Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես է հնարավոր պատգամավորական աշխատավարձով բարեկեցության նման շեմ սահմանել». Իվետա Տոնոյանը՝ իշխանավորների նոր մեքենաների, բնակարանների ու ռեստորանների մասին

Փետրվար 14,2021 18:34

«Երբ որ դու բեմ ես բարձրանում, վրադ 5000-7000 դոլարանոց շորեր են, դու չես կարող գնալ ասել՝ ես եկել եմ ձեր ապագայի մասին մտածեմ: Ակնհայտ է, չէ՞, որ դու նախկին պաշտոնյա ես, կամ ներկա պաշտոնյա ես, բայց դու հենց հիմա այնպես ես հագնված, որ ակնհայտ է՝ դու պետական բյուջեի փողերով է, որ այդպես ես հագնվել: Մարդիկ իրենց ընտրությունը կատարել են: Այսօր որ մենք ընտրություն չենք անում, դա նրանից է, որ ընդդիմությունն արդեն ընդունել է իր պարտությունն այդ ընտրություններում… Ես վստահ եմ, որ եթե մենք այսօր հանրահավաք անենք, վախենալու քանակով ժողովուրդ է դուրս գալու՝ ի աջակցություն վարչապետի».- Aravot.am-ի հետ զրույցում ասել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Մենք ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է իրոք այդ թանկ հագուկապը, թանկ կոստյումները խանգարում են, կարո՞ղ է մյուս հանրահավաքի գնալիս «վերապրոֆիլավորվեք», իմիջը, հագուստը փոխեք:

Նա պատասխանեց. «Ես ուզում եմ հավատացնել, որ մեզանից որեւէ մեկը որեւէ դեպքում մեր ազգաբնակչությունից տարբերվելու կամ առանձնանալու որեւէ միտում չի հետապնդում եւ բնականաբար, որեւէ դեպքում մեզ նրանք դրանում չեն կարող մեղադրել: Բայց այն, որ իրենց իշխանության ներկայացուցիչները, ովքեր մինչեւ պատգամավոր դառնալը չունեին կենսագրություն, ունեին ընդամենը, այսպես ասեմ, շատ ցածր աշխատավարձով ինչ-որ բաներ, բայց իշխանություն դառնալու 3 տարիների ընթացքում աչքի են ընկնում իրենց բարեկեցիկ կյանքով, բազմաթիվ ձեռքբերումներով, ավտոմեքենաներով, բնակարաններով եւ այլն, կարծում եմ, շատ ավելի ազնիվ կլիներ, որ իրենք անդրադառնային, թե ինչպես է հնարավոր պատգամավորական աշխատավարձով բարեկցության նման շեմ սահմանել իրենց եւ իրենց ընտանիքների, հարազատների եւ բարեկամների համար: Կարծում եմ, սա շատ ավելի ազնիվ կլիներ, քան քննարկել ընդդիմության ներկայացուցիչների հագուկապը, կոստյումները կամ վերարկուները: Որովհետեւ ի տարբերություն իրենց, ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ մինչ պատգամավոր դառնալը, մինչ խորհրդարան մտնելը ունեցել են անցած ճանապարհ, ունեցել են մասնագիտություն, կարիերա, բարձր վարձատրություն եւ որեւէ կերպ սահմանափակված չեն ներկայանալի հագուկապ, հագուստ ունենալու հարցում»:

Հարցրեցինք՝ որ ասում եք՝ իշխանականները բարեկեցիկ կյանքով են հիմա ապրում, օրինակ, Նիկոլ Փաշինյանը մատնանշեց, որ վարչապետ դառնալուց հետո իր միակ գույքը Շենգավիթի իր փոքր բնակարանն է, դուք կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք, Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Շատ շատերին նկատի ունեմ, որովհետեւ որքան էլ փորձեն իշխանության ամենատարբեր օղակների ներկայացուցիչները ներկայացնել, որ իրենք հազիվ են ծայրը ծայրին հասցնում, մենք ապրում ենք փոքր երկրում, որտեղ յուրաքանչյուրը ճանաչում է իր դիմացինին, հարեւանին, բարեկամին, ընկերոջը եւ շատ լավ է տեսնում, թե նրանց կենսամակարդակում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչ մեքենաներ են ձեռք բերվել, ինչ բնակարաններ, ինչ ռեստորաններում են նրանք ճաշում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728