Սահյանագիտության յուրօրինակ շարժում է սկսել բանաստեղծի որդին` Նաիրի Սահյանը:
Ըստ նրա, բանաստեղծներն Աստծո խոսքն են տվել մեզ, որպեսզի ուժ գտնենք, ապրենք:
«Եկանք, հավաքվեցինք, սգում ենք, հետո գնացինք տուն, վերցրինք հեռախոսը…
Մեր պարտականությունն է, էն որ թողել են մեր պապերը, տեր կանգնել: Ինչ կասեր հայրս, եթե հրաշքով այս օրերին մեզ հետ լիներ: Բան կա ասելու… Մենք պիտի ուրախանանք Սահյանի, Չարենցի, Թումանյանի… արվեստով»,-ասաց բանաստեղծ Համո Սահյանի որդին, Նոր Նորք վարչական շրջանի Կենտրոնական գրադարանում երեկ բանաստեղծին նվիրված միջոցառման ժամանակ:
Կարդացեք նաև
Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը, որն, ինչպես գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանն ասաց, հաճախակի է մասնակցում նման միջացառումներին:
Բանաստեղծ, ասմունքող Ռաֆայել Սերենցը ներկայացրեց Սահյանի բանաստեղծական աշխարհը. «Սահյանի շշուկներում մամռոտ քարափները, փրփրող գետերը, ծիլ ու ծաղիկը ունեն մարդկային լեզու ու մարդու կերպարանք. Սահյանի բանաստեղծություններում ամեն ինչ շարժման մեջ է, և հավիտենական է շաժման լեզուն, որն ապրում է հայերեն: Նա սիրում է բովանդակ աշխարհն իր մեծ հակասություններով, իր Լոր գյուղի լուսաբացներով և իր սիրո շշուկների վկա մայրամուտներով: Սահյանի բանաստեղծություններում հայ մարդու ոգեղեն ընթացքն է, քարի ու քարափի զրույցը: Որպես ճշմարտության ջահակիր՝ նա փնտրում է հավերժի գեղեցկության գաղտնիքը, փնտրում է այնտեղ, որտեղ պահն է ազդարարում ճշմարտության կանչ ու կանչերը, գուցե դա մի ակնթարթ է կյանքն ու մահը ներդաշնակող խոհերում, գուցե… Երբեմն արթուն հուշն է ճնշում, և ահա զարթնում է Բնապաշտը, իր փոքր ու մեծ առօրյայով զանազանում է, տարբերում խոհն ու խոհականը և տրվում է վերջապես չմեռնող Լռությա՜նը»:
106 դպրոցի աշակերտները զարդարեցին գրական-երաժշտական միջոցառումը գեղեցիկ ասմունքով, Նաիրի Սահյանին անակնկալ մատուցեց երգչուհի Անահիտ Սահակյանը` կատարելով նրա մայրիկի` քնարերգու Մարիա Հակոբյանի «Մարինե վանքում» ստեղծագործությունը:
Նաիրի Սահյանը դատարկաձեռն չէր եկել. նա իր հետ բերել էր վերջերս լույս տեսած Համո Սահյանի գրքերից, ձայներիզ, շնորհակալագրեր բաժանեց Սահյանի պոեզիան տարածողներին, գեղեցիկ կատարումների համար երգիչներին, երգահաններին, ասմունքողներին:
«Համո Սահյան. պոեզիայի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրի Սահյանը «Համո Սահյան» Ոսկե մեդալով պարգեւատրեց ճանաչված ռադիոհաղորդավար Անահիտ Նավասարդյանին` «Հայ արվեստին մատուցած ծառայությունների համար»:
Սահյանից անսպասելի քառատող երգեց միջացառումից ոգեւորված թաղապետը` Հովհաննես Մանուկյանը, որին սպասվում էր նամակ-խնդրագիր:
Գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանն ասաց, որ վարչական շրջանի գրադարանը քսաներկու եւ ավելի տարիներ է գործում, ունի տասը հազար ընթերցող: Նա հրապարակեց 2006թ. Նոր Նորք համայնքի ղեկավարի համաձայնությունը գրադարանը Համո Սահյանի անունով կոչելու համար, եւ նաեւ Երեւանի քաղաքապետարանի ավագանի դիմելու մասին:
Սակայն հարցը մինչ օրս չի լուծվել:
Գրադարանն իր շնորհակալությունը հայտնեց Նաիրի Սահյանին՝ Նարեկ նվիրելով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. –Միջացառման ավարտին տեղեկացա, որ օրերս «Համո Սահյան» պոեզիայի կենտրոնի լավագույն բարեկամ, ամերիկաբնակ Գագիկ Ասատրյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ ԱՄՆ-ում հրատարակվել է Պոետին նվիրված շքեղ ալբոմ՝ «Ինձ բացակա չդնեք»: