Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Այսօրվա իշխանությունը մտածում է. այսքան բան անելուց հետո եթե մեզ հանդուրժում են, ուրեմն ինչ էլ անենք, մեզ կհանդուրժեն»

Փետրվար 13,2021 15:15

Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի հրավիրած հավաքից հետո ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում երկրում պատերազմից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին ասաց.

«Հասարակությունը պետք է վերադառնա իր առողջ գիտակցությանը եւ իր բոլոր գործողությունները կառուցի այդ առողջ գիտակցության համատեքստում: Ես տպավորություն ունեմ, որ մեր հասարակությունը ստացել է ծանր, շատ ծանր հարված, հայտնվել է ահավոր շոկային, հիվանդ վիճակում՝ նոկդաունի է ենթարկվել եւ չի կարողանում ադեկվատ վերաբերմունք ցուցաբերել այն իրադարձություններին, սարսափելի այն իրողությանը, որում հայտնվել ենք բոլորս: Այսինքն, մարդիկ պետք է մի պահ գոնե սթափվեն, վերադառնան ճիշտ իրողության տիրույթ եւ իրենց գործողությունները կառուցեն ըստ այդ գիտակցության:

Այն հասարակությունը, որն ընդամենը երկուսուկես տարի առաջ անհանդուրժելի էր համարում մեկ պաշտոնյայի մեկ շքեղ մեքենան, մի առանձնատունը, չէր հաշտվում այդ երեւույթի հետ եւ ուզում էր փոխել հասարակական հարաբերությունները, փոխել իշխանությունը, այսօր հաշտվում է Հայրենիքի կորստի փաստի հետ, շատ հանգիստ հաշտվում է հազարավոր երիտասարդ մարդկանց կորստի փաստի հետ:

Մարդկանց ներկայացվում են կոռուպցիոն աղաղակող փաստեր՝ ապացույցներով, մարդիկ չեն ուզում հավատալ այդ իրողություններին: Այսինքն, այն, ինչի համար իրենք պայքարել են երկուսուկես տարի առաջ, դրա շարունակական գոյության պայմաններում, շատ դեպքերում՝ նույն դեմքերով, որոնք հիմա ստացել են «նոր մարդու կերպար», բայց նախորդ, երբեմն՝ նախորդի նախորդ իշխանությունների ներկայացուցիչներ են, չեն նկատում: Եվ ի հավելումն այդ ամենի, նաեւ նոր իրղությունները ոչ մի կերպ չեն նկատում, հաշտվում են այս դժոխքի հետ: Սա կործանման է տանելու մեր ամբողջ հասարակությունը:

Մարդիկ պետք է արթնանան եւ յուրաքանչյուրը գիտակցված, բանական, իրավիճակին համարժեք իր գործողությունները կատարի: Սա քաղաքական պայքար չէ: Շատերն ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք ուզում զբաղվել, չենք զբաղվում: Քաղաքականությունը հանուն իշխանության պայքար է: Եվ երբ կգա քաղաքական պայքարի շրջանը, այո, մարդիկ իրենք պետք է որոշեն՝ քաղաքականությամբ զբաղվե՞ն, թե չէ: Երբ գա ընտրությունների ժամանակը, մարդիկ իրենք թող որոշեն, թե որ ուժին քվեարկեն: Բայց եթե մի իշխանավոր քեզ դրել է այս վիճակի մեջ, պիտի անհանդուրժելի լինի նրա հաջորդ օրվա պաշտոնավարումը: Հիմա մենք ստացել ենք մի իրավիճակ, երբ իշխանությունը ինքն է իշխում ժողովրդին, այլ ոչ թե գտնվում է ժողովրդի վերահսկողության ներքո:

Այսօրվա իշխանության հանրային վտանգը կայանում է նրանում, որ իրենք դարձել են բացարձակ անպատասխանատու: Այսինքն, պարզվում է, որ իրենց արդեն ամեն ինչ կարելի է: Դե պատկերացրեք, թե հիմա իրենք ինչ են մտածում: Ասում են, եթե այս ամեն ինչը անելուց հետո մենք առավոտյան արթնանում ենք, առավոտյան գալիս ենք աշխատանքի, մեր կանայք գնումներ են կատարում, համերգներ են գնում, մենք քննարկումների ենք մասնակցում՝ ապրում ենք, աշխատում ենք եւ եթե մեզ հանդուրժում են, ուրեմն ինչ էլ անենք, մեզ կհանդուրժեն: Օրինակ, կադրային որոշումները: Ըստ շրջանառվող լուրերի, մարդը իր անգլերենի ուսուցչուհուն ուզում է նշանակել դեսպան: Իսկ ինչի՞ պետք է չանի, ի՞նչն է իրեն կաշկանդում, որպեսզի ինքն այդպիսի որոշումից ձեռնպահ մնա:

Հեղինակազրկվելո՞ւց է կաշկանդված, պաշտոնից հեռացվելու հեռանկարի՞ց է կաշկանդված… Ոչ մի կաշկանդող, իշխանություններին զսպող մեխանիզմ հիմա մեր հասարակության մեջ չի գործում: Եվ դա իշխանություններին դարձնում է սանձարձակ, անկառավարելի, եւ դա իրենց հնարավորություն է տալիս կատարել ցանկացած գործողություն, ինչն էլ որ անում են: Դա ավելի խորացնում է մեր հասարակական պրոբլեմները»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728