որ Արցախի կապիտուլյացիայից եւ ամոթալի պարտությունից հետո, դեռ ամեն ինչ վերջացած չէ ու ռեալ կերպով վտանգված է նաեւ Հայաստանը եւ իրենք ամեն ինչ պետք է անեն, որ ժողովուրդը գիտակցի սպասվող աղետը, ոտքի կանգնի ու իրենց հետ միասին դրա դեմն առնի, քանզի կշեռքի նժարին դրված է ինչպես Հայաստանի, այնպես էլ նրա պետականության լինելիության հարցը:

Լոյալ մարդիկ, ովքեր տանը նստած էին հետեւում այդ իրադարձություններին, աստիճանաբար հավատացին նրանց եւ գնալով հանրահավաք առ հանրահավաք նրանց թիվը մեծանում էր: Իհարկե, ես ծանոթ չեմ «Հայրենիքի փրկության կոմիտեի» ներքին խոհանոցի մանրամասներին, սակայն կույրին անգամ տեսանելի է, որ այդքան անզիջում բնույթ կրող հանրահավաքներից հետո, որը կարծես բերելու էր կրիտիկական զանգվածի գոյացմանը, հետեւաբար նաեւ դրված նպատակների իրականացմանը, անսպասելիորեն եւ կտրուկ դադարեցրին այդ հանրահավաքների շքերթը, այն էլ այն դեպքում, երբ ամեն հանրահավաքի ժամանակ նրանք համոզված եւ հստակ հայտարարում էին, որ անկախ բոլոր հանգամանքներից, այս շարժումը երբեք կանգ չի առնելու, մինչեւ չազատվեն դավաճան իշխանություններից, քանզի հայրենիքի լինել-չլինելու հարցն է դրված զոհասեղանին:

Եթե համադրում ենք նրանց հայտարարությունները եւ հանրահավաքային կտրուկ կանգառը՝ հայրենիքի փրկության պայքարը, ապա դրանց միջեւ մեկ ընդհանուր կետ անգամ չկա, որ հույս ներշնչի, որ այդ կանգառը կապված է ինչ-ինչ տեխնիկական հարցերի հետ, որոնք մոտ ապագայում կլուծվեն եւ շարժումը նորից կմտնի բնականոն հունի մեջ: Ամեն դեպքում, հավանաբար նրանց ամբիցիաներն այնքան մեծ են, որ այն թուլացրեց եւ կոտրեց շարժման թափը, եւ որ անգամ մոռացան, թե որն էր իրենց պայքարի գլխավոր նպատակը…

Այժմ ասվածի ֆոնի վրա վերլուծենք, թե ստեղծված իրավիճակում ինչ է իրենից ներկայացնում Ազգային ժողովի սպասվելիք արտահերթ ընտրությունների անցկացումը: Երկրում՝ բոլոր ուղղություններով առկա անելանելի վիճակում, բոլոր խաղերը խաղացել էինք, մնում էր արտահերթ ընտրությունների անցկացումը, որը բնականաբար չեղած բյուջեից մսխելու է բավականին մեծ գումարներ:

Երկիրը եւ ժողովուրդը շնչահեղձ են լինում եւ փոխանակ լուծելու կուտակված բազմապիսի անհետաձգելի լուծում պահանջող հարցերը, անցում է կատարվում ներկայացումների դաշտ, որպեսզի ցույց տան, թե ժողովուրդը որքան է սիրում ու վստահում իշխանությանը, որքան մնացած ուժերին: Ի՞նչ է, տեղի ունեցածը բավական չէ՞ր, որ հիմա էլ փորձում եք սկսել սեւերի եւ սպիտակների նոր պատերազմ եւ երկիրը վերջնականապես գլորել անդունդ: Մի՞թե քաղաքական գործիչ հորջորջվող այս մարդկանց ուղեղներն այնքան է լվացվել, որ չեն հասկանում, որ երկրում ստեղծված այս մթնոլորտում ուղղակի անհնարին է անցկացնել նորմալ ընտրություններ, քանզի այն հղի է միմիայն քաղաքացիական պատերազմով եւ անգամ չնչին մասով լավ տեղ տանել չի կարող:

Թող իրավասու այրերը մեզ բացատրեն, թե այսպիսի շիկացած մթնոլորտում ինչպես են պատկերացնում նորմալ ընտրությունների անցկացումը, երբ ընդամենը մի կայծ է պակասում, որ երկիրը մխրճեն համատարած կրակի քուլաների մեջ եւ վերջնականապես կործանեն այն: Ով չի հասկանում, որ բոլորն էլ փորձում են լուծել զուտ իրենց անձնական հարցերը, թքած, թե իրենցից հետո երկրում ջրհեղեղ չի լինի:

Որ իշխանությունը պարտադրված է գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, դա ինչ-որ կերպ բացատրելի է, իսկ ահա այն, որ Արցախյան խայտառակ պարտությունից եւ ամիսներ շարունակ դժգոհություններ արտահայտող ու պայքարող ուժերն էլ են պատրաստվում գնալ դրան, ուղղակի մեծագույն աբսուրդ է, քանզի մոռանալով իրենց իսկ կողմից արվածն ու ասվածը, դրանով իրենք ոչ ավել, ոչ պակաս ջուր են լցնում իշխանության ջրաղացին: Լիովին անհասկանալի է, թե ամիսներ շարունակված «Հայրենիքի փրկության կոմիտեի» հանրահավաքներում իշխանություններին տված գնահատականներից հետո ինչպես են նրանք փորձում մտնել նույն նավը, մոռանալով, որ այդ քայլով իրենք փաստացի նմանվում են իշխանություններին եւ լեգիտիմացնում նրանց քայլերը …

Մի բան չեմ հասկանում, գնում են արտահերթ ընտրությունների, որ ի՞նչ անեն: Իշխանությունն ուզում է ցույց տալ, որ ժողովուրդն այսօր էլ իրեն սիրում է եւ փորձում է ընտրությունների միջոցով վերահաստատել իր իշխանությունը, որն այսօր արդեն փաստացի ունի:

Իշխանությունը գործ անելու եւ ժողովրդին պահելու համար է. դե ուրեմն արա դրանք, ով է ձեռքդ բռնել: Իսկ ընդդիմությանն ինչու է թվում, որ ամիսներ շարունակ պայքարելով իշխանափոխության համար, փաստացի ոչ մի իրական արդյունք չգրանցելով, արտահերթ ընտրություններին մասնակցելով, այն էլ այն դեպքում, երբ ընտրություններն անցկացվելու են այս իշխանությունների հովանավորության ներքո, կարող են այդ ընտրություններում հաղթել եւ «Իմ քայլից» վերցնել իշխանությունը, քանզի մեծ է վտանգը, որ դրանք իշխանության կողմից կարող են ամբողջովին կեղծվել …

Որպես ամփոփում նշենք, որ այդ ընտրությունները երկրին եւ ժողովրդին ոչ մի լավ բան չեն տալու, ավելին՝ դրանք ընդամենը բերելու են մեծ ընդհարումների ու երկիրը վերջնականապես տանելու են կործանման …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728