Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայի սոցիալական ապահովության համակարգը

Փետրվար 15,2021 10:30

Ի սկզբանե նախատեսել էի այս հոդվածը ևս ներկայացնել այն նույն կառուցվածքով և սկզբունքով, ինչ նախորդ՝ Իռլանդիայի սոցիալական համակարգի վերաբերյալ հոդվածը, սակայն ուսումնասիրելով այս երկրի՝ մեկ դար առաջ սոցիալական ոլորտում կատարած քայլերն ու գործողությունները, որոշեցի նախաբանը դարձնել ավելի ծավալուն և սկսել հեռավոր 1918 թվականից:

Ներկայիս Չեխիայի իրավանախորդ Չեխոսլովակիան ստեղծվեց 1918թ., Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

Առաջին իսկ պահից իշխանության համար ծագել էին բավականին խնդիրներ, որոնք վերաբերում էին պատերազմից տուժած անձանց, և պահանջում էին հրատապ լուծումներ. անհրաժեշտ էր աջակցություն ցույց տալ պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքներին, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցողներին և իհարկե՝ դարձյալ պատերազմի հետևանքով աշխատատեղը կորցրած անձանց:

1918թ. նոյեմբերին ստեղծվում է սոցիալական պաշտպանության նախարարությունը, որն էլ անմիջապես ձեռնամուխ է լինում սոցիալական ոլորտի վերաբերյալ նոր օրենսդրության ստեղծմանը: Նախարարությունը օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ստեղծմանը զուգահեռ, ստեղծում էր նաև անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու տարածքային ստորաբաժանումները, մասնավորապես՝ զբաղվածության կենտրոնները, ինչպես նաև միջոցառումներ ձեռնարկում բժշկական ապահովագրության և կենսաթոշակային համակարգի մշակման ուղղությամբ: Ըստ էության հենց այս նախարարության ստեղծումը դարձավ հիմքը երկրի ներկայիս սոցիալական քաղաքականության մշակման և ներդրման համար: 1918-ի դեկտեմբերին ընդունվում է 8-ժամյա աշխատանքի մասին օրենքը, որը միաժամանակ խստացնում էր դեռահասների գիշերային աշխատանքի պայմանները, իսկ մեկ այլ օրենքով նպաստ է սահմանվում բոլոր գործազուրկ անձանց համար:

Ուշադրությունից դուրս չի մնում նաև երիտասարդությունը. կառավարությունը սկսում է ոչ միայն գումարներ հատկացնել այն կազմակերպություններին, որոնք այս կամ այն կերպ աջակցում էին երիտասարդների խնդիրների լուծմանը, այլև երկրի տարածքում ստեղծում է վարչական ստորաբաժանումներ, որոնք իրականացնում էին կառավարության քաղաքականությունը երիտասարդների համար:

Պատերազմի հաշմանդամների համար սահմանվում է թոշակ, անվճար բուժում և վերամասնագիտական դասընթացներ, որպեսզի կարողանան աշխատանք գտնել:

Հատկանշական է, որ այս ամենին զուգահեռ 1918թ. Պրահայում հիմնվում է սոցիալական աշխատողների պատրաստման առաջին դպրոցը, որը կոչվում էր Սոցիալական պաշտպանության բարձրագույն դպրոց: Այն պատրաստում էր այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանային ստեղծել ժամանակակից սոցիալական ապահովության համակարգ:

Եվ այս ամենը 1918 թվականին…
Երկրորդ աշխարհամարտից հետո Չեխոսլովակիան իրականացրեց մի շարք ռեֆորմներ սոցիալական ապահովության ոլորտում, ընդունվեցին ոլորտը կարգավորող նոր օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, որոնք ներառում էին կենսաթոշակային ապահովությունը, վարձու աշխատողների և ձեռնարկատերերի ապահովագրությունը հիվանդության և ծերության ժամանակ, պետական ծառայողների բժշկական ապահովագրությունը:

1948թ. միավորվում են երկրի տարբեր ապահովագրական համակարգերը և ստեղծվում է Կենտրոնական ապահովագրական ազգային ընկերություն, իսկ 1957թ. կենսաթոշակային ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում կենսաթոշակի հաշվարկի համար սկսեց որպես հիմք ընդունվել անձի աշխատավարձի չափը, աշխատանքային ստաժն ու մասնագիտությունը (զբաղեցրած պաշտոնը):
Զբաղվածության պետական քաղաքականությունը: Ինչպես ուսումնասիրության առարկա եղած նախորդ երկրում՝ Իռլանդիայում, Չեխիայում ևս սոցիալական ապահովության համակարգում իր կարևորագույն տեղն ու դերն ունի զբաղվածության բաղադրիչը:

Չեխիայում զբաղվածության պետական քաղաքականությունն իրականացվում է Աշխատանքի Բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) միջոցով: Այն նախարարության կառավարման ոլորտում գործող առանձնացված կառույց է, որը գործում է 2011թ. ապրիլի 1-ից և ունի իր տարածքային ստորաբաժանումներն ամբողջ երկրի տարածքում: Հարկ է նշել, որ Բյուրոն զբաղվում է միայն երկրի զբաղվածության պետական քաղաքականության իրագործմամբ՝ գերխնդիր ունենալով հնարավորինս արագ և արդյունավետ կերպով աջակցել դիմող գործազուրկ քաղաքացիներին աշխատանքի տեղավորման, և գործատուներին, ասել է թե բիզնեսին՝ համապատասխան աշխատուժի ընտրության գործում: Այլ գործառույթների հետ մեկտեղ Բյուրոն պարբերաբար իրականացնում է աշխատաշուկայի վերլուծություն և գնահատում, և տեղեկատվությունը տրամադրում նաև գործատուներին:

Չեխիայում յուրաքանչյուր 26 տարին լրացած գործազուրկ քաղաքացի իրավունք ունի դիմելու Բյուրո՝ գործազրկության նպաստ ստանալու համար, եթե վերջին 3 տարիներին նա աշխատել է կամ կատարել է որևէ այլ վճարովի աշխատանք առնվազն 12 ամիս: Նպաստի ստացման տևողությունն այստեղ, կախված ստացողի տարիքից, կարող է հասնել մինչև 12 ամսի: Ինչ վերաբերում է գործազրկության նպաստի չափին, ապա այն կարգավորվում է հետևյալ կերպ. նպաստի ստացման առաջին երեք ամիսը այն կազմում է նպաստառուի վերջին աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան տվյալ պահին նվազագույն սպառողական զամբյուղի համար սահմանված գումարի 2,5 անգամը: Այնուհետև, հաջորդ երեք ամիսներին այն իջնում է 45 տոկոսի: Սակայն, եթե աշխատանք փնտրողը մասնակցում է վերաորակավորման դասընթացների, ապա նպաստի չափը կարող է հասնել նրա վերջին աշխատավարձի 60 տոկոսին, որը չի կարող գերազանցել նվազագույն սպառողական զամբյուղի համար սահմանված գումարի 2,8 անգամը:

Չեխիայում նպաստառու գործազուրկին թույլատրված է ունենալ մասնակի զբաղվածություն, այսինքն՝ աշխատել և միաժամանակ նպաստ ստանալ: Իհարկե, այս դեպքում կա սահմանափակում. աշխատաժամանակի տևողությունը չպետք է գերազանցի շաբաթական 20 ժամը: Սա բավականին հետաքրքիր մոտեցում է և լուծում է մի քանի խնդիր.

1. Նպաստառու անձը, լինելով մասնակի զբաղված, և օրվա մեջ ասենք 2 ժամ աշխատելով, կարողանում է պահպանել աշխատանքային հմտությունները և չկորցնել աշխատելու մոտիվացիան,
2. Նպաստառուի համար մասնակի աշխատանքի օրինականացումը կրճատում է թաքնված զբաղվածությունը,
3. Նպաստառուն ստանում է լրացուցիչ եկամուտը, ինչն ավելի էր բարելավում նրա կյանքի որակը,
4. Ապահովվում է լրացուցիչ հարկային և կենսաթոշակային մուտքեր:

Մեկ հետաքրքիր մոտեցում ևս. Բյուրոն կարող է իր միջոցներով իրականացնել աշխատանք փնտրողի բուժզննումը, եթե անհրաժեշտ է նրա համար իրականացնել մասնագիտական վերականգնում, կամ էլ աշխատանք փնտրողը այս կամ այն առողջական խնդրի պատճառով չի ցանկանում ընդունել իրեն առաջարկված թափուր աշխատատեղի առաջարկը:

Աշխատանք փնտրողները նույնպես ունեն պարտականություններ, որոնցից առաջնայինն այն է, որ աշխատանք փնտրող անձը պետք է կանոնավոր կերպով այցելի Բյուրոյի տարածքային մարմին և այն գործատուին, որտեղ որ ուղեգրում են տարածքային մարմնից: Հակառակ դեպքում անձը կարող է հանվել աշխատանք փնտրողների հաշվառման միասնական գրանցամատյանից:

Չեխիայի զբաղվածության օրենսդրությունը, ինչպես և օրինակ Հայաստանինը, սահմանում է «հարմար աշխատանք» հասկացությունը, որի բնութագրիչներից է օրինակ այն, որ գործազուրկին առաջարկվող աշխատանքը աշխատանքային օրենսգրքով սահմանված շաբաթական աշխատաժամանակի 80 տոկոսից պակաս տևողություն չպետք է ունենա, կնքվող պայմանագրի գործողության ժամկետը պետք է լինի ավելին, քան 3 ամիսը, գործատուն պետք է ունենա պարտավորություն կատարելու կենսաթոշակային և այլ վճարներ: Բացի նշվածներից, կան նաև այլ բնութագրիչներ:

Չեխիայի Հանրապետության զբաղվածության օրենսդրությամբ սահմանված են նաև այն խմբերը, որոնց պատկանող անձինք համարվում են աշխատաշուկայում անմրցունակ, արտոնություն ունեցող կամ ավելի շատ ուշադրության արժանի: Արտոնություններ ունեն հետևյալ խմբերին պատկանող անձինք՝ հաշմանդամները, մինչև 25 տարեկանները, համալսարանների շրջանավարտներն ավարտելուց հետո 2 տարվա ընթացքում, բայց մինչև 30 տարեկանը լրանալը, հղի կանայք և կերակրող մայրերը, 6 ամսից ավելի աշխատանք փնտրողները և այլն: Նկատենք, որ նմանատիպ իրավակարգավորում առկա է նաև Հայաստանի զբաղվածության օրենսդրությունում:

Բյուրոն աշխատանք փնտրող անձանց և գործատուներին աջակցելու նպատակով կիրառում է նաև զբաղվածության ծրագրերի գործիքակազմը:

Այստեղ, ինչպես և Հայաստանում, գործազուրկ անձանց և գործատուներին աջակցելու նպատակով գործում են մի շարք զբաղվածության ակտիվ ծրագրեր, օրինակ՝

– «Կարճաժամկետ զբաղվածության» ծրագիրը, որի շրջանակներում Բյուրոյում հաշվառված անձանց համար կազմակերպվում են կարճաժամկետ, 3 ամիսը չգերազանցող աշխատանքներ, որի նպատակը շահառուների համար ժամանակավոր զբաղվածության ապահովումն է,
– «Հասարակական աշխատանքներ» ծրագիրը, որի տևողությունը կարող է հասնել մինչև 12 ամսվա, և զգալի նմանություն ունի Հայաստանում կիրառվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի հետ,
– «Ներդրումային խթան» ծրագիրը, որի շրջանակներում դրամական աջակցություն է տրվում նոր աշխատատեղ ստեղծած այն գործատուին, որի ստեղծած աշխատատեղին համապատասխան ոլորտում առկա է 50 տոկոս և ավելի գործազրկություն,
– «Մասնագիտական ուսուցում» ծրագիրը, որի ընթացքում իրականացվում է Բյուրոյում հաշվառված անձանց համար մասնագիտական ուսուցման կամ վերաորակավորման դասընթացներ,
– «Գործատուին դրամական աջակցության» ծրագիրը, որով 3 ամիս ժամանակով դրամական աջակցություն է տրվում գործատուին այն դեպքում, երբ նա իր մոտ աշխատանքի է վերցնում Բյուրոյում հաշվառված աշխատաշուկայում անմրցունակ (առավել ուշադրության արժանի) անձին:

Օգտվելով այս և նմանատիպ այլ ծրագրերից, գործատուն համոզվում է, որ իր վճարած հարկերը ծախսվում են նպատակային, և ինքը ևս աջակցություն է ստանում իր իսկ վճարած հարկերից:

Կենսաթոշակային համակարգը: Չեխիայում կենսաթոշակային ոլորտը կարգավորվում է ինչպես ազգային օրենսդրությամբ, այնպես էլ Եվրամիության իրավական ակտերով: Այս երկրի կենսաթոշակային համակարգը համաշխարհային վարկանիշային սանդղակում զբաղեցնում է 15-րդ տեղը, ինչը վկայում է այն մասին, որ չնայած այն փաստին, որ յուրաքանչյուր տարի կենսաթոշակի վճարմանն ուղղվում է երկրի ՀՆԱ-ի ընդամենը 8 տոկոսը, ինչը ցածր է եվրոպական միջինից, սակայն այն բավականին կայացած և արդյունավետ գործող համակարգ է:

Մինչև 2016թ. երկրում գործում էր կենսաթոշակային եռաստիճան համակարգ` սերունդների համերաշխության, կուտակային և կամավորության:

2016 թվականից կառավարությունն անցում կատարեց երկաստիճան համակարգի` սերունդների համերաշխության և կամավորության:

Որպեսզի խրախուսվի քաղաքացիների կողմից երկրում գործող թվով 8 կենսաթոշակային ֆոնդերից որևէ մեկին մասհանումներ կատարելը, իշխանությունները այդ քաղաքացիների համար սահմանեցին որոշակի արտոնություններ: Եվ սա բնավ էլ ինքնանպատակ չէր, քանի որ քաղաքացիները իրենց աշխատավարձից կատարելով մասհանումներ կենսաթոշակային ֆոնդերին, մի կողմից ապահովում են իրենց բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորությունը, մյուս կողմից՝ անուղղակիորեն նպաստում են երկրի տնտեսության զարգացմանը, քանի որ կենսաթոշակային ֆոնդերը իրենց կողմից տրամադրված գումարները ներդնում են Չեխիայի տնտեսության մեջ:

Համաձայն Չեխիայի ազգային օրենսդրության, կենսաթոշակի ձևակերպման համար անհրաժեշտ են հետևյալ պարտադիր պայմանները. օրինական աշխատանքը Չեխիայում, անհրաժեշտ աշխատանքային ստաժի առկայությունը, կենսաթոշակային սահմանված տարիքի առկայությունը, կենսաթոշակային ֆոնդերին անհրաժեշտ հարկային մասհանումների առկայությունը:

Կենսաթոշակի անցնելու տարիքային շեմի վերաբերյալ Չեխիայի իշխանությունները ցուցաբերել են բավականին հետաքրքիր մոտեցում. այն տարբերակված է ոչ միայն ըստ ծծնդյան տարեթվի, ոչ միայն ըստ սեռի, այլև ըստ դաստիարակած երեխաների:

Այսպես, մինչև 1936թ. ծնված քաղաքացիների համար սահմանված է հետևյալ տարիքային շեմը. տղամարդկանց համար՝ 60, իսկ կանանց համար 57 տարին: Ընդ որում կանանց դեպքում ևս արված է հետաքրքիր տարբերակում. օրինակ, այն կանայք, ովքեր դաստիարակել են 5 և ավելի երեխա, ապա նրանք իրավունք ունեն թոշակի անցնել 53 տարեկանում, իսկ եթե կինը երեխաներ չի ունեցել և ծնվել է մինչև 1936 թվականը, ապա նա թոշակի է անցել 57 տարեկանում:

1936-1971թթ. ծնվածների համար ըստ տարիների դարձյալ կան տարբերակումներ, իսկ արդեն 1971 թվականին և դրանից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար կենսաթոշակային տարիք է սահմանվել 65 տարեկանը:

Բացի տարիքային կենսաթոշակից, այստեղ, ինչպես և Հայաստանում, քաղաքացին իրավունք ունի թոշակի անցնել ավելի վաղ տարիքում, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, օրինակ, եթե քաղաքացին աշխատել է առողջության համար վտանգավոր պայմաններում:

Չեխիան իր այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողացել բավարար գումար կուտակել (մասհանումներ կատարել կենսաթոշակային ֆոնդերին), վճարում է սոցիալական թոշակ, որի չափը կազմում է 900 կրոն ամսական, իսկ կենսաթոշակի միջին չափը, 2020թ. համար կազմում է 11807 կրոն:

Չեխիայում օտարերկրացիները ևս իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ, որի գլխավոր պայմանը օրինական հիմունքներով այստեղ աշխատանք ունենալն է, սակայն այս խնդրին առնչվող բազմաթիվ դետալներ կարգավորվում են Չեխիայի և այլ երկրների միջև կնքված միջպետական պայմանագրերով:

Նպաստները և այլ արտոնությունները: Նպաստներն ու հարակից այլ արտոնությունները համարվում են Չեխիայի սոցիալական ապահովության համակարգի կարևորագույն բաղադրիչները: Օրինակ, երեխայի նպաստը այստեղ կարող է տրամադրվել անձին՝ մինչև իր 26 տարին լրանալը: Այն կազմված է 3 մակարդակներից և գումարի չափը կախված է կարիքավոր երեխա ունեցող ընտանիքի եկամտից:

Նպաստի մյուս տեսակը դա բնակության նպաստն է, որը տրամադրվում է այն անձանց, որոնց եկամտի 30 տոկոսը բավարար չէ վճարելու բնակության համար նախատեսված ծախսերը:

Ծնողական նպաստը Չեխիայում տրվում է այն ծնողին, ով անձնապես խնամում է ընտանիքի ամենափոքր երեխային: Նպաստի ընդհանուր գումարի չափը կազմում է 300 հազար կրոն, որը վճարվում է մինչև երեխայի 4 տարին լրանալը: Ծնողն ինքն է ընտրում գումարը ստանալու չափն ու պարբերականությունը, և բացի այդ, գումարի չափը կախված չէ ընտանիքի եկամտի չափից:

Ծննդյան նպաստը վճարվում է երեխայի ծնվելուց հետո այն կարիքավոր ընտանիքներին, որոնց եկամտի չափը մինչև երեխայի ծնվելը չէր գերազանցում երկրում սահմանված նվազագույն սպառողական զամբյուղի 2,7 անգամը:

Հղիության և ծննդաբերության արձակուրդն այստեղ տրամադրվում է 28 շաբաթ ժամանակով, իսկ 2 և ավելի երեխայի ծնվելու դեպքում՝ 37 շաբաթ ժամանակով: Ընդ որում, հղիության և ծննդաբերության նպաստի իրավունք ունեն այն կանայք, ովքեր վերջին 2 տարին առնվազն 270 օր գտնվել են օրինական աշխատանքային իրավահարաբերությունների մեջ և նրանց համար օրենքով սահմանված կարգով վճարվել են բոլոր հարկերն ու այլ վճարումները: Նպաստի տևողությունն այստեղ համապատասխանաբար 28 շաբաթ է՝ 1 երեխայի համար, և 37 շաբաթ՝ 2 և ավելի երեխայի համար, իսկ նպաստի չափը կազմում է 1 օրացուցային օրվա համար՝ կրճատ աշխատաժամանակի օրական բազային չափի 70 տոկոսը:

Չեխիան երևի թե այն եզակի երկրներից է, որտեղ ի շարս այլ նպաստների, նաև սահմանված է «հայրության նպաստ» նպաստի տեսակը, որը տրվում է հայր ծնողներին՝ երեխայի ծնվելուց հետո 7 օրացուցային օր ժամկետով և կազմում է բազային կրճատ աշխատաժամանակի 70 տոկոսը: Նմանատիպ իրավակարգավորում կա նաև Հայաստանում, և ընթացիկ տարվա հունվարի 1-ից նորածին երեխայի հայր ծնողն իրավունք ունի իր ցանկությամբ, երեխայի ծննդից հետո 1 ամսվա ընթացքում վերցնել 5 աշխատանքային օրով վճարովի արձակուրդ:
Նպաստի մյուս տեսակը դա խնամքի նպաստն է, որը տրվում է անձին՝ ընտանիքի հիվանդ անդամին, այդ թվում և երեխային խնամելու համար` 16 օրացուցային օր ժամանակով:

Համապատասխան ապահովագրական վճարներ կատարած անձը իրավունք ունի հիվանդության դեպքում 2 շաբաթ գործատուից ստանալ աշխատավարձի փոխհատուցում, իսկ 15-րդ օրից մինչև 380-րդ օրը՝ պետությունից նպաստ, որի օրական չափը կազմում է օրական կրճատ աշխատաժամանակի բազային չափի 60-ից մինչև 72 տոկոսը:

Չեխիայում զգալի իրավունքներ ունեն նաև հաշմանդամները, որոնք պետությունից դրամական աջակցություն ստանալու հետ մեկտեղ իրավունք ունեն անցնելու մասնագիտական վերականգնման կուրս: Բացի այդ, 25 և ավելի աշխատակիցներ ունեցող գործատուների մոտ աշխատակիցների 4 տոկոսը պետք է լինեն հաշմանդամներ: Չեխիայում հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ստանալու նաև խնամքի նպաստ, որի չափը որոշվում է հիմք ընդունելով այն փաստը, թե տվյալ անձնավորությունն ինչ աստիճանի կախվածություն ունի մյուս անձից: Այստեղ սահմանված է կախվածության 4 աստիճան: Տրամադրվող գումարի չափը մինչև 18 տարեկանների համար ըստ աստիճանների կազմում է 3300-ից մինչև 19200 կրոն, իսկ 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համար՝ 880-ից մինչև 19200 կրոն՝ ըստ աստիճանների:

Բացի նպաստներից, Չեխիայում կարիքավորներին տրամադրվում են տարատեսակ սոցիալական ծառայություններ, որոնք ենթադրում են կոնկրետ գործողություններ: Այդ ծառայությունները ներառում են տնային տնտեսության կազմակերպումը, երեխայի խնամքն ու դաստիարակությունը, իրավական աջակցությունը, կացարանի տրամադրումը, հրատապ աջակցությունը և այլն:

Սարգիս ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության
Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն,
ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական

«Առավոտ» օրաթերթ
13.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել