Լրահոս
Օրվա լրահոսը

54 միլիոն դրա՞մ՝ Գյումրու թշվառ բյուջեից․ ռեստորանատեր նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պահանջը

Փետրվար 13,2021 20:44

Գյումրու քաղաքապետարանի նախկին առանցքային դեմքերից մեկի՝ Վարդան Ղուկասյանի օրոք բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Գրքիկյանի ու Գյումրու նորօրյա իշխանությունների միջև «Դվին» հանդիսությունների սրահի շուրջ ծագած վեճը նոր դատական ընթացք է ստանում։

Հովհաննես Գրքիկյանի բարեկամները՝ Արմեն Մովսեսյանն ու Անահիտ Գրքիկյանը, որոնց անունով գրանցված է Գյումրու Բորյան փողոցի 0․073648 հա հողամասը, դիմել են ՀՀ վարչական դատարան՝ Գյումրու համայնքային բյուջեից պահանջելով 54 միլիոն դրամ՝ որպես իրենց պատճառված վնասի հատուցում։

Նրանք գտնում են, որ տվյալ հասցեում բնակելի մասով առևտրի և սպասարկման երկու հարկանի օբյեկտի շինարարության ավարտից հետո քաղաքապետարանը իրենց շահագործման ակտ չի տրամադրել, խոչընդոտ է ստեղծել, իրենք էլ չեն կարողացել սեփականության վկայական ձեռք բերել ու իրենց գույքը օգտագործել, շահույթ ստանալ։ Քաղաքապետարանից էլ պնդում են, որ նրանք որևէ վնաս չեն կրել, իրենց ուզածով շահագործել են գույքը, եկամուտ ստացել և որ կան հրապարակային ապացույցներ։ Բացի այդ, քաղաքային իշխանությունների պարզաբանմամբ, շահագործման ակտ չեն տրամադրել, որովհետև բնակիչներից բողոքներ են եղել։

ՀՀ վարչական դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելն արդեն իսկ առաջացրել է Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչների դժգոհությունը։
Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Աննա Մանուկյանը մեզ տեղեկացրեց, որ առաջին դատական նիստն արդեն ընթացել է, և եթե ընթացքում իրենց մոտ կասկած առաջացնի դատարանի անաչառ ու անկողմնակալ վերաբերմունքը, բացարկ կհայտնեն դատավորին, թույլ չեն տա քաղաքի առանց այն էլ չեղած բյուջեից կամայականորեն գումար տանելու։

Այս պատմությունը մամուլի համար նորություն չէ․ նախկինում ևս սեփականատերերը նույն գումարի պահանջով դատի էին տվել քաղաքապետարանին, սակայն գործը կարճվել էր։ Մինչդեռ սեփականատերերը համոզված էին, որ Գյումրու քաղաքապետարանն է անգործություն ցուցաբերել, որի պատճառով իրենք տուժվել են։

Բանն այն է, որ դեռ 2012 թվականի հուլիսի 15-ին Արմեն Մովսեսյանին ու Անահիտ Գրքիկյանին Գյումրու քաղաքապետարանի կողմից շինթույլտվություն է տրվել Բորյան փողոցի թիվ 2/3 հասցեում բնակելի մասով առևտրի և սպասարկման երկու հարկանի օբյեկտի նոր կառուցման աշխատանքներ կատարելու համար։

Նրանք 2013 թվականին դիմում են ներկայացրել Գյումրու քաղաքապետին՝ ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով, այսինքն՝ շահագործման ակտի ձևակերպման համար, սակայն այն մնացել է անպատասխան։
Սեփականատերերը դիմել են դատարան, ու 2016 թվականի մարտի 17-ին ՀՀ վարչական դատարանը Գյումրու քաղաքապետարանին պարտավորեցրել է ձևակերպել Բորյան փողոցում առևտրի և սպասարկման երկու հարկանի օբյեկտի շահագործման ակտը։

Գյումրու քաղաքապետը բողոքարկել է վարչական դատարանի վճիռը, սակայն նրա բողոքը մերժվել է ու 2017 թվականի մայիսին գրանցվել է դիմումատուների սեփականության իրավունքը։

Արմեն Մովսեսյանն ու Անահիտ Գրքիկյանը 2018 թվականին դիմում են ներկայացրել Գյումրու քաղաքապետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել իրենց պատճառած վնասը հատուցելու։ Սակայն Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալը պնդել է, որ քաղաքային իշխանությունն անգործություն չի դրսևորել, որևէ վնաս չի պատճառվել, և որ քաղաքապետարանը փոխհատուցման պարտավորություն չի կարող ունենալ։

Սեփականատերերը դիմել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով 54 միլիոն դրամ։
Սակայն 23․05 2019 թվականին գործը կարճվել է՝ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։

Այժմ էլ նրանք դիմել են ՀՀ վարչական դատարան՝ գտնելով, որ քաղաքապետարանի պատճառով իրենք փաստացի զրկվել են գույքը վարձակալության հանձնելու և եկամուտներ ստանալու իրավունքից։ Նրանք գնահատել են տվել իրենց չստացված եկամուտների չափը։

Արմեն Մովսեսյանի ու Անահիտ Գրքիկյանի կողմից ՀՀ Վարչական դատարանին ներկայացրած հայցադիմումում նշված է․
«Է․ Ապրեսյան» ՍՊ ընկերության գնահատման եզրակացության համաձայն Գյումրի քաղաքի Բորյան թիվ 2/3 հասցեում գտնվող 676․74 քմ մակերեսով հասարակական նշանակությամբ օբյեկտի վարձակալման վճարի շուկայական արժեքը մեկ տարվա կտրվածքով կկազմի 14․782․000 դրամ (հաշվարկը կատարված է նաև 2014-2018 թթ․համար)։ Այսինքն ամսական մոտ 1․225․000 ՀՀ դրամ։

Այսպիսով, ստացվում է, որ քաղաքապետարանի կողմից պատճառված վնասը կկազմի մոտ 54․000․000 դրամ՝ ըստ հետևյալ հաշվարկի՝

1․ 2013 թ․-ի սեպտեմբերի 1-ից (քաղաքապետարանի կողմից խախտում չանելու պայմաններում շահագործման ակտը տրամադրելու և դրա արդյունքում սեփականությունը գրանցվելու ամսաթիվը) մինչև 2017 թ․ մայիսի 17-ը (սեփականության իրավունքը գրանցվելու ամսաթիվը) ընդհանուր առմամբ կազմում է մոտ 3 տարի 8 ամիս կամ 44 ամիս։

2․ 44 ամիսը բազմապատկած 1․225․000 ՀՀ դրամով (վարձավճարի ամսական չափը) կստանանք մոտ 54․000․000 ՀՀ դրամ։

Ի դեպ, Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետը նշում է, որ իրենք ունեն հրապարակային ապացույց առ այն, որ սեփականատերերը որևէ վնաս չեն կրել, նրանք չունենալով շահագործման ակտ՝ այդուհանդերձ տնտեսական գործունեություն են իրականացրել․ առանձնացված հյուրասրահները սպասարկել են ու շահույթ ստացել։

Աննա Մանուկյանը նշում է, որ «Դվին» հանդիսությունների սրահի ՖԲ էջում հենց այդ ընթացքում տեղադրվել է գովազդային տեսանյութ, որտեղ Գյումրի քաղաքի բնակիչներին հրավիրում են օգտվել հյուրասրահներից, հաճելի ժամանակ անցկացնել։

Բացի այդ, ըստ իրավաբանի, վնասի հատուցման պարտադիր պայման հանդիսանում է համայնքի ղեկավարի ոչ պատշաճ վարչարարությունն ու անգործությունը։ Իսկ տվյալ դեպքում դատարանի նման վճիռ չկա, հայցվորների պահանջը դատարանը չի բավարարել, գործը կարճվել է։

Պատրաստ ենք լսել նաև մյուս կողմի մեկնաբանությունն այս թեմայի շուրջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728