Լրահոս
Օրվա լրահոսը

Եփված կրեմով էկլերներ եւ սերուցքային պանրով ու ձկով լցոնած պրոֆիտրոլներ (տեսանյութ)

Փետրվար 14,2021 21:27

Եփված խմորով պատրաստված թխվածքների մի քանի տեսակներ կան՝ պրոֆիտրոլներ, որոնք կլորավուն են, էկլերներ՝ երկարավուն եւ շոկոլադապատ, բուշե՝ կլորավուն եւ վրան «շտրեյզել», Կրոկենբուշ տորթը, «Կարպատյան» կոչվող տորթը եւ շատ այլ տարբերակներ:

Եթե պիտի եփված խմոր պատրաստեք, առաջարկում եմ միանգամից պատրաստել երկու տեսակի թխվածք՝ մեկը քաղցր՝ եփված կրեմով շոկոլադապատ էկլեր, եւ մյուսը՝ որպես նախուտեստ՝ սերուցքային պանրով եւ թույլ աղադրված ձկով լցոնած պրոֆիտրոլներ:

Անհրաժեշտ մթերքները

Եփված խմորի համար

Ջուր կամ կաթ-1 բաժակ՝ 200-220 մլ

Կարագ-100 գրամ

Ալյուր- 1 բաժակ

Աղ-1 պտղունց

Շաքարավազ-1 ճաշի գդալ

Ձու-4-5 հատ

Եփված կրեմի համար 

Կաթ- 0,5 լ

Ձվի դեղնուց-2 հատ

Եգիպտացորենի ալյուր- 2 լիքը ճաշի գդալ օսլա

Շաքարավազ-1 բաժակ

Վանիլի մզվածք- 1 ճաշի գդալ կամ 1 հատիկ վանիլի ձողիկ կամ 1 պտղունց վանիլինի կամ 1 ճաշի գդալ վանիլի շաքար

33% եւ ավելի բարձր խտության սերուցք- 200 մլ

Գանաշի համար՝ 100 գրամ դառը սեւ շոկոլադ, 100 մլ սերուցք

Սերուցքային պանրով լցոնի համար

Թթվասեր-200 մլ

Սերուցքային պանիր- 150-200 գրամ

Վարունգ-կես հատ

Ավոկադո-կես հատ

Թույլ աղադրված իշխան կամ սաղմոն-50 գրամ (կարող եք դրա փոխարեն եփված մանրածովախեցգետիններ (криветки) վերցնել )

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստենք խմորը: Դրա համար նախ պետք է մաղել 1 բաժակ ալյուրը: Փոքր կաթսայի մեջ լցրեք մեկ բաժակ ջուր: Կարագը, աղը եւ շաքարավազը լցրեք ջրի մեջ եւ դրեք կրակին:

Հենց կարագը հալվի, անմիջապես լցրեք ամբողջ ալյուրը, կրակը ցածրացրեք եւ անընդհատ խառնեք, մինչեւ խմորը «գնդվի», գնդի տեսք ստանա: Դա տեւում է 30 վայրկյանից մինչեւ 1 րոպե:

Հանեք կրակից, պարբերաբար խառնեք, որ մի փոքր սառչի եւ հատիկ-հատիկ ավելացրեք հավկիթները: Յուրաքանչյուր հավկիթն ավելացնելուց հետո այնքան պիտի խառնեք, որ ամբողջությամբ լուծվի: Եթե ձեոքով դժվարանում եք՝ կարող եք էլեկտրական հարիչով հարել:

Ջեռոցը միացրեք 210-220 աստիճան: Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռեք:

Եթե միայն պրոֆիտրոլ եք պատրաստելու, կարող եք գդալով լցնել խմորը: Եթե նաեւ էկլեր պիտի պատրաստեք, պետք է տոպրակ ունենալ: Սովորական պոլիէթիլենե տոպրակով էլ կարող եք պատրաստել: Լցրեք խմորը մեջը եւ մի ծայրից կտրեք:

Դասական էկլերները ունեն ստանդարտ՝ 14 սմ չափս, պետք է լինեն իդեալական ուղիղ եւ կրեմը մեջը լսվի տակից՝ «սրսկման» եղանակով: Եվ հրուշակագործները պահպանում են ոչ միայն չափսը, այլեւ ճիշտ, դասական տեսքը: Սակայն տնական խմորեղենները, իմ կարծիքով, պետք է տարբերվեն խանութի կամ սննդի օբյեկտի հրուշակեղենից ոչ միայն տնական համ ու հոտով, այլեւ տեսքով: Այդ իսկ պատճառով կարող եք բոլորովին չմտահոգվել ճիշտ չափսի եւ տեսքի մասին: Ես, օրինակ, միշտ կրեմը լցնում եմ՝ վերին շերտը կտրելուց հետո՝ սենդվիչի նման: Այդ իսկ պատճառով, շատ հարմար է, երբ խմորը տապակի վրա դնելիս երկու շերտով եմ անում:

Խմորը ձեր ուզած տեսքով լցրեք տապակի վրա եւ դրեք տաք ջեռոցը: 15 րոպե հետո ջեռոցի ջերմաստիճանն իջեցրեք 160 աստիճանի եւ թողեք եւս 30-35 րոպե: Անջատելուց հետո էլ թողեք մի 15 րոպե մնա, նոր հանեք:

Եփված կրեմը պատրաստելու համար կաթը եւ շաքարավազը դրեք կրակին, որ տաքանա: Եթե վանիլի ձողիկ ունեք, դա էլ մեջից բացեք, սերմերը հանեք եւ փայտիկի հետ գցեք կաթի մեջ: Իսկ եթե վանիլի մզվածք կամ վանիլային շաքար կամ վանիլին եք օգտագործելու, դա կավելացնեք կրեմի պատրաստման ամենավերջին էտապում:

Փոքր կաթսայի մեջ լցրեք ձվի դեղնուցները եւ օսլան, իրար հետ լավ խառնեք: Հենց կաթը եռա, բարակ շիթով ավելացրեք ձվի դեղնուցներին՝ անընդհատ խառնելով: Ապա ամբողջ զանգվածը դրեք շատ մարմանդ կրակին: Անընդհատ խառնեք այնքան, մինչեւ կրեմը պնդանա: Թողեք թող սառչի:

Կարող եք եփված կրեմին ավելացնել կարագ, դրա համար պետք է սենյակային ջերմաստիճանի 200 գրամ կարագը շատ լավ հարել, ապա գդալ-գդալ ավելացնել եփված կրեմը: Սակայն ավելի թեթեւ եւ եթերային կրեմ ստանալու համար առաջարկում եմ եփված կրեմը խառնել ոչ թե կարագի, այլ՝ հարած սերուցքի հետ: Սերուցքը պետք է լինի 33%-ից ոչ պակաս խտության: Լավ հարեք, մինչեւ դառնա պինդ զանգված, ապա գդալ-գդալ ավելացրեք եփված կրեմը:

Դասական էկլերներն անպայման ծածկված են լինում շոկոլադե ջնարակով: Առաջարկում եմ պատրաստել շոկոլադե գանաշ, որը ոչ միայն շատ համեղ է, այլեւ շատ լավ տեսք ունի: Դրա համար 100 գրամ սեւ, դառը շոկոլադը մանրացրեք դանակով, լցրեք խորն ափսեի մեջ, վրան լցրեք կես բաժակ եռացող սերուցք: Թողեք թող մնա 5 րոպե, որից հետո խառնեք: Դառնում է հարթ, թավշե զանգված:

Էկլերների վրայի շերտը կտրեք, մեջը կրեմ լցրեք, փակեք, իսկ վրայի շերտի վրա գանաշ քսեք:

Պրոֆիտրոլները լցոնելու համար պարզապես իրար խանռնեք թթվասերն ու սերուցքային պանիրը, կտրատած վարունգը, սամիթը եւ ավոկադոն: Պրոֆիտրոլները նույնպես մեջտեղից կիսեք, մեջը լցրեք լցոնը, լցոնի վրա դրեք ձկան կտորները, մի կտոր սամիթ եւ փակեք վրայի շերտով:

Ավելի մանրամասն կարող եք տեսնել տեսանյութում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728