Օրերս Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ եկել են նախնական համաձայնության, ըստ որի բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն՝ Վանաձոր քաղաքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում: Բացի այդ, կհիմնանորոգվի նաեւ Հ 70՝ Մ6-Աթան շուրջ 34 կմ ճանապարհահատվածը:
Վերջին անգամ նշված ճանապարհահատվածում հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել են ավելի քան 30 տարի առաջ: Իսկ այգու բարեկարգման համար պետություն-համայնք համատեղ ներդրմամբ կտրամադրվի շուրջ 260 մլն դրամ: Երկու ծրագրերն էլ կյանքի կկոչվեն այս տարի:
Aravot.am-ի հետ զրույցում Արամ Խաչատրյանը տեղեկացրեց, որ կառավարության հետ քննարկում են մի շարք սուբվենցիոն ծրագրեր: Իսկ համայնքապետերը ներկայացրել են համայքներում առաջնային համարվող խնդիրները, որից հետո պետք է ներկայացնեն նախարարություն:
Կարդացեք նաև
Մարզում առաջնայինը շարունակում է մնալ աշխատատեղերի խնդիրը. «Ես այցելել եմ արտադրամասեր, եւ մենք բանավոր պայմանավորվածություն ունենք, որ աշխատատեղեր կունենանք: Դրանով մենք կկարողանանք բարձրացնել մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակը, եւ մարդիկ դուրս չեն գա Հայաստանի սահմաններից, այլ կկարողանան իրենց հողի վրա այդ աշխատանքներն իրականացնել»:
Խաչատրյանը վստահեցնում է, որ մարզում տուրիզմի զարգացման հետ կապված եւս աշխատանքներ են իրականացվում, սակայն փակագծեր բացել դեռեւս չի ցանկանում. «Մարզը բոլոր ոլորտների հետ կապված շատ մեծ պոտենցիալ ունի՝ տուրիզմի, գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության եւ այլն: Մեր աշխարհագրությունն ու կլիման թույլ են տալիս այդ ամեն ինչը զարգացնել: Արդեն հայտեր կան, որ մարզի տարբեր հատվածներում նախագծեր կան, որոնք քննարկման փուլում են: Հուսով եմ, որ դրանք կկարողանանք կյանքի կոչել: Հիմա թույլ տվեք ժամանակից առաջ չընկնել»,- ասաց մարզի ղեկավարն ու շարունակեց, որ իրենց համար առաջնային խնդիրներից է նաեւ արցախյան պատերազմում զոհված, վիրավոր եւ անհայտ կորած հերոսների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելը. «Հերոսների ընտանիքների հետ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է 9 ծրագիր: Հաճախ հանդիպում ենք իրենց ընտանիքների հետ, փորձում ենք մարզպետարանի լիազորությունների շրջանակներում խնդիրները լուծել: Բացի այդ նաեւ տեղեկատվություն տրամադրել, թե աշխատանքներն ինչ փուլում են: Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս խնդիրը մեզ համար առաջնային է եւ մեր ուշադրության կենտրոնում է»:
Այս պահի դրությամբ Լոռու մարզն ունի 168 զոհ, 296 վիրավոր, անհայտ կորած՝ 58 եւ գերի ընկած 2 անձ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ