Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Աշտարակի Ծիրանավոր եկեղեցում

Փետրվար 15,2021 11:00

Ծիրանավոր եկեղեցին կանգուն է Աշտարակի հնագույն մասում՝ Բերդաթաղում, Քասախ գետի կիրճի աջ եզրին: Կառուցվել է 4-5-րդ դարերում, հավանաբար հեթանոսական մեհյանի տեղում: Այս առումով Եր. Շահազիզը նշել է, որ եկեղեցին շինված է «նախագույն ժամանակները, վիշապի տաճարի տեղը»:

Այն ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկա է, արեւելյան կողմում՝ կիսաշրջան խորանով եւ զույգ ավանդատներով: Ներսում պատերին կից գտնվում են չորս մույթերը, որոնք իրենց վրա պահել են թաղակապ ծածկը: Մուտքը արեւմտյան կողմից է: Հավանաբար հետագայում՝ բացվել է նաեւ մուտք հարավից: Եկեղեցին կառուցված է սեւ ու ծիրանագույն սրբատաշ տուֆից, կրաշաղախով:

Ծիրանավորը բազմիցս ենթարկվել է վերակառուցումների եւ կորցրել է իր նախնական տեսքը: Դեռեւս վաղ միջնադարում ավելացրել են մույթերը, իսկ նախկին ծածկը՝ գուցե եւ փայտածածկ, փոխարինվել է քարաշար թաղով: Այդ են վկայում հյուսիսային պատի վրա պահպանված հին որմնասյուները, որոնց դասավորությունը չի համապատասխանում ծածկը պահող մույթերի դասավորությանը:

Ակնհայտ է, որ նախկին վիճակում եկեղեցու ծածկը ունեցել է անհամեմատ ավելի մեծ թռիչք եւ 5-6-րդ դարերում վերակառուցված թաղածածկից այժմ պահպանվել է ոչ մեծ հատված հյուսիս-արեւմտյան մասում: Եկեղեցին 12-րդ դարի վերջում Զաքարյանների կողմից վերածվել է բերդ-ամրոցի եւ երեք կողմերից (բացառությամբ կիրճին հարող հատվածից) ամրացվել ամուր կաղապարով: 1980-ական թթ. այդ կրկնապատի արեւմտյան մասը հեռացնելիս բացվել է Գագիկ թագավորի 1013թ. արձանագրությունը՝ Աշտարակը որոշ հարկերից ազատելու մասին:

Ներկայումս եկեղեցին կիսավեր վիճակում է, փլված է ծածկը: Եր. Շահազիզը գրել է, որ «Հուշարձանը շեն ու կանգուն է եղել մինչեւ 1815թ., երբ հնությունից եւ Երեւանի շարժից (1679թ.) խախտված լինելով՝ քանդվել են տանիքը, վերին խցերը, սեղանը, կամարների ու սյունազարդի մի խոշոր մասը, եւ ճեղքվել է վերից վար արեւելյան պատը»: Խոսքը 1679թ. հունիսի 4-ի երկրաշարժի մասին է, որը բավականին մանրամասն նկարագրել է Գրիգոր Երեւանցին. «Ժամը չորսին մոտ հանկարծակի դղրդալով շարժվեց Արարատյան երկիրը, եւ այնպես սաստիկ, կարծես նավը ծովի վրա ուժգին հողմից ալեկոծվում էր… Մառախուղ բարձրացավ եւ պատեց երկիրը Գառնի գավառից մինչեւ Արագած լեռը, դաշտերով ու լեռներով հանդերձ, մինչեւ իսկ ծածկելով արեւի ճառագայթները: Եվ թվում էր, թե աշխարհի վերջն եկել է»:

Ծիրանավորը վնասվել է նաեւ 1827, 1840 եւ 1918 թթ. երկրաշարժերից: 1840թ. երկրաշարժի մասին Եր. Շահազիզը գրել է. «Ակոռու երկրաշարժի առաջ բերած սասանումն այնքան զորեղ է եղել եւ զգալի Աշտարակում, որ ժողովուրդը ստիպված է եղել դուրս գալ բնակարաններից եւ երկու ամիս շարունակ, ահ ու դողի մեջ, ապրել այգիներում»: Այդ երկրաշարժը նշել է նաեւ Ս. Բզնունին: Իսկ 1918 թ. հունվարին կայացած երկրաշարժի մասին տեղեկանում ենք արխիվային վավերագրից, որի ժամանակ, ինչպես հայտնի է՝ փլվել է Հովհաննավանքի կաթողիկեի գմբեթը:

Աշտարակում զգալի են եղել նաեւ 1910 թ. հունվարի 12-ի, 1912 թ. հոկտեմբերի 12-ի եւ 1916 թ. հոկտեմբերի 16-ի երկրաշարժերը:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
13.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728