Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազգ»-ը իր հիմնադրման 30-րդ տարեդարձին ընդառաջ «լավ նվեր» ստացավ Հայաստանի հոգատա՜ր իշխանություններից․ խմբագրությունը ստիպված եղավ հեռանալ իր զբաղեցրած տարածքից․ «Ազգ»

Փետրվար 14,2021 11:29

«Ազգ»-ի խմբագրությունը իր հիմնադրման 30-րդ տարեդարձին ընդառաջ, ինչպես սովորություն է ասել, լավ, շա՛տ լավ նվեր ստացավ Հայաստանի հոգատա՜ր իշխանություններից. երեկ խմբագրությունը ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի կարգադրությամբ ստիպվեց դուրս գալ 1991թ.-ից ի վեր իր զբաղեցրած տարածքից, Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի թիվ 47 շենքի 3-րդ հարկից, որը 2015թ.-ից ի վեր խմբագրությունը, ՀՀ կառավարության տնօրինմամբ համատեղության կարգով զբաղեցնում էր Ռամկավար Ազատական կուսակցության հետ:

Անշուշտ չենք կարող պնդել, որ Պետգույքի կոմիտեի կարգադրությունն ուղղված էր միայն խմբագրության դեմ. նույն կարգադրությամբ ստիպված եղան շենքը լքել նաեւ ՌԱԿ-ը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նույնպես, վարձակալական հիմունքներով, վերոնշյալ 2015 թ.-ից ի վեր զբաղեցնում էր նույն շենքի 1-ին եւ 2-րդ հարկերը: ԲՀԿ-ն բոլորովին անմխիթար վիճակում եւ 60-ական թվականներից երբեք չվերանորոգված շենքի իր հատվածը շուրջ 120 հազար դոլարով հիմնանորոգել ու կահավորել էր, իսկ «Ազգ»-ը եւ ՌԱԿ-ը նույն նպատակով ծախսել էին շուրջ 50 հազար դոլար: Գումար, որը Երվանդ Ազատյանի, Հակոբ Վարդիվառյանի եւ Հակոբ Ավետիքյանի միջնորդությամբ նվիրաբերել էր Նյու Յորքից մեր պատվական հայրենակից, հայտնի բարերար Նազար Նազարյանը, որի անունով էլ կոչվում էր ամբողջ 3-րդ հարկը:

Ավելորդ չի լինի նաեւ ասել, որ բոլոր վարձակալների հետ Պետգույքի նախկին վարչությունը պայմանագիր էր կնքել, խոստովանենք՝ մատչելի գներով, 5 տարվա ժամկետով, որն ավարտվեց նախորդ տարվա աշնանը: Ժամկետի ավարտին Պետգույքի կոմիտեն, այն ժամանակ դեռ Նարեկ Բաբայանի նախագահությամբ, մերժել էր վարձակալների դիմումը՝ ժամկետը երկարացնելու եւ, իհարկին, վարձակալության գումարը ավելացնելու վերաբերյալ: Մերժումը եղել էր կտրուկ՝ հայտարարվելու է աճուրդային մրցույթ եւ բոլո՛ր ցանկացողները կարող են մասնակցել:

Ի վերջո հայտարարվեց աճուրդի օրը, ժամն ու ամսական վարձակալության մեկնարկային գինը՝ ողջ շենքի (843.83 քմ) համար ամսական, ուշադրությո՛ւն, 4,448,000 դրամ, նվազագույն 5 տարի վարձակալելու պայմանով: Դրանով իսկ պարզ դարձավ բոլորին, որ շենքի հետագա բնակիչը կանխավ որոշված էր, եւ հենց այդ պատճառով, տնտեսական ներկա ճգնաժամային պայմաններում հատկապես, ոչ ոք մոտ չէր գա աճուրդին: Հասկանալի է՝ նյութապես շատ հզոր կազմակերպությունը միայն կարող էր տարեկան 53,376.000 դրամ վճարել վարձակալության համար:

Այսուհանդերձ, ինչպես ասվեց, աճուրդի օրն ու ժամը պաշտոնապես հայտարարված էր 2020 դեկտ. 24, ժամը 11:00: Հետաքրքրությունը մեծ էր՝ աճուրդը պիտի կայանա՞ր, ո՞վ էր լինելու երանելի վարձակալը, կարո՞ղ էր աճուրդը նվազուրդի վերածվել…

Որոշյալ օրը եւ որոշյալ ժամից 3 րոպե հետո «Ազգ»-ի ներկայացուցիչը դիտորդի կարգավիճակով ներկայանում է Պետգույքի կոմիտեի շենքի համապատասխան սրահ: Տեսնում է 3 թե 4 հոգի նստած, որոնք տեսնելով անծանոթ երիտասարդին՝ այլայլվում են: Ապա, պատասխանելով երիտասարդի հարցմանը ասում, որ աճուրդն արդեն ավարտվել է, բայց մերժում են հայտնել «հաղթողի» անունը, ասելով, որ դա «գաղտնիք» է:

Այդ «գաղտնիքը» գաղտնի է մնում մինչեւ օրս, աճուրդի «կայացումից» շուրջ 1,5 ամիս հետո էլ: Ցարդ ոչ մի նշում խիստ թափանցի՜կ աշխատող Պետգույքի կոմիտեի պաշտոնական կայքէջում: «Օդում կախված լուրերի» համաձայն, շենքը վարձակալել է ինչ-որ ՊՈԱԿ, ինչ-որ ներդրումների հիմնադրամ, որում կամ որի միջոցով մեր երկրում ներդրում կատարողները երեւի գիտեն, թե իրենց ներդրումներից որքան մասհանում է կատարվելու վարձակալության համար…

Սակայն ամենամեծ «գաղտնիքը» դեռ առջեւում է. ո՛չ աճուրդից առաջ, ո՛չ էլ հետո եւ առայսօր, մեծահարուստ վարձակալը դեռեւս չի այցելել շենք, չի շրջել հարկերն ու սենյակները, այսինքնՙ չի ծանոթացել ու տնտղել այդքան մեծ գումարով վարձակալած իր իսկ տարածքին: Տարօրինակ չէ՞:

Ներկա պահին կարիք չկա լրագրողական հետաքննություն անցկացնելու, գաղտնիության քողը բարձրացնելու՝ պետական գույքի օտարման կասկածելի հատկանիշներ ունեցող այս գործողության վրայից: Կարեւորն այն է, որ Պետգույքի կոմիտեի նորանշանակ նախագահ, «թռչող կոկորդիլոսների» հայտնի մասնագետ Գարիկ Սարգսյանը տպավորիչ խստությամբ կրկնել էր իր նախորդի հրահանգը՝ ազատել տարածքը ու հեռանալ անհապաղ: Ու մեր խմբագրությունը հեռացավ:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728