Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի քաղաքապետ. «Մեր բնակիչներին անտերության չեն մատնելու»․ «Ժամանակ»

Փետրվար 13,2021 11:35

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

– Տեսակետ կա, որ եթե արցախցիների կացարանի հետ կապված խնդիրները չլուծվեն, նրանց չկարողանան տեղավորել Արցախում, սոսկալի միգրացիա է լինելու: Այս պահին Շուշիից քանի՞սն են մնացել Հայաստանում, ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած:

– Երևի մեր բնակչության 40 տոկոսը Հայաստանում է: Հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետև անընդհատ գնում են, գալիս: Իհարկե, պետք է մարդկանց կացարանի հարցը լուծվի: Արցախի նախագահը հայտարարել է, որ 2-2,5 տարվա մեջ պետք է մարդկանց կենցաղային հարցերը, այդ թվում՝ կացարանի հարցերը լուծվեն: Այս ընթացքում էլ վարձի գումար են տրամադրում՝ 30 հազար մարդու Հայաստանում, 45 հազար մարդու էլ՝ Արցախում:

– Նախորդ անգամ Դուք նշեցիք, որ շուշեցիները խնդիրներ ունեն, ուտելիքի խնդիր կա, որն այլևս չեն տալիս, կացարաններից հանում են: Հիմա ի՞նչ վիճակ է:

– Այո, համայնքներ կան, որ վիճակը լավ է, բայց համայնքներ էլ կան, որ սնունդ չի տրամադրվում: Հյուրանոցներում էլ արդեն մարդկանց ժամանակ են տալիս, որ դուրս գան: Ինչ հնարավոր է, մենք փորձում ենք անել, աջակցել:

– Պետությունն այս դեպքում ի՞նչ աջակցություն է ցուցաբերում դրսում հայտնվածներին:

– Առայժմ դրսում մնացածներ չկան: Հեռախոսով զանգում են, հարցերը կարգավորում ենք: Երևանում էլ ունենք ներկայացուցիչ Շուշիի հետ կապված: Իրենք էլ փորձում են հարցերին լուծում տալ, դեռ էդպիսի դեպք չկա, որ մարդը դրսում մնացած լինի: Երբ մարդկանց ասում են՝ դուրս եկեք, ժամանակ են տալիս, մենք փորձում ենք ուրիշ տեղ տեղավորել:

– Այսօր Հայաստանում կան հազարավոր արցախցիներ և ոչ միայն Շուշիից, որոնք զրկվել են իրենց տներից: Եթե այդ մարդկանց բնակարանի հարցերը չլուծվեն ոչ ՀՀ-ում, ոչ Արցախում, ի՞նչ խնդրի առաջ կկանգնենք:

– Դե ես լսում եմ, որ պետք է լուծվի, հուսով եմ, որ կլուծվի: Մեկ օրում Մոսկվան չի կառուցվել, բայց աշխատանքներ են կատարվում: Ասում են, որ շուտով հազար բնակարան է կառուցվելու Արցախում, էլի կան այդպիսի ծրագրեր: Այդկերպ փորձելու են հարցը լուծել: Ամեն ինչ ցույց է տալիս, որ հարցը լուծվելու է: Իհարկե, մեր բնակիչներին անտերության չեն մատնելու:

 

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728