«Արցախյան շարժման սկզբից 33 տարի է անցել եւ այդ ընթացքում չի եղել մի տարի, երբ ողջ ժողովրդով նման փակուղային իրավիճակում հայտնված լինենք»,- այսօր Արցախի հարցի 33-ամյակին առիթով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Ազգային ժողովրդավարական բեւեռի» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը:
Նրա գնահատմամբ, 30 տարվա ընթացքում Արցախի հարցը փորձ արվեց Հայկական հարցից առանձնացնել`այն մեկնաբանելով անվտանգության նկատառում, բացատրելով, որ այդպիսով կխուսափենք վատացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: «Ստացվեց այնպես, որ մենք ամենավատթար սցենարով գնացինք եւ 33 տարի հետո ոչ միայն ունեցանք տասնյակ հազարավոր մարդկային կորուստներ, խեղված ճակատագրեր, հաշմանդամներ, նյութական կորուստներ, բայց ամենավտանգավոր բանը, որի առաջ կանգնել ենք, դա այն հոգեբանական վակուումն է, որը սպառնում է մեր ինքնությանը: Ոչ միայն հայրենիքի կորուստ է եղել, այլեւ ազգային տեսակի հիմնասյուներին է հարված հասցվել»:
Այս շոկային վիճակից դուրս գալու համար, ըստ Գարեգին Չուգասզյանի, մեր մտավոր խավը պարտավոր է խնդրին նորովի նայելու տարբերակներ գտնել` քաղաքական եւ քաղաքակրթական առումով` տեխնոլոգիական փոփոխությունների համատեքստում:
Քննարկման ընթացքում «Ազգային ժողովրդավարական բեւեռի» նախաձեռնող խմբի անդամ Արա Պապյանն իր «Արցախի հարցը՝ որպես հայկական հարցի բաղկացուցիչ մաս» վերնագրված զեկույցում նկատեց, որ առանց Հայկական հարցի լուծման հայոց արդի պետականության ներկա սահմաններում ոչ միայն հնարավոր չի լինելու իրավաքաղաքական եւ տնտեսական զարգացման հարցեր լուծել, այլ խիստ խնդրահարույց է մնում ինքնիշխան եւ ինքնուրույն միավորի հարատեւելու հնարավորությունը:
Կարդացեք նաև
Ավելին, խնդրահարույց է մնում սեփական հայրենիքում հայ ժողովրդի հավաքական գոյության ապագան: «ՀՀ-ն՝ որպես քաղաքական ինքնուրույն եւ արժանապատիվ միավոր, կամ կարող է գոյություն ունենալ միայն իր անօտարելի եւ անժամանցելի իրավունքների վերահաստատումով, կամ ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ որպես անկախ պետականություն»,- ասաց Արա Պապյանը` հավելելով, որ ներկա փուլում Հայկական հարցի լուծման նպատակը հայոց կենսունակ պետականության ստեղծումն է՝ անվտանգության եւ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:
Ըստ բանախոսի, ակնհայտ է, որ ՀՀ-ի քաղաքական, տնտեսական եւ ռազմական ներուժը մշտապես զիջելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարը եւ դիմակայությունը տեղափոխել մի ոլորտ, որտեղ Հայաստանը չի զիջում, նաեւ ակնհայտ առավելություն ունի: Այսինքն, նա առաջարկում է հարցը տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ: Այս համատեքստում, ըստ բանախոսի, ՀՀ-ի արեւելյան սահմանների հարցն է հրատապություն պահանջում, որը պայմանականորեն կարելի է կոչել Արցախի հարց:
Բերելով իրավաքաղաքական հիմքերը` Արա Պապյանը համոզմունք հայտնեց, որ Արցախի հարցը կարող է եւ պետք է լուծում ստանա միջազգային իրավունքի հիմունքներով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ