Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն իր նորագույն պատմության ամենադաժան քաղաքական ճգնաժամն է ապրում»

Փետրվար 15,2021 12:30

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

– Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Գորիս-Դավիթ-Բեկ եւ Գորիս–Կապան ճանապարհահատվածներում անվտանգ երթեւեկության կազմակերպման մասին հուշագրի ոչ պաշտոնական տեքստի՝ համացանցում հայտնվելուց հետո լուրջ մտահոգություններ առաջ եկան: ՀՀ ՊՆ-ն էլ նշեց, որ այդ պայմանագրի մասին դեռ անցյալ տարի էր հայտնել: Ինչպե՞ս կգնահատեք այս վիճակը եւ ի՞նչ վտանգներ եք տեսնում:

– Առնվազն Հայաստանի Հանրապետության համար Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունն էլ, դրան կից ցանկացած այլ գաղտնի ու ոչ գաղտնի թղթերն էլ իրավական ուժ չունեն եւ հանդիսանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հանդեպ ստանձնած անձնական պարտավորությունների արձանագրում: Սա պետք է գիտակցեն նաեւ ՀՀ այն պաշտոնատարները, որոնք լծված են Փաշինյանի ստանձնած այդ անձնական պարտավորություններն ի կատար ածելու գործին:

– Օրերս ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը պետք է քննարկել նաեւ Թուրքիայի հետ՝ այդպիսին են տարածաշրջանի իրողությունները: Ի՞նչ է սա նշանակում:

– Ռուսաստանը վաղուց՝ առնվազն ապրիլյան պատերազմի օրերից սկսած, Արցախի հիմնախնդրի հետ կապված քննարկումներ է անցկացնում Անկարայի հետ եւ արդեն այն ժամանակ էր իր տարբեր ներկայացուցիչների շուրթերով հնչեցնում Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան տրանսպորտային ուղիների վերագործարկման միջոցով տարածաշրջանն ապաշրջափակելու գաղափարը: Եթե վերհիշենք այդ ժամանակահատվածը, ապա կտեսնենք, որ 2015-ին՝ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ սրմանը զուգահեռ Ռուսաստանում Հայկական հարցը դարձավ հակաթուրքական պաշտոնական քարոզչության սիրելի թեմաներից մեկը: Սակայն 2016-ի ապրիլից հետո այդ թեման կտրուկ մոռացության մատնվեց այնպես, ինչպես մոռացության մատնվեցին թուրքերի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումն ու Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունը: Հավանաբար պաշտոնական Անկարան կարողացավ գտնել այն համոզիչ ու անբեկանելի փաստարկները, որոնք ստիպեցին ռուսներին թուրքական ծավալապաշտությանն ընդդիմանալու փոխարեն աջակցել դրան: Արցախյան վերջին պատերազմն այդ նոր իրողությունների շատ կոնկրետ արգասիքը դարձավ: Մենք պարտավոր ենք հաշվի նստել այս նոր իրողությունների հետ եւ համապատասխան հետեւություններն անել: Ինձ համար Թուրքիայի հետ առանց նախապայմանների ուղիղ երկխոսություն սկսելը խնդիր չէ, սակայն հատուկ ուշադրության է արժանի այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը:

– Ներքաղաքական դաշտում մի կողմից «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջ չկա, մյուս կողմից ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ այո, նման պահանջ չկա, բայց չկա նման պահանջ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում: Ի վերջո՝ ի՞նչ քաղաքական զարգացումների սպասենք:

– Ես տեսնում եմ, որ Հայաստանն իր նորագույն պատմության ամենադաժան քաղաքական ճգնաժամն է ապրում: Ցավոք, թե՚ իշխանական խմբավորումը, թե՚ վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկող բազմակուսակցական ընդդիմադիր խմբավորումը ունակ չեղան այդ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի կոնսենսուսային գաղափարներ առաջարկել: Հասարակությունը շվարած, զզվանքով ու հիասթափությամբ դիտում է այս քաղաքական էժան թատրոնը եւ բնազդաբար սահմանազատվում է երկու կողմերից էլ՝ չցանկանալով ապականության մասնակիցը դառնալ: Այժմ աստիճանաբար իրական քաղաքական կշիռ են ձեռք բերում պատերազմում զոհված, անհայտ կորած կամ գերեվարված մեր զինծառայողների հարազատները եւ եթե մի ինչ-որ պահի նրանք իրենց միջից նաեւ քաղաքական առաջնորդության ունակ մարդկանց առաջ քաշեն, ապա չի բացառվում, որ կկարողանան էական ազդեցություն ունենալ ներքաղաքական զարգացումների վրա: Այսօր նրանք են իրական պահանջատերն ու իրավունք եւ կարգ հաստատող ռեալ ռեսուրսը:

– Մեկ օր առաջ ԱԱԾ սահմանապահ զորքերը տեղեկացրել էին, որ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր դիմել ՀՀ ԱԱԾ: Որոշ մասնագետներ այստեղ տեսնում են ԶԼՄ գործունեությունը խոչընդոտելու միտում: Դուք է՞լ նման մտահոգություն ունեք եւ ինչպե՞ս կգնահատեք այս որոշումը:

– Սյունիքում իրապես յուրօրինակ իրավիճակ է ձեւավորվել: Սյունիքի հատվածում՝ Ադրբեջանի ու Նախիջեւանի հետ ունեցած մեր սահմանը հսկում են նաեւ ռուս սահմանապահները, եւ ես չեմ բացառում, որ որոշ հանգամանքներից ելնելով, վերջիններիս հրամանատարության համար կարող է անցանկալի լինել լրագրողների կողմից իրենց գործունեությունն անարգել լուսաբանելու հնարավորությունը: Ակամայից հիշեցի, որ խորհրդային տարիներին որոշ սահմանամերձ տարածքներ այցելելու համար մարդը պետք է հատուկ անցագիր ստանար Պետական անվտանգության կոմիտեից էլ, սահմանապահ զորքերի հրամանատարությունից էլ: Չէի ցանկանա, որ այդ իրավիճակին վերադառնանք նորից, ու այժմ էլ Սյունիքը հռչակվի հատուկ սահմանամերձ տարածք, ուր գնալու համար ոչ միայն լրագրողներն, այլեւ այդ գոտում չբնակվող ցանկացած ՀՀ քաղաքացիները ստիպված լինեն հատուկ հարցաթերթիկ լրացնել ու «աուսվայս» ստանալ պատկան մարմիններից:

– Հետաքրքիր է՝ Ձեր տպավորությամբ ինչպե՞ս են Թեհրանում նայում Հայաստանի՝ Իրանի հետ սահմանակից ճանապարհների վերաբերյալ ըստ էության ռուս-թուրքական պայմանավորվածություններին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է ստացվում՝ ո՞վ է որոշելու Սյունիքի ապագան: Հիշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Սյունիքը Հայաստանի ողնաշարն է:

– Ես հատկապես հիշում եմ Փաշինյանի՝ հրապարակավ արված այն հայտարարությունն՝ ըստ որի Արցախը Հայաստան է, եւ ըստ այդմ էլ գնահատում եմ նրա բոլոր մնացյալ հայտարարությունները: Անկախ ամեն ինչից Սյունիքի ապագան պայմանավորված է լինելու պաշտոնական Երեւանի պահվածքով: Իսկ ինչ վերաբերվում է Իրանին, ապա պաշտոնական Թեհրանն այժմ ջանում է ժամանակ շահել ու ամրապնդել երկրում իշխող կղերապետության դիրքերը եւ Հայաստանի հետ կապված կնախընտրի չեզոքություն ու առերեւույթ անտարբեր կեցվածք պահել: Չեմ կարծում, որ կհաջողի: Մեր տարածաշրջանում արմատական փոփոխությունների գործընթացը դեռ նոր է սկիզբ առել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728