«Երբ որ դու բեմ ես բարձրանում, վրադ 5000-7000 դոլարանոց շորեր են, դու չես կարող գնալ ասել՝ ես եկել եմ ձեր ապագայի մասին մտածեմ: Ակնհայտ է, չէ՞, որ դու նախկին պաշտոնյա ես, կամ ներկա պաշտոնյա ես, բայց դու հենց հիմա այնպես ես հագնված, որ ակնհայտ է՝ դու պետական բյուջեի փողերով է, որ այդպես ես հագնվել: Մարդիկ իրենց ընտրությունը կատարել են: Այսօր որ մենք ընտրություն չենք անում, դա նրանից է, որ ընդդիմությունն արդեն ընդունել է իր պարտությունն այդ ընտրություններում… Ես վստահ եմ, որ եթե մենք այսօր հանրահավաք անենք, վախենալու քանակով ժողովուրդ է դուրս գալու՝ ի աջակցություն վարչապետի».- Aravot.am-ի հետ զրույցում ասել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Մենք ԲՀԿ պատգամավորներից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է իրոք այդ թանկ հագուկապը, թանկ կոստյումները խանգարում են, կարո՞ղ է մյուս հանրահավաքի գնալիս «վերապրոֆիլավորվեք», իմիջը, հագուստը փոխեք: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Մենք շաբաթ չկա, որ մարզեր չգնանք, ես հրավիրում եմ, մեզ հետ եկեք սահմանամերձ գյուղեր, նախկին շրջկենտրոններ, տեսեք, թե ժողովուրդը մեզ ոնց է վերաբերվում: Կոստյումը չէ, որ պետք է գեղեցկացնե: Լոգիկա՝ ուղեղ է պետք»:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը պատասխանեց. «Ես հիշեցի մի նկար, որը պատերազմի օրերին տեղադրել էր պարոն Ալեն Սիմոնյանը՝ զինվորական թանկարժեք համազգեստ, զրահաբաճկոն, կոշիկներ եւ այլն՝ պսպղուն: Ես հիշում եմ, անգամ սոցցանցերում քննարկվում էր, թե քանի հազար դոլար կարժենա այդ «կոմպլեքսը»: Կարծում եմ, երբ հիշեցնեք Ալեն Սիմոնյանին կոնկրետ այդ նկարն ու համազգեստը, ինքը իսկույն իր հարցադրումը հետ կվերցնի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ