Լրահոս
Օրվա լրահոսը

Նատա Բրետելի՝ «Հայ ռազմիկներ» ֆոտոնախագիծը․ «Եվ հանկարծ պատերազմի այլանդակության ու կեղտի շերտից հայտնվում է գեղեցկությունն ու բարությունը․․․ Հանկարծ մենք դառնում ենք ընտանիք…»

Փետրվար 14,2021 23:00

Հոգեթերապևտ, լուսանկարիչ Նատա Բրետելը ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջերս հրապարակեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների մասին պատմող «Հայ ռազմիկներ» ֆոտոնախագիծը՝ ոչ միայն դիմանկարների, այլև պարզ, մարդկային, բայց և հերոսական պատմությունների միջոցով ներկայացնելով պատերազմի բովով անցած հայ մարտիկներին, որոնք, անկախ ամեն ինչից, չեն կորցրել իրենց ոգու զորությունը։

«Հայ ռազմիկներ» նախագծի մասին զրուցել ենք հեղինակի՝ Նատա Բրետելի հետ։

-Տիկին Բրետել, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո դուք Ֆեյսբուք սոցիալական ցանցում ներկայացրիք շատ տպավորիչ ֆոտոշարք՝ #Армянскиевоины (Հայ ռազմիկներ), որի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր դիմանկարն ուղեկցվում էր նույնքան տպավորիչ պատմությամբ․․․ Պատմեք, խնդրեմ, նախագծի մասին, դժվա՞ր չէր արդյոք, հոգեբանական տեսանկյունից, լուսանկարել պատերազմի արհավիրքներով անցած մարդկանց, և այնուամենայնիվ կարողանալ փոխանցել ոչ թե վիշտ ու տառապանք, այլ հերոսականություն․․․ Ի՞նչը ձեզ օգնեց։

-Գիտեք, գաղափարը, մտապատկերը միանգամից ծագեց։ Երկար մտածելու կարիք չեղավ։ Երևի վերևից եկավ․․․ Եվ ևս մեկ հետաքրքիր պահ․ կյանքը գիտի՝ ինչ է անում, այնպե՞ս չէ։ Ախր շարքը ես ցանկանում էի ստեղծել պատերազմի ավարտից անմիջապես հետո։

Տիգրան Կարապետյան, Սուրեն Գագրիյան, Օնիկ Անդրյան, Կարո Առուստամյան

Պայմանավորվեցի մի հրաշալի աղջկա հետ՝ ես կնկարեմ, նա՝ կգրի։ Բայց ոչ մի կերպ չէր ստացվում․ մեկ մի բան էր խանգարում, մեկ՝ այլ բան․․․ Եվ ահա եկավ օրը, երբ զգացի, որ էլ չեմ կարող սպասել, պետք է ինքս սկսեմ։ Այդ պահից էլ սկսվեց ամեն ինչ ու շատ հեշտությամբ ընթացավ։ Կարծես շարքը ստեղծվեց հենց այն ժամանակ, երբ որ պետք էր։

Տեքստերն էլ, ըստ երևույթին, ինքս պիտի գրեի։ Հրապարակվելով հետպատերազմյան «վաքխանալիայի» (բոլորը, կարծում եմ, հասկանում են, թե ինչ ի նկատի ունեմ) ամենաթեժ պահին՝ շարքը, իմ կարծիքով, լրացուցիչ հնչեղություն ստացավ․ ստի ու ցինիզմի հորձանուտում մարդկանց հատկապես անհրաժեշտ էր այն լույսը, որը բխում էր շարքի հերոսներից։

Մուշեղ Հովհաննիսյան. «Հենց նոր երկու կորած տղերքի գտան․․․ Նրանց երկար ժամանակ չէին կարողանում գտնել և այսօր գտան․․․
Նկարե’ք ինձ հիմա․․․ Հիմա իմ աչքերում կտեսնեք այն, ինչ զգում եմ ես իրականում․ կտեսնեք ճշմարտությունը»։

Դժվա՞ր էր արդյոք նրանց լուսանկարելը․ երբ մտածում եմ՝ ինչպես պատասխանել այդ հարցին, հասկանում եմ, որ այն, ինչ կատարվում էր, ես անգամ չեմ կարող անվանել «լուսանկարել»։ Դա ավելի շատ հաղորդակցություն էր։ Կարծում եմ՝ մեզնից շատերը անձամբ գիտեն, թե ինչ է նշանակում շփվել այն մարդկանց հետ, որոնք հենց նոր են վերադարձել պատերազմից․․․ Դա չի կարելի խոսքերով նկարագրել․․․

Պատկերացրեք, քեզ մոտ գալիս են տղամարդիկ, որոնք քեզ չեն ճանաչում, և դու չես ճանաչում նրանց։ Նրանք հենց նոր են եկել պատերազմից․․․ Սկսել նրանց հարցաքննել, տեղավորել՝ լուսանկարելու, դիրքեր ընդունելու․․․ Ոչ․․․ Ամեն բան այլ կերպ էր։ Մենք զրուցում էինք։ Երբեմն՝ ժամերով․․․ Լինում էր՝ լռում էինք, երբեմն՝ լալիս (դե ես որ՝ հաստատ)։ Միայն պետք էր թույլատրել, որ զրույցն ընթանա բնական հունով։ Բնականությունն է միայն թույլ տալիս ինչ-որ արժեքավոր բան ստեղծել։

Մհեր Ազնավուրյան. «Ինձ գիտեք, թե ինչն է օգնում․ հասկանալ, որ մենք՝ զինվորներս ազնվորեն կատարեցինք մեր գործը։ Չդավաճանեցինք, չվախեցանք․․․ Քաջաբար կանգնեցինք մինչև վերջ ու հավատացինք․․․»։

Այդ ժամանակ մենք բացվում ենք, լինում այնպիսին, ինչպիսին կանք։ Եվ երբ փոխվստահություն է առաջանում, թույլ ենք տալիս մյուսներին՝ թափանցել մեր աշխարհը։ Վստահությունը կարևոր է, այնպե՞ս չէ։ Ես այնքան շնորհակալ եմ շարքի հերոսներից նրանց վստահության համար․․․ Ամեն ինչի համար եմ շնորհակալ․․․

Իսկ ինչ վերաբերվում է լուսանկարներին, ես շփման ինչ-որ մի պահին վերցնում էի տեսախցիկն ու «որսում» այն, ինչ կատարվում էր։

Դուք հարցնում եք՝ ի՞նչը օգնեց․ անկեղծությունը։ Ե՛վ հերոսներին, և՛ ինձ։ Դժվար է, երբ կա սուտ ու կեղծիք, ջանքեր ու փորձեր` լինել այնպիսին, ինչպիսին չես քո բնույթով, երբ փորձում ես ավելի շահեկան երևալ․․․ Իսկ երբ մենք անկեղծ ենք, ապա հեշտ է․․․

Վասիլ Անտոնյան. «Կանայք, սովորեք կրակել։ Բոլորը պետք է․․․ Չեք կարող՝ կսովորեցնեմ․ ահա թոռնիկս՝ ինձնից լավ է կրակում»։

-Ամեն անգամ, երբ կարդում էի ձեր հերթական հրապարակումը՝ անվանման հետ կապված ինձ մոտ տարընթերցում էր տեղի ունենում (գուցե ենթագիտակցորե՞ն), ես կարդում էի «боги войны», հետո հասկացա՝ ինչու է այդպես, այն, ինչի միջով նրանք անցել էին, վեր էր մարդկային հնարավորություններից․․․ Պատմեք մեր ընթերցողին ձեր նախագծի հերոսների մասին՝ ովքե՞ր են նրանք՝ Մուշեղը, Ավոն, Վասիլը, Սեդրակը, Իննան․․․ ինչպիսի՞ն են․․․

-Ինչ դժվար հարց տվեցիք` ինչպիսի՞ն են նրանք, ովքե՞ր են նրանք։ Ես կարող եմ փոխանցել միայն նրանց մասին իմ ընկալումները։ Բայց եկեք ընթերցողներին թողնենք պարզապես նրանց պատմություններն ու դիմանկարները։ Թող նրանք զգան հերոսներին իրենց պատմությունների, աչքերի օգնությամբ․․․ Ես չէի ցանկանա նրանց վրա թողնել մեկնաբանությունների իմ շերտը։

Իննա Դավիթ. «Մեզնից գողացան մեր հաղթանակը․․․»։

-Նրանցից յուրաքանչյուրի պատմությունը՝ հատկապես ձեր մատուցմամբ, այնքան պատկերավոր է, որ թվում է, թե գեղարվեստական գրականություն ես կարդում․․․ Այդպիսի բաներ մեր օրերում կարծես թե չեն լինում, սակայն իրականությունն այն է, որ եղան և այն էլ այնպիսի իրադարձություններ, որոնք անգամ գրքերում գրված չէին։
Դուք ունկնդրել եք նրանց, ապա վերարտադրել՝ միաժամանակ ֆոտոխցիկի միջոցով փոխանցելով շատ խորը զգացմունքներ․․․ Հետաքրքրիր է լսել ձեր տպավորությունները․․․

-Շարքի ավարտից հետո ինչ-որ մեկն ինձ հարցրեց․ «Նատա, դու միտումնավո՞ր ես ընտրել այդքան դրական հերոսների։ Նրանք չափազանց իդեալական չե՞ն»։ Ես սկսեցի մտորել՝ առաջին հերթին, չէ՛, միտումնավոր չեմ ընտրել։ Անգամ հերոսների քանակը՝ 12, պատահական է ստացվել։ Երկրորդ հերթին, իմ մտքով անգամ չի էլ անցել իդեալականացնել ու կերպար «քանդակել»։ Ես անգամ նրանց պատմություններն էի փոխանցում «հասարակ» լեզվով, որպեսզի ոչ մի դեպքում նրանց «քանդակված» հերոսականություն չփոխանցեմ։

Հասկանո՞ւմ եք։ Չէ՞ որ իրականությունն արդեն իսկ այնքան խորն ու բազմապլան է, որ ավելի հզոր բան չես էլ մտածի։
Եվ այո, զարմանալիորեն կյանքն այնպես դասավորեց, որ հավաքվեցին 12 անծանոթ հերոսներ և բոլորը․․․ ինչպե՞ս ասեմ՝ իմ զգացողությունները մեկ բառով փոխանցելու համար, լուսավոր, հա, հենց էդպես․․․ բոլորը լուսավոր էին։ Ես լսում էի նրանց և ապշում․ նրանց մեջ պահպանվել էր և՛ բարությունը, և՛ ջերմությունը․․․ Չէին կոպտացել, չարացել․․․ «Ինչպե՞ս, մտածում էի ես»։

Կարեն Մարտիրոսյան«Գիտեմ միայն, որ մենք պիտի արժանապատիվ լինենք։ Անզորությունը, որ մենք զգում ենք որպես ժողովուրդ, ճանապարհ չէ․․․ անզորությունը զոհի դիրքորոշումն է․․․ Ոչ, ուզում ենք ու պե՛տք է ինչ-որ բան անենք»։

Շուրջբոլորը դժոխք է, օր օրի ականատես ենք լինում ավելի ու ավելի շատ սարսափների ու այլանդակությունների, ինչին ընդունակ է մարդկությունը (սպանություններ, կտտանքներ, ծննդատների ռմբակոծում…), ատելության, զայրույթի, մահվան, վախի մթնոլորտ․․․

Եվ ի՞նչ ենք մենք տեսնում այդ դժոխքի կիզակետում․ որ անգամ այդպիսի իրավիճակում մարդը կարող է պահպանել ամենանվիրականը՝ իր ներքին լույսը․․․ Ազնիվ խոսք, դա ինձ համար ոչ ավել, ոչ պակաս հույս է՝ մեզ համար՝ որպես տեսակի՝ մարդկայնության պահպանման հույս, ներեցեք ինձ պաթոսի համար։ Եթե մարդիկ, անցնելով պատերազմի միջով, պահպանում են մարդկայնությունը․․․

Ավո Ղալումյան. «Եթե մենք գոնե իրենց տեխնիկայի կեսն ունենայինք․․․ Եթե հայերը կռվեին թշնամու հետ դեմ դիմաց․․․ Բայց ոչ․․․ Դա պայքար չէր մարդկանց միջև․․․»։

-Որո՞նք են հայ մարտիկների դասերը․․․ գուցե դրանք իմանալուց հետո մենք ավելի հեշտությամբ կարողանանք ապրել կյանքը՝ պատերազմից հետո․․․

-Ի՞նչ դասեր։ Թերևս ամեն մի պատմություն իր դասն ունի, ավելի ճիշտ՝ տողերի արանքում կարդացվում են հարցերը, որոնց շուրջ մենք կարող ենք մտածել։ Բայց գիտեք, թե էլ ինչն է կարևոր․․․ Կարևոր ու պերճախոս։ Ընթերցողների մեկնաբանությունները։ Կարդում ու հասկանում ես՝ մարդիկ բարձրաձայնում են այն մասին, ինչը պակասում է իրենց, ինչին ձգտում են ամբողջ սրտով, ինչն իրենց օգնում է ապրել և ինչը մեզ դուրս կբերի այն ճգնաժամից ու խավարից, որում մենք գտնվում ենք հիմա։

Սեդրակ Վելիկոդնի. «․․․ Եվ հանկարծ պատերազմի այլանդակության ու կեղտի շերտից հայտնվում է գեղեցկությունն ու բարությունը։ Հանկարծ մենք դառնում ենք ընտանիք։ Հանկարծ բոլոր պայմանականությունները, կեղծավորությունն անցնում են և հայտնվում է իրականը՝ մարդկայնությունը։
Մեզ ռմբակոծում են, իսկ մենք հոգ ենք տանում միմյանց մասին․․․ Անգամ հայհոյել դադարեցինք․․․»։

Քաջություն, նվիրվածություն, անկաշառություն, սեր, միմյանց նկատմամբ հարգանք, փոխօգնություն, համերաշխություն, արժանապատվություն, միասնության զգացում ՝ «մենք»: Ահա՛ ճանապարհը։

Մենք ցանկանում ենք ապրել ԱՅԴՊԻՍԻ պետությունում։ Մենք այդպիսի ուղենիշներ ենք ցանկանում։ Թվում է՝ հերոսներն իրենց պատմություններով և արարքներով, ինչպես նաև ընթերցողները արտահայտեցին բոլոր այն արժեքներ, որոնք թերևս պետք է լինեն զարգանալ ցանկացող պետության հիմքում։ Պետության՝ հարգանք վայելող․․․ Պետության, որը հարգում է իրեն և իր քաղաքացիներին։

 

Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728