Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսեք, թե մարդիկ ինչի համար են իրար երանի տալիս: Սա դժոխք է». Էդգար Ղազարյան

Փետրվար 13,2021 18:42

«Մարդ, դու ո՞նց չես հասկանում, որ քո երեխայի զոհվելու պատճառը ԻՆՉՆ է եղել: Երեխաների մի մեծ մաս զոհվել է առանց մարտական գործողություններին մասնակից դառնալու, սխալ որոշումների հետեւանքով: Դա քո զոհն է, քո երեխան է: Մարդ, դու ո՞նց չես զգում դա: Մենք դժոխքում ենք ապրում: Մարդկանց հասցրել են այն վիճակի, որ նրանց համար երանությունը դարձել է իրենց զոհված հարազատի, երիտասարդի մասունքներից իրենց բան հասնելը: Եթե սա պատմես նորմալ հասարակության մեջ ապրող որեւէ մեկին, մեզ ուղղակի գժի տեղ կդնեն:

Վայքի պես փոքր քաղաքում մի օրվա մեջ եկեղեցում 18-20 տարեկան երեք երեխայի դագաղ էր դրված, ու անհետ կորածի հարազատները եկել, ասում էին երնեկ ձեզ, որ դուք դագաղի տեր եք, գերեզմանի տեր եք լինելու: Մյուսը երնեկ էր տալիս՝ որ բաց դագաղ է: Իրենցը՝ միայն մասունքներ են: Տեսեք, թե մարդիկ ինչի համար են իրար երանի տալիս: Սա դժոխք է:
Ու մարդ կա չէ՞, որ այս դժոխքը ստեղծել է: Սա հո բնական աղետ չի, հո երկրաշարժ չի, թեեւ այդ արհավիրքն էլ ենք տեսել: Սա գործողությունների կամ անգործության հետեւանք է:

Զոհվածների թիվը դարձրել են ընդամենը վիճակագրություն: Շուրջ հինգ հազար երիտասարդ: Բայց դրանք մարդկային ճակատագրեր են, չէ՞: Լուսավոր երեխաներ են հողին հանձնվել: Շիրմաքարերին կարդում ենք՝ 18-20 տարեկան տղաներ են: Ո՞նց կարելի է հասարակության մեջ սրա հետ հաշտվել: Մենք դեռ այսօրվա ողբերգության մեջ ենք: Այդքան աղջիկ չի ամուսնանալու, չէ՞, այդքան ընտանիք չի ձեւավորվելու, չէ՞: Իսկ ամուսնացածի երեխան: Մենք այսօր մեր ընտանիքի գլխին՝ չենք կարողանում մեր երեխաների հոգսերը հոգալ: Բա այրիացած երիտասարդ մայրերը ո՞նց են մեծացնելու երեխաներին, ո՞նց են կրթության տալու, առողջապահական խնդիրներ լուծելու, Աստված մի արասցե, եթե այդպիսի խնդիրներ առաջանան:

Այս դժբախտության հետ ո՞նց ենք ապրելու, ո՞նց ենք հաշտվելու: Ու հասարակության մի շերտ կա, որ ապրում, հաշտվում ու ասում է՝ ոչի՞նչ, որ այսպես է եղել: Սա անհավատալի է»,-արցախյան պատերազմի եւ դրան հաջորդած իրավիճակը գնահատելով՝ ասում է ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728